Պետությունը փոխհատուցում չի տալու, քանզի կարծում է, որ մեղավորը գյուղացիներն են
Հունիսի 9-ին «Ժանտախտի դեպքերն ավելացել են» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Լոռու մարզում 2010 թվականի մարտ-հունիս ամիսներին խոզերի աֆրիկյան Ժանտախտ հիվանդության 88 դեպք է գրանցվել, որից 23-ը՝ Դեբեդ, մնացածը՝ Դսեղ համայնքում: Դրանից հետո աֆրիկյան ժանտախտի դեպքեր չէին գրանցվել: Ցավոք, մեկ շաբաթ առաջ կրկին ահազանգ է հնչել Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնում՝ հիվանդության նոր օջախներ են գրանցվել Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Լորուտ եւ Մարց համայնքներում: Արդեն սատկել կամ հարկադիր սպանդի է ենթարկվել Լորուտում՝ 120, Մարցում՝ 40 խոզ:
Օգոստոսին գրանցված դեպքերի մասին Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Համլետ Վիրաբյանը շուտ էր կանխազգացել՝ փորձն է ցույց տալիս:
Մանցի եւ Լորուտի բնակիչների կարծիքով, հունիսին աֆրիկյան ժանտախտը չհասավ իրենց համայնքներ, քանի որ սարամասային արոտի սեզոնն սկսվել էր եւ առողջ խոզերի գլխաքանակը գյուղից հեռու սարերում էր: Իսկ համայնքապետերը մտավախություն ունեն, որ կկրկնվի 2007 թվականի պատմությունը, եւ կոչնչացվի խոզերի ողջ գլխաքանակը: «Տուժողը գյուղացին է, ամբողջ տարին պահում է, չարչարվում, հաշվարկում, որ թանկ սեզոնին կծախի, մի ցավի ոտ կոտրի, գեղի մեծ մասը վարկ է վերցրել խոզերի հաշվին, բայց ոնց որ թե քաշվել ենք, էլի»,- ասում են հուսահատ գյուղացիները: «Էս արդեն 10 օր է՝ գյուղացիները մոլորվել են, ոչ գիտեն սարի խոզերը գյուղ բերեն, ոչ էլ թողեն սարում, մարդիկ չգիտեն որտեղ իրենց խոզը կփրկվի»,- գյուղացիների խոսքը շարունակում է Մարց եւ Լորուտ գյուղերի հարեւան Շամուտ համայնքի գյուղապետ Բաղիշ Վանյանը, իսկ Մարցի համայնքապետ Ռոբերտ Գալստյանն էլ կարծում է, որ հիվանդության բռնկման դեպքում փրկություն չի լինի. «Գյուղացիները փորձ ունեին, շուտ գլխի ընկան եւ բռնկում չեղավ, հինգ տնտեսության վնաս եղավ, բայց գուցե անասնաբուժական կենտրոնի ասածները անելով՝ խուսափենք բռնկումից»: Լորուտի համայնքապետ Հրաչյա Սահակյանն էլ կարծում է, որ բնակիչների մեղքով է հիվանդությունը տարածվում, գյուղացին չի համաձայնում փակ տարածքում պահել խոզերին: Գյուղացիներն էլ զարմացած ու զայրացած են. «Բա էլ ինչի ենք խոզ պահում, հեշտ են ասում, գալիս են, առողջ անասունին էլ են ուզում սպանդի ենթարկել, նրանց գործն էլ էդ է, ուզում են փրկեն, բայց կարող ա նա չհիվանդանա էլ»: Մինչդեռ Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Համլետ Վիրաբյանի հավաստմամբ, հիվանդության բռնկման օջախում առկա բոլոր անասուններն էլ վարակակիր են եւ ենթակա են հարկադիր սպանդի: Համլետ Վիրաբյանի համոզմամբ, գյուղերում անկված կենդանիները սահմանված չափորոշիչներով խորության վրա չեն հորում: Վարակի տարածմանը նպաստում է նաեւ կարանտինային կետերի բացակայությունը: Սակայն այսօր-վաղը անասնաբույժները կլինեն տեղում, եւ կլուծվի կարանտինային կետերի տեղադրման հարցը:
Վարակված գյուղերի հաջորդ հարեւան՝ Ահնիձոր համայնքում դեռեւս աֆրիկյան ժանտախտի դեպքեր չեն գրանցվել, թեկուզեւ գյուղացիները խոզերին փակ տարածքում չեն պահում. «Մարդ կա՝ 50-60 խոզ ունի, էս սեզոնին գոմերում պահելու հնարավորություն չկա, մեզ մոտ դեռ կարանտին էլ չի, բայց պետք է մի միջոց ձեռնարկենք, որ վարակը մեր գյուղ չհասնի»,- ասում է Ահնիձորի գյուղապետ Վանիկ Քառյանը:
Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն էլ մարզի խորհրդի նիստի ժամանակ գյուղապետերին հանձնարարեց հետեւողական լինել, որովհետեւ պետության կողմից որեւէ աջակցություն չի լինելու գյուղացուն. «Ուշադիր եղեք այդ խնդրի նկատմամբ, պետության կողմից փոխհատուցում չի լինելու, որովհետեւ հիմնականում համայնքի բնակիչների մեղքով է տարածվում ժանտախտը»:
Հ. Գ. Մեր տեղեկություններով, Թալինի շրջանի գյուղերում էլ, հատկապես Իրինդ գյուղում բրուցելոզ կա: Անասուններին մորթում են ու միսը վաճառում, նույնիսկ՝ մայրաքաղաք են բերում ու հանձնում խանութներին, սուպերմարկետներին: Շրջանում արդեն բրուցելոզով վարակված հիվանդներ կան, այդ թվում՝ մանկահասակ երեխաներ: