Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՏԵՂ ԵՍ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՈՒՍԱՆՈՂ ԵՄ

Օգոստոս 31,2010 00:00

Խոստովանություն, որը կարելի է դիտել նաեւ որպես բաց նամակ Հայաստանի կրթական համակարգի բոլոր պատասխանատուներին:

\"\"
Դասերն այնքան շատ են, որ Անին կարդում է նաեւ ավտոբուսում:

Ես՝ Անի Հակոբյանս, 2008 թ. ավարտել եմ ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ներկայումս սովորում եմ Ֆրանսիայի Փարիզ-2 համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: Հպարտ եմ, որ ՈՒՍԱՆՈՂ եմ, վստահ եմ, որ արհեստավարժ մասնագետ եմ լինելու, ուրախ եմ, որ մոռացվում է Երեւանում սովորելու ժամանակ ունեցած հիասթափությունս: Բայց խորանում է տարակուսանքս՝ ինչո՞ւ են այդքան տարբեր կրթական համակարգերը իմ Հայրենիքում եւ Ֆրանսիայում: Որոշեցի մտահոգություններս փոխանցել նաեւ ձեզ՝ համեմատելով երկու ուսումնական հաստատությունները, որտեղ սովորել եմ եւ հիմա սովորում եմ:
Համեմատությունս, կարծես, տեղին է: Երկուսն էլ պետական բուհեր են, մերը «Մայր բուհ» պատվավոր կոչումն է կրում, Փարիզ-2-ը Ֆրանսիայում լավագույնն է իրավաբանության ոլորտում: Երկուսի դիպլոմներն էլ, ինչպես ընդունված է ասել՝ «հարգի են»: Սակայն, ցավոք, ընդհանրություններն այստեղ ավարտվում են: ԵՊՀ-ից հիշողությանս մեջ մնացել է մի երկար-անվերջ (երբեմն հետաքրքիր եւ պետքական, իսկ հաճախ՝ ոչ) դասախոսություն: Եվ ես հիմա էլ չեմ պատկերացնում, թե այդ երկար-անվերջ դասախոսությունների շնորհիվ ստացած տեսական գիտելիքները (ասենք՝ ազատագրական շարժումների դիվանագիտությունը) ինչպե՞ս պետք է կիրառեմ: Ճիշտ է, որոշ դասախոսներ, այսպես կոչված, «սեմինարներ» էին կազմակերպում, երբ մի ուսանող անգիր արած մի թեմա էր արտասանում, իսկ մյուսները հորանջում էին: Սա էր մեր ամբողջ ուսման պրոցեսը: Այնինչ Ֆրանսիայում դասախոսությանը պարտադիր հետեւում են գործնական պարապմունքներ՝ 20-25 հոգանոց խմբերով: Նաեւ պարբերաբար ռեֆերատներ ենք գրում, մասնագիտական վարժություններ կատարում: Փարիզում քննարկումներին մասնակցում ենք բոլորս. խոսիր, անգամ եթե ճիշտ չես, ոչինչ, քեզ կուղղեն, բայց լուռ նստելու իրավունք չունես: Չեմ ցանկանում վիրավորել ԵՊՀ-ի մեր ֆակուլտետի դասախոսներին (շնորհակալ եմ շատերից), բայց չեմ կարող չասել, որ ԵՊՀ-ում դասախոսների մի մեծ զանգվածը ընդամենը դասախոսություն կարդացող են, տեսականը ներկայացնող, ուրիշ ոչինչ: Փարիզ 2-ում դասախոսների ճնշող մեծամասնությունը տվյալ բնագավառի, իմ դեպքում՝ իրավաբանության գործող մասնագետներ են՝ իրավաբաններ, սենատորներ, դատավորներ, դասագրքերի հեղինակներ: Եվ նրանց տված գիտելիքն էլ էապես տարբերվում է մեր դասախոսի տված գիտելիքից, եւ նրանց պահանջներն են այլ: Այստեղ՝ անգիր արա եւ քննություններին վերարտադրի դասախոսիդ կամ ինչ-որ հեղինակի մտքերը (մտածելը պարտադիր չէ), «արտասահմանում»՝ հասկացիր, վերլուծիր, համեմատիր, զարգացրու, վիճաբանիր, կիրառիր: Այլապես դրական թվանշան չես ստանա:
Փարիզում արդեն իսկ առաջին կիսամյակից հետո հասկացա, որ իսկապես իրավաբան եմ: Ինչո՞ւ: Որովհետեւ դասախոսներիս հետ ամիսը երկու անգամ այցելում եմ տարբեր դատավարությունների, ծանոթանում ընթացքին, դատապաշտպանի մարտավարությանը, օրենքի կիրառման օրինակներին: Իսկ Երեւանո՞ւմ: Չորս տարվա ընթացքում ոչ մի այց ԱԳՆ կամ որեւէ միջազգային կառույցի երեւանյան գրասենյակ: Ոչ մի դասախոսություն կամ գոնե հանդիպում նախարարության նույնիսկ բաժնի վարիչի հետ, էլ չեմ ասում գործող դեսպանի կամ փոխնախարարի: Մի՞թե դա զավեշտ չէ: Մի անգամ նույնիսկ իմ նախաձեռնությամբ գնացի ԱԳՆ՝ ցանկանալով այնտեղ պրակտիկա անցնել, եւ ստացա չոր պատասխան՝ ուսանողների համար որեւէ բան նախատեսված չէ: Փարիզ-2-ում առանց պրակտիկա անցնելու (3 ամսից ոչ պակաս) ուսանողը դիպլոմ չի կարող ստանալ:
Համեմատեմ մեկ այլ ոլորտ: Սովորելու համար լավ գրականությունը պարտադիր է: Ցավոք, մեր համալսարանի գրադարանը աղքատիկ է, գրքերի մեծ մասը խորհրդային տարիների է եւ, բնականաբար՝ չթարգմանված: Այսինքն՝ նախ կատարում ես թարգմանչի տիտանական աշխատանք, իսկ հետո էլ հասկանում ես, որ գրվածը այսօրվա պահանջներին, իրավիճակին չի համապատասխանում: Միգուցե ամոթ է խոստովանել, բայց ԵՊՀ-ի գրադարանում եղել եմ երկու-երեք անգամ, քանի որ գրքերը պատվիրելու համակարգը շատ բարդ է, իմ մասնագիտության գրքերը հիմնականում բացակայում են, եւ երկար սպասելուց հետո, միեւնույն է, մերժում էի ստանում: Փարիզում համալսարանի գրքերով լեցուն գրադարան այցելում եմ գրեթե ամեն օր: Գիրք պատվիրելու կարիք չկա, գիրքը գտնում եմ ինքս, վերցնում ցանկացած պահին եւ աշխատում: Եթե անհրաժեշտություն կա գիրքը տուն տանելու, դա նույնպես անում եմ առանց որեւէ մեկի օգնության, ուսանողական պլաստիկ քարտի միջոցով:
Սակայն միգուցե դա՞ չի կարեւորը: Ի վերջո, ժամանակի հետ գրադարանն էլ է կարելի տեխնիկապես վերազինել, դասավանդման հայեցակարգն էլ փոխել: Իսկ դասախոս-ուսանող հարաբերություննե՞րը: Որեւէ մեկը կվիճի՞ ինձ հետ, որ ԵՊՀ-ում կաշառքը, «շնորհակալությունը», «նվերը» սովորական, երբեմն անգամ բացահայտ երեւույթներ են: Ֆրանսիայում դա, իհարկե, անհնարին է: Մեր «մայր բուհում» դասախոսը կարող է մեկ-երկու ժամով ուշանալ ստուգարքից, ընդհանրապես չգալ դասախոսության եւ այդ մասին տեղյակ չպահել ուսանողին: Տարրական բան է կարծես, բայց շատ խորհրդանշական: Փարիզում իր ապագա բացակայության մասին դասախոսը զգուշացնում է մեկ շաբաթ առաջ, այդ մասին նույնիսկ հայտարարություն է փակցվում: Եվ ընդհանրապես դասախոսների հետ մեր ունեցած կապը էապես տարբերվում է այստեղ եւ այնտեղ: Փարիզում ես, օրինակ, կարող եմ ցանկացած պահի էլեկտրոնային նամակ ուղարկել դասախոսին եւ շատ կարճ ժամանակում ստանալ սպառիչ պատասխան: Դասախոսի վերաբերմունքը ուսանողին, որպես ազատ քաղաքացու, որպես ապագա գործընկերոջ, իսկապես ոգեշնչում է, պարտավորեցնում:
Եվս մի տհաճ բուհական «ավանդույթի» մասին, որը Ֆրանսիայում պատկերացնել հնարավոր չէ: Նկատի ունեմ, որ մեր երկրում իշխանամետ քաղաքական ուժերի կողմնակից լինելը, նրանց նախընտրական շտաբներում աշխատելը նույնիսկ կասկածելի մտավոր ունակությունների տեր ուսանողին կարող է առավելություն տալ՝ դասից բացակայել, բարձր գնահատական ստանալ եւ այլն: Ֆրանսիայում ազատ ես քաղաքականությամբ զբաղվելու կամ չզբաղվելու հարցում, սակայն դա որեւէ ազդեցություն քո համալսարանական կյանքի վրա ունենալ չի կարող: Ազատ ես՝ համալսարանի պատերից դուրս: Իսկ պատերի ներսում դու ընդամենը ուսանող ես, անկախ նրանից՝ պատգամավորի որդի ես եւ զտարյուն ֆրանսիացի՞, թե՞ Թունիսից եկած ոչ շատ ապահով ընտանիքից արաբուհի (ի դեպ, Սորբոնի իրավաբանական ֆակուլտետում սովորում է նախագահ Սարկոզիի կրտսեր որդին, որն անցյալ տարի նույն կուրսում էր մնացել): Իսկ ուսանողական կազմակերպությունները զբաղվում են միմիայն ուսանողների շահերի պաշտպանությամբ:
Ուսանողն այստեղ արժեք է, արտոնյալ խավ, օգտվում է բազմաթիվ զեղչերից՝ տրանսպորտի, թատրոնի, թանգարանի, նույնիսկ որոշ ռեստորանների: Իսկ մեզ մոտ ամոթ է նույնիսկ վերհիշել, որ պատճենահանումը համալսարանի շենքում ավելի թանկ էր, քան դրսի «քսերոքսի կետերում»: Ավելորդ չէ նաեւ հիշեցնել, որ Փարիզ-2-ում ուսումն անվճար է, սակայն ընդունվածների միայն մոտ 25 տոկոսն է ավարտում բակալավրիատը: Ոչ արժանին այստեղ դիպլոմ չի ստանում: ԵՊՀ-ում հակառակն էր՝ ուսումը մեծամասնության համար վճարովի է, բայց դու տես, որ առաջին կուրսում մենք 75 ուսանող էինք, իսկ դիպլոմ ստացավ 100-ից ավելի «միջազգային հարաբերությունների մասնագետ»: Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են:
Ասում են, Փարիզը տոն է, որը միշտ քեզ հետ է: Միգուցե, բայց առայժմ ոչ ինձ համար: Դասախոսություններ, վարժություններ, գրադարան, տրանսպորտ, որում եւս ստիպված ես կարդալ, իսկ երեկոյան պիտի հասցնես խանութ մտնել (արդեն գիտես, թե որոնք են ամենաէժանը), հետո ընթրիք պատրաստել, ռեֆերատը վերջացնել, ինտերնետով անգլերենի ստուգարքը հանձնել, շաբաթը երկու-երեք անգամ էլ տանտիրուհու (ում մոտ փոքրիկ սենյակ եմ վարձակալում) դպրոցական թոռնիկին օգնել, որ իր տնային աշխատանքները կատարի (բախտս բերել է, որ այդպիսի գործ է «կպել», ամեն պարապմունքի համար 10 եվրո եմ տատիկից ստանում), հետո գոնե մի քանի ժամ քնել, որովհետեւ 6-ին պետք է արթնանաս եւ 7.45-ին արդեն դասասենյակում լինես: Բայց ես երջանիկ եմ ու հպարտ, որովհետեւ ՈՒՍԱՆՈՂ եմ, ապագա մասնագետ, պատասխանատվություն եմ զգում, որովհետեւ միակն եմ Հայաստանից այս ֆակուլտետում, ուրախ եմ, որ մոռացել եմ Երեւանում սովորելու ժամանակ ունեցած հիասթափությունս: Բայց, միաժամանակ, տխուր եմ: Եվ գրածիցս հետո, կարծում եմ, կարիք չկա բացատրելու, թե ինչու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել