Այդպես են աշխատում ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան վարժարանում
Սեւան Դերպեդրոսյանը, Սիլվա Կարայանը եւ Էլլի Անդրեասյանը գոհ են կրթական համաժողովից
Օգոստոսի 18-ին Հայաստանում ավարտվեց Համահայկական 4-րդ կրթական խորհրդաժողովը, որին մասնակցում էին նաեւ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի ներկայացուցիչները: Վերջերս գործունեության 35-ամյակը բոլորած այս դպրոցը դատարկ ձեռքերով չէր եկել խորհրդաժողովի՝ իր հետ բերել էր վարժարանում այս տարվա մարտ-ապրիլին ներդրված տարրական եւ ավագ դպրոցների համար հայերեն լեզվի դասավանդման ծրագիրը՝ հիմնված Կալիֆոռնիայի կրթական չափորոշիչների վրա: «Առավոտը» զրուցեց ԱՄՆ-ում բավականին հարգված այդ դպրոցի (բավական է միայն նշել, որ դպրոցի շրջանավարտները հետագայում ընդունվում են ԱՄՆ հեղինակավոր բուհերը՝ Հարվարդի, Սթենֆորդի համալսարաններ եւ այլն) երեք ներկայացուցիչների՝ դպրոցի ուսումնական խորհրդի ատենապետ եւ հոգաբարձուների խորհրդի փոխատենապետ, դոկտոր Սիլվա Կարայանի, դպրոցի նախկին փոխտնօրեն, հիշյալ ծրագրի պատասխանատու դոկտոր Էլլի Անդրեասյանի եւ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Սեւան Դերպեդրոսյանի հետ:
Մեր հարցին՝ արդյո՞ք խորհրդաժողովն արդարացրեց իրենց սպասելիքները, եւ որքանո՞վ էր այն արդյունավետ, տիկին Կարայանը պատասխանեց. «Ընդհանրապես այս տեսակ խորհրդաժողովներում կխոսվի դասագիրքերուն պակասի մասին, ուսուցիչներուն պակասի մասին, բայց այս մեկը բոլորովին տարբեր էր եւ մեծ հետաքրքրություն ստեղծեց: Այս խորհրդաժողովի ամենակարեւոր նպատակներից մեկը իրարու մասին տեղեկանալն էր եւ ապագա համագործակցության համար կապերի ստեղծումը: Այդ իմաստով շատ արդյունավետ էր, որովհետեւ մենք լավ կապեր ստեղծեցինք սփյուռքի նախարարության, կրթության նախարարության հետ եւ պիտի շարունակենք մեր աշխատանքները: Այցելեցինք նաեւ ՀԲԸՄ-ի Կենտրոնական գրասենյակը, եղանք ՀԲԸՄ Armenian virtual college-ում, հանդիպեցինք ՀՀ վարչապետի հետ, այնպես որ, հիմքեր դրվեցին հետագա ավելի լայն գործակցության»: Մեր դիտարկմանը՝ այսինքն այս համաժողովը «գալոչկայի» համար չէր, ինչպես սովորաբար լինում է, դոկտոր Էլլի Անդրեասյանը պատասխանեց. «Ոչ: Մանավանդ՝ մեր դեպքում, քանի որ դրա համար չէինք եկել: Մենք եկել էինք ներկայացնելու նոր մեթոդների եւ մոտեցումների մի ամբողջական ծրագիր: Սա մի ծրագիր է, որ պիտի ապահովի հայերենի դասավանդման մակարդակի բարձրացումը դրսի դպրոցներում: Մեր դպրոցում արդեն իսկ շատ բարձր մակարդակով է հայերենն ուսուցանվում, բայց այս ծրագրի ներդրումն ավելի է բարձրացնելու հայեցի գիտելիքների դասավանդման մակարդակը: Նպատակն այն է, որ հայերենը լինի նույն դաշտում մյուս առարկաների՝ մաթեմատիկայի, անգլերենի, բնագիտության հետ: Ծրագիրը հիմնված է գիտական հիմունքների վրա՝ Կալիֆոռնիայում լեզվի եւ գրականության դասավանդման չափանիշներով: Մեր նահանգում բոլոր առարկաների դասավանդման համար չափորոշիչներ են գրված: Եվ այս ծրագրի շնորհիվ հիմա հայերենն էլ կհետեւի այդ չափորոշիչներին: Մեր դպրոցը ամերիկյան կառավարության կողմից որակավորված է, եւ երբ գան ստուգումների, արդեն կտեսնեն, որ հայերենն էլ է նահանգի կրթական չափորոշիչներով աշխատում»: Դոկտոր Կարայանի խոսքերով՝ նախկինում հայերենի դասավանդումը ինչ-որ իմաստով սիրողական մակարդակի վրա էր. «Այն ժամանակ կըսեին՝ հայերենի ուսուցիչն առաքյալ է, հայերեն դասավանդիլը հերոսություն է… Այո, այդ ամենը ճիշտ է, սակայն ժամանակն էր, որ հայերենի դասավանդումն ավելի բարձր հիմքերու, ավելի պրոֆեսիոնալ մակարդակի վրա դրվեր, եւ այդ նպատակով ստեղծվեց այս ծրագիրը: Այժմ հայերենի դասատուներն ալ կարող են ըսել, որ ստանդարտներով են աշխատում, եւ ոչ միայն առաքյալ են, այլեւ պրոֆեսիոնալ անձ մը, որ բարձր մակարդակով դասավանդում են հայերենը»:
Մեր հետաքրքրությանը՝ եղա՞ն արձագանքներ այլ երկրների դպրոցներից, ցանկություն հայտնեցի՞ն ծրագիրը ներառելու, դոկտոր Կարայանը պատասխանեց. «Բոլորին, անխտիր բոլորին այդ ծրագիրը գրավեց, անմիջապես ուզեցին օրինակը ունենալ, մեզ հետ կապի մեջ լինել: Պարսկաստանի, Անգլիայի, Եգիպտոսի, Իսպանիայի, Արգենտինայի ուսուցիչներն այնքան խանդավառվեցան, որ բոլորն ալ ուզեցին այս ծրագրի օրինակն ունենալ»:
Սեւան Դերպեդրոսյանը, որը համաժողովին ներկայացրել էր ծրագրի կիրառման օրինակներ, ասաց, որ ծրագրի ստեղծման համար շնորհակալ են ՀԲԸՄ «Երվանդ Բաբայան» հետազոտությունների եւ զարգացման մանկավարժական ինստիտուտին, առանց որի հովանավորության՝ դժվար թե այն իրականացվեր: Տիկին Կարայանը, որ California Lutheran համալսարանի պրոֆեսոր է, նաեւ ՀԲԸՄ 100-ամյակի առթիվ հիմադրված «Երվանդ Բաբայան» մանկավարժական հիմնարկի տնօրենն է: Այս կազմակերպությունը ներկայումս իրականացնում է 10 տարբեր ծրագրեր, եւ հայաստանյան համաժողովին ներկայացված ծրագիրը այդ 10-ից միայն մեկն է: Կա նաեւ «ազգանվիրումի ծրագիր», որը միտված է հայ երիտասարդներին իբրեւ առաջնորդ պատրաստելուն: Իրականացվում են ուսուցիչների վերապատրաստման, ծնողների կրթության եւ ալ ծրագրեր: Դոկտոր Կարայանի խոսքերով՝ առաջիկայում նախատեսվում է նաեւ Հայկական կրթական կոնգրեսի կազմակերպում, որին կհրավիրվեն ԱՄՆ-ում գործող հայկական դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, հոգաբարձուներ, շրջանավարտներ եւ աշակերտներ: Կոնգրեսի ընթացքում վեր կհանվեն հայկական դպրոցների առջեւ ծառացած խնդիրները՝ այս բոլոր խավերի աչքերով: Ապա կհետազոտվեն Կոնգրեսի արդյունքները, եւ ըստ այդմ կգծագրվեն զարգացման ուղիներ:
Ինչ վերաբերում է կոնկրետ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցին, ապա տիկին Կարայանը կարեւորում էր նաեւ երեխաների հետ դպրոցից դուրս տարվող աշխատանքը. «Մենք հպարտ ենք, որ արտադասարանային հսկայական աշխատանք կկատարինք հայ ոգին պահելու, հայեցի դաստիարակությունը մեր աշակերտների մեջ զորացնելու իմաստով: Ամեն ամառ մեր նախաավարտական դասարանի աշակերտները 12 օրով կգան Հայաստան եւ հայ ոգին ամրապնդած կվերադառնան ու վերջին տարին, որ կսորվին, իրենց փորձառությունը կբաժնին մյուս աշակերտներու հետ: Հայաստանից վերադառնալեն ետք նրանք իրենց ավելի հայ կզգան: Մենք կուզինք այդ ծրագիրը ավելի ընդարձակիլ՝ սկսած ենք ինտերնշիփերու մասին մտածիլ, որ գան այստեղ անցկացնեն իրենց ինտերնշիփերը»:
Տիկին Անդրիասյանը, որ Հայաստանից 35 տարի առաջ ԱՄՆ տեղափոխվելուց հետո մշտապես աշխատել է Հայ բարեգործական ընդհանուր միության վարժարաններում, այդ թվում՝ երկար տարիներ եղել է Մանուկյան-Դեմիրճյանի փոխտնօրենը, ասաց, որ ՀԲԸՄ-ն ներկայումս ունի 33 մեկօրյա եւ ամենօրյա դպրոցներ ամբողջ աշխարհում՝ այդ թվում Կանադայում, Եվրոպայում, Արգենտինայում եւ ԱՄՆ-ում: Դոկտոր Անդրիասյանն ասաց, որ Մանուկյան-Դեմիրճյանում երեխաները հայերեն անցնում են շաբաթական 6 ժամ՝ 15 տարի շարունակ: Կրթությունն այնտեղ սկսվում է նախակրթարանից՝ 2 տարեկանից, եւ շարունակվում է մինչեւ երեխայի 17 տարեկան դառնալը: Այնպես որ, ինչպես նկատեց փորձառու մանկավարժը, երեխան, եթե նույնիսկ միջին սովորի, 15 տարվա մեջ հայ է դառնում: Այդուհանդերձ, այժմ շատ ավելի դժվար է, քանի որ եթե մեկ-երկու սերունդ առաջ դպրոց էին ընդունվում հայախոս ընտանիքների զավակները, ապա արդեն իսկ հայ երիտասարդ ընտանիքներում անգլերենն է դարձել խոսակցական լեզուն, եւ հային հայ պահողը մնացել է դպրոցը եւ համայնքը:
Սեւան Դերպետրոսյանը, որ վերջին անգամ Հայաստան էր այցելել դեռ ԽՍՀՄ տարիներին՝ որպես սիրիահայ «սկաութ», շատ տպավորված էր Հայրենիքից. «Իսկապես շատ տպավորիչ եւ հպարտալի պատկեր մըն էր Հայաստանի երիտասարդներուն համար: Ումին որ հանդիպեցա, աչքերուն մեջ ձգտում եւ փայլ կար: Շատ հաճելի էր, երբ տեսնում էի, որ ամեն տեղ ամեն գործի մեջ բոլորը երիտասարդներ են: Սա շատ լավ է հայրենիքի համար: Շատ դրական փորձառություն էր, անչափ տպավորված եմ Հայաստանով եւ գալ տարի անպայման պիտի այցելեմ ընտանիքիս հետ»: