Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավո Ֆ.Մ.Հ.»-ն հակընդդեմ հայց էր ներկայացրել

Օգոստոս 31,2010 00:00

Այս անգամ նիստը հետաձգվեց, որ բոլորն այդ հայցին ծանոթանան

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի դեմ հերթական նիստն էր: Հայց ներկայացնողը Ալբերտ Բաբաջանյանն էր, որը «Ավո Ֆ.Մ.Հ.»-ից պահանջում է պատշաճ կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները եւ թույլ տված թերությունների համար տուգանք վճարել: Այս եւ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ից տուժածների թեմային «Առավոտն» արդեն մի քանի անգամ անդրադարձել է (27.04.2010.թ., 09.06.2010թ., 26.06.2010թ.):
Նշենք, որ Ա. Բաբաջանյանի եւ ընդհանրապես Հյուսիսային պողոտայում կառուցապատում իրականացնող «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի դեմ գործերն անընդհատ հետաձգվում են:
Երեկ էլ կայացած նիստը դատավոր Գ. Խանդանյանը կրկին հետաձգեց, սակայն այս անգամ դրա պատճառը նախորդների պես անհիմն չէր թվում՝ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ն հակընդդեմ հայց էր ներկայացրել դատարան, որով պահանջում էր Ալբերտ Բաբաջանյանի հետ իրենց կնքված պայմանագրում փոփոխություններ կատարել եւ հիմնական պայմանագիր կնքել: Հակընդդեմ հայցի մասին ծանուցող «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի նամակը չէր հասել ոչ դատավորին, ոչ էլ Ա. Բաբաջանյանին ու նրա փաստաբանին: Իսկ նամակը Ա. Բաբաջանյանին չէր հասել այն պարզ պատճառով, որ ուղարկվել էր հին հասցեով՝ Աբովյան 4/6, բնակարան 3, որն այժմ իրացվել է եւ տեղը «Ավո Ֆ.Մ.Հ.»-ն նոր բազմաբնակարան շենք է կառուցել: Դատարանին չհասնելու պատճառն էլ, ըստ դատավորի, այն էր, որ նամակն ուղարկվել է օգոստոսի 25-ին. «Մեջտեղն էլ շաբաթ-կիրակի է եղել, այսքան շուտ չէր հասնի»: Հենց այդ նամակին ծանոթանալու համար էլ դատարանը 2-շաբաթյա ժամանակ հատկացրեց:
Հիշեցնենք, որ Ա. Բաբաջանյանը նախկինում բնակվել է Աբովյան 4/6 հասցեում, որը պետական կարիքների համար իրացվել է եւ տրվել «Ավո Ֆ.Մ.Հ.»-ին, վերջինս էլ պարտավորվել է տարածքի նախկին բնակիչ Ա. Բաբաջանյանին հանձնել իր կողմից կառուցվող բնակելի շենքի 2-րդ հարկից 50 քմ ընդհանուր մակերեսով բնակարան` 25 ամիսների ընթացքում: Պայմանագիրը կնքվել է 2008 թվականին, որով պայմանագրի կատարման վերջնաժամկետ է սահմանվել նույն թվականի դեկտեմբերի 31-ը, բայց մինչեւ այժմ այդ բնակարանը սեփականատիրոջը դեռ չի հանձնվել, թեեւ բնակարանի բանալին վերջինիս մոտ է: Հաշվի առնելով այն, որ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ն յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար Ալբերտ Բաբաջանյանին պետք է վճարեր տուգանք` կառուցվող բնակարանի տվյալ պահին գոյություն ունեցող շուկայական արժեքի 0.1 %-ի չափով, ինչը չի արել, բնակարանատերը դիմել է դատարան: Հայցվորը հաշվարկել է, որ այսքան ամիսների համար «Ավո Ֆ.Մ.Հ.»-ն իրեն պետք է վճարի 17 միլիոն դրամի չափ գումար:
Հենց այս պահանջին չհամաձայնելով էր «Ավո Ֆ.Մ.Հ.»-ն որոշել հակընդդեմ հայց ներկայացնել դատարան՝ գտնելով, որ այդ պահանջն անհիմն է, ոչ իրավաչափ եւ ենթակա է մերժման, քանի որ Ա. Բաբաջանյանն ինքն է անհիմն կարգով հրաժարվում հիմնական պայմանագիր կնքելուց եւ ձգձգում պայմանագրի կնքման ժամկետը:
Նշենք նաեւ, որ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի դեմ հայց են ներկայացրել շենքի այլ բնակիչներ եւս, որոնք նույնպես դժգոհում են կառուցապատողի բացթողումներից: Այս ամենը հաշվի առնելով էլ, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը կառավարությանն առաջարկել էր որոշ բնակիչների՝ «Ավո Ֆ.Մ.Հ.»-ի հետ ունեցած պայմանագրում հօգուտ բնակիչների փոփոխություններ անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել