Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԻՐԱՆՑԻՆԵՐԻՆ ՆԵՂՈՒՄ ԵՆ

Օգոստոս 31,2010 00:00

Իրանի փոխնախագահի կողմից հնչեցրած հայտարարությունը՝ 100 տարի առաջ Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ, առիթ է դարձել Թուրքիայում իրանցի զբոսաշրջիկների հանդեպ դժվարություններ հարուցելու համար: Իրանի փոխնախագահի այդ հայտարարությունից շատ չանցած, Իրանից Հաքքարի-Էսենդերե մաքսակետով Թուրքիա մտած զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսներին Վանի Բաշքալե շրջանի Բեբլեշինի ժանդարմերիան թույլ չի տվել շարունակել ուղեւորությունը: News.am-ը, վկայակոչելով թուրքական Zaman-ը, փոխանցում է, որ թուրքական ժանդարմերիան պատճառաբանել է, թե զբոսաշրջիկներն իրենց հետ իրանական ապրանքներ են տանում: Ժամերով անցակետում սպասող իրանցի ուղեւորները եւ վարորդները ստիպված բողոքի ակցիա են իրականացրել շրջանի վարչակազմի շենքի դիմաց: Իրանցի վարորդները նշել են, որ իրենք սահմանը եւ դրանից հետո գտնվող 5 անցակետերը հանգիստ անցել են եւ միայն Բեբլեշինի անցակետում են նման խնդրի հանդիպել: Վարորդները պնդել են, որ ուղեւորներն իրենց հետ միրգ եւ սնունդ են տանում, որը տեղավորվում է ամեն անձի համար թույլատրելի 430 եվրո արժողության շրջանակում: Մոտ 300 հոգանոց իրանցիների խմբից 3 հոգի հանդիպել են շրջանի ղեկավար Բիլգեհան Բայարի հետ եւ ներկայացրել խնդիրը: Թուրք պաշտոնյան խոստացել է հարցն ուսումնասիրել եւ համապատասխան հանձնարարականներ տալ:
Հիշեցնենք, որ իր հերթին Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է օրեր առաջ Վանում իրանական ավտոբուսի քարկոծման փաստին՝ նշելով, որ նման դեպքերը զգալի վնաս են հասցնում թուրք-իրանական հարաբերություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել