Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հակաքայլը

Օգոստոս 31,2010 00:00

Ինչ պետք է հակադրել «թուրքական շոուին»

Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացման առիթով հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացման հետ կապված խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան լավ կազմակերպված թուրքական շոու: Նման կարծիք է հայտնել Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով թուրքական կողմից վերջին շրջանում հնչող հայտարարությունները, թե Հայաստանում սեպտեմբերի 11-17-ն անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների առիթով հնարավոր է Թուրքիայի կողմից հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացում: «Այդ մասին հիմնականում խոսում են Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները, ԱԳՆ ներկայացուցիչները: Իմ կարծիքով, սա ընդամենը հստակ կազմակերպված շոու է»,- նշել է պատգամավորը:
Չհամաձայնել նրա հետ՝ մի քիչ դժվար է: Բայց նաեւ հարց է առաջանում, թե ինչ է հակադրում Հայաստանը թուրքական այդ շոուին: Վերջիվերջո՝ մենք երկի՞ր ենք, թե՞ «սպասողական վիճակ»: Հավանաբար հենց «սպասողական վիճակ» ենք, ամորֆ մի բան, որի համար միեւնույն է, թե թուրքերը որ դռնից կբարեհաճեն մտնել մեր տուն: Հասկացանք, որ զորավարժությունները ՆԱՏՕ-ի կազմակերպածն են, եւ Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է ու պիտի մասնակցի այդ զորավարժություններին: Իսկ մենք, որ ՆԱՏՕ-ի հետ զանազան արիշվերիշների մեջ ենք ու հասել ենք այնտեղ, որ այդ ազդեցիկ համաշխարհային ալյանսը զորավարժություններ է անցկացնում մեր երկրում, կարո՞ղ ենք նրա ղեկավարությանը մի թեթեւ անհանգստություն փոխանցել այն մասին, որ մենք այնքան էլ նպատակահարմար չենք գտնում թուրք ռազմական մասնագետների ու ստորաբաժանման ներկայությունն այդ զորավարժություններին: Պատճառ չունե՞նք անհանգստանալու: Ինչքան ուզես, բայց, չգիտես ինչու, չենք անհանգստանում: Թողնում ենք, որ մի բան էլ թուրքերը որոշեն, թե որ ճանապարհով է ավելի հարմար Հայաստան գալ:
Ի դեպ՝ շոուի մասին: Ես ավելի հակված եմ մտածելու, որ համապատասխան հարթության մեջ թուրքերի արածին ոչ թե շոու, այլ քաղաքականություն են ասում: Կգան Վրաստանո՞վ՝ կհայտարարեն, որ անլուծելի խնդիրները անհնարին դարձրին սահմանի նույնիսկ մի քանի ակնթարթով բացումը: Կգան Կարս-Գյումրի գծո՞վ՝ կասեն, որ իրենց համար խնդիր չէ սահմանը անհրաժեշտության դեպքում բացելը: Հետաքրքիր է՝ ո՞ր տարբերակի համար ինչպիսի գործակիցներ կսահմանեն TOTO-ի մասնագետները: Ու մենք անխռով խաղում ենք այս խաղը՝ չնկատելով, որ խաղադրույքներ են արվում մեզ վրա:
Ես մի առաջարկ ունեմ, որի գործադրման դեպքում թուրքական քարոզչամեքենան ոչինչ չի կարողանա հակադրել: Ահա իմ առաջարկը՝ պետք է նրանց հիշեցնել այն աշնանային օրը, եթե չեմ սխալվում՝ սեպտեմբերյան նույն օրերն էին, երբ ՀՀ նախագահն էր գնում Թուրքիա, ով նախապես հայտարարել էր, որ Թուրքիա կգնա կամ բաց սահմանով, կամ՝ եթե կողմերը մոտ լինեն այն բացելու որոշմանը: Այն ժամանակ թուրքերը քեֆ չքաշեցին գոնե ձեւականորեն բացել սահմանը, այսինքն՝ «մատ» արեցին թե TOTO-ին եւ թե համաշխարհային հանրությանը, ով պատրաստվում էր խաղադրույք անել բաց սահմանի օգտին: Այսօր մատ անելու հերթը մերն է: Կամ թուրքերը Հայաստան կարող են գալ Վրաստանի ճանապարհով, կամ կարող են ընդհանրապես չգալ: Այս հայտարարությունը, ճիշտ է, չի բխում Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի շահերից, բայց TOTO-ի մասնագետներին կստիպի դարձյալ գործի անցնել: Հա, մեկ էլ մեզ մի քանի տոկոսի շահույթ բաժին հանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել