Թուրքական իշխանությունների հաղորդմամբ, երկրի հյուսիսում տեղի ունեցած սողանքների հետեւանքով ամենաքիչը 12 մարդ է զոհվել: Գոյդողդու քաղաքում փրկարարները տասնյակ մարդկանց տարհանել են իրենց տներից՝ այն բանից հետո, երբ սողանքների հոսքը կտրել է նրանց փրկության բոլոր ճանապարհները: BBC-ի մատուցմամբ, քաղաքում որոշ տներ եւ ավտոմեքենաներ տառացիորեն ծածկվել են կեղտի շերտով, Թուրքիայի սեւծովյա ափամերձ շրջանների ճանապարհների մի մասում երթեւեկությունը դադարեցվել է:
Ըստ աղբյուրի, սողանքների պատճառ են դարձել երկրի Ռիզե նահանգում տեղացած հորդառատ անձրեւները: Թուրքական ԶԼՄ-ները հաղորդում են, թե կան անհետ կորած մարդիկ: Ընդսմին, փրկարարները հայտարարել են, թե իրենց հաջողվել է փլատակների տակից հանել առնվազն յոթ մարդու: Anatolia գործակալության փոխանցմամբ, վերջին 81 տարվա ընթացքում ջրհեղեղների եւ սողանքների պատճառով 585 մարդ է զոհվել: