Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնական տարին սկսվում է

Օգոստոս 31,2010 00:00

Երեկ տեղի ունեցավ հանրակրթական օգոստոսյան խորհրդակցությունների եզրափակիչ հանդիպումը: Մարզերում կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ հանրակրթական խնդիրները քննարկելուց հետո կրթության պատասխանատուները ստացված արդյունքներն ամփոփեցին երեւանյան ամփոփիչ խորհրդակցությամբ:  Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշեց, որ  այս տարի քաղաքային բյուջեի միջոցներով վերանորգվում է 6 դպրոց, նախադպրոցական հաստատություններում ընթացքի մեջ են ջեռուցման համակարգերի շինարարական աշխատանքները:
 Հնչեցին մի քանի վերամբարձ ոճի ելույթներ եւ մի քանի խիստ տեսական զեկուցումներ: Օրինակ՝ թիվ 43 դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանի զեկույցը կրում էր խոհափիլիսոփայական բնույթ, որում հաճախ կարելի էր հանդիպել «Կրթությունը կյանք է», «Պետք է իդեալ կերտենք…» եւ այս ոճի այլ նախադասություններ: Թիվ 100 դպրոցի տնօրենն էլ հպանցիկ խոսեց ներառական կրթության հիմնախնդիրներից: Ապա ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ելույթ ունեցավ, որում նշեց, որ այս տարի ավելի քիչ աշակերտներ ունենք, օրինակ՝ առաջին դասարանցիները թիվը ՀՀ-ում 37039-ն է:
Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի տնօրեն Ա. Հարությունյանը մի քանի խնդիրներ բարձրացրեց. «Ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը Մանկավարժական համալսարանում որակական առումով բավականին ցածր էր եւ չբավարարեց ուսուցիչներին»: Այս մասով նախարարը պատասխանեց. «Այստեղ կա երկկողմանի խնդիր: Մյուս տարվա համար կփորձենք ընտրել վերապատրաստող լավագույն կազմակերպություններին»: Տնօրենը նաեւ փաստեց. «Այս տարի ավագ եւ հիմնական դպրոցների վրա վարժարանների եւ քոլեջների աշխատակիցները հարձակում գործեցին՝ հայտարարելով, թե ավարտելուց հետո միանգամից բուհ են ընդունվելու»: Այս առիթով էլ նախարարն ասաց. «Նույն հարցադրումն անում են քոլեջների եւ վարժարանների տնօրենները: Նախարարությունը մարդկային ռեսուրսների արհեստական բաշխումով չի զբաղվելու, ուստի պետք է ապահովել կրթության ավելի մեծ գրավչություն, մարքեթինգային քաղաքականություն՝ աշակերտներին գրավելու համար»: Կրթության ոլորտում տարբեր խմբավորումների՝ իրար դեմ տարվող «լոբբինգի» մասին խոսելիս էլ նախարարը նշեց. «Այս տարի ավագ դպրոցներում ռուսաց լեզվի դասագիրք չենք հասցնելու ունենալ, քանի որ հեղինակային երկու խմբերը 180 աստիճանով տարբեր գնահատականներ են տվել ներկայացված երկու դասագրքերին՝ ոչնչացնելով իրար: Արդյունքում տուժեցին մեր երեխաները»: Լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարարն ասաց, որ նախարարությունն անում է այն, ինչ խոստանում է: «Առավոտն» էլ նրան հիշեցրեց, որ ժամանակին խոստացել էր պատժել էքստեռնիկներ թողարկած տնօրեններին: Նա ասաց. «Նախարարության ենթակայության տակ գտնվող օրինազանց դպրոցների տնօրեններից երկու հոգի հեռացվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Մնացած տեղեկանքները մենք առաքել ենք ոչ մեր ենթակայության տակ գտնվող դպրոցների մասով համապատասխան մարզպետարաններին եւ Երեւանի քաղաքապետարանին: Պատժամիջոցները, որ պիտի կիրառվեն իրենց կողմից՝ մի քիչ ուշանում են, բայց վստահ եմ, որ մարզպետարանները եւ Երեւանի քաղաքապետարանը կիրականացնեն պետական քաղաքականություն: 6 գործ էլ ուղարկված է դատախազություն»:
Երեւանի քաղաքապետն առաջարկեց  ուսումնական տարվա ընթացքում արդյունավետ աշխատած դպրոցների տնօրեններին պարգեւատրել, իսկ թերացողներին  նկատողություն տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել