Նորից 1000 դրամ են դարձրել
Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչները բողոքել էին, որ տրանսպորտով Վրաստան՝ մուտքի եւ ելքի պետական տուրքը՝ նախկին 1000 դրամի փոխարեն, դարձել է 2000 դրամ: «Առավոտում» անցած ամիս նյութ հրապարակվեց այս մասին: Արձագանքը չուշացավ: Այժմ կրկին հարեւան հանրապետություն ելումուտի տուրքը 1000 դրամ է:
Երդվենք եւ օրհնվենք
միասին
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը Իջեւանում կայացած ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ սեպտեմբերի 1-ին դպրոցներում լինելու է միասնական երդում, տնօրենները ուսուցիչների հետ երդվելու են: Իսկ հաջորդ տարի կերդվեն միայն նրանք, ովքեր, որպես ուսուցիչ, առաջին անգամ են դպրոց մտնելու: «Սեպտեմբերի 1-ին մենք բոլորս՝ կրթության ոլորտի աշխատողներս, պետք է որեւէ խմբում երդում տանք: Սա մանկավարժների երդում է եւ ոչ թե կոնկրետ հաստիքով ուսուցիչների»,- հավելեց Մանուկ Մկրտչյանը:
Ի դեպ, օգոստոսի 31-ին, ժամը 14-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ընդունելու է Հայաստանի բոլոր մարզերից մանկավարժների խմբերի: Կաթողիկոսը կօրհնի մանկավարժներին, վերջում կլինի հյուրասիրություն: Մանուկ Մկրտչյանի խոսքերով, առաջին անգամ է, որ Սուրբ Էջմիածնում նոր ուսումնական տարվա նախօրեին նման միջոցառում է կազմակերպվում:
Նոր ուստարին՝
հին դասագրքերով
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մելիքյանը Իջեւանում ուսուցիչների խորհրդակցության ժամանակ նշեց, որ այս տարի առանձնացված ավագ դպրոցներում, որոնք հոսքային ուսուցում ունեն, բոլոր բնագիտական առարկաների գծով հումանիտար հոսքերի դասագրքեր չեն լինելու: Որովհետեւ մրցույթին ներկայացված դասագրքերը չեն ընտրվել: «Որոշվեց չունենալ դասագիրք, հներով յոլա գնալ, քան թե ունենալ վատ դասագիրք, եւ դրանով 4 տարի ուսուցանել: Չի լինելու նաեւ ռուսաց լեզվի դասագիրք՝ խորացված ուսուցման հոսքերի համար»,- ասաց պարոն Մելիքյանը: