Արաբկիր վարչական շրջանի նախկին աշխատակիցը չի կարողանում հրաժեշտ տալ իր պաշտոնին
Մեր երկրում որեւէ պետական կառույցում նույնիսկ թեթեւ պաշտոնը շատերի համար որոշակի առավելություններ ունենալու եւ լայն հնարավորություններ ձեռք բերելու ակնկալիք է: Ուստի պաշտոն ձեռք բերելու համար ոմանք ինչի ասես, որ չեն դիմում:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հարություն Խաչատրյանի քրոջ՝ Հասմիկ Խաչատրյանի համար պաշտոն ունենալն այն աստիճան սեւեռուն միտք է դարձել, որ անգամ առանց աշխատանքի ընդունվելու պաշտոնական հրամանի՝ ամեն օր աշխատանքի է գնում եղբոր ղեկավարած կառույցում: Մեր տեղեկություններով, այն օրերից, երբ պարոն Խաչատրյանը զբաղեցնում է, այսպես ասած՝ փոխթաղապետի պաշտոնը, նրա քույրն էլ աչք է դրել սոցիալական ապահովության, առողջապահության եւ ծրագրերի բաժնի պետի պաշտոնի վրա: Որոշ ժամանակ զբաղեցնելով այդ պաշտոնը, տիկին Խաչատրյանը 2 անգամ համայնքային ծառայողի քննություն է հանձնել ու չի անցել: Սակայն այս հանգամանքը տիկին Խաչատրյանին հուսահատ չի արել. նա նույն ջանասիրությամբ աշխատում է այդ բաժնում, կոորդինացնում այդ ոլորտի մի շարք խնդիրներ: «Առավոտի» աղբյուրների փոխանցմամբ՝ տիկին Խաչատրյանը ամառային ճամբարում հանգստացող երեխաների ցուցակն է կազմել, ընդ որում՝ բացի Արաբկիրի շրջանից, որոշ երեխաներ է ընդգրկել նաեւ Նորքի զանգվածից: Քննություններից կտրվելուց հետո, Հասմիկ Խաչատրյանի անունը գրասենյակի ցուցատախտակից ջնջել են, բայց դա էլ տիկին Խաչատրյանին ետ չի պահել իր սիրելի պաշտոնը զբաղեցնելու մոլուցքից: Նա գրեթե ամեն օր գնում է թաղապետարան՝ որպես բաժնի պետ, չնայած այսօր բաժնի ժամանակավոր պաշտոնակատարը Լորենա Ավագյանն է: Մեր տեղեկություններով՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Համլետ Մարգարյանը տիկին Հասմիկին հորդորել է չերեւալ թաղապետարանում, մինչեւ տեսնեն՝ ինչ կարող են անել:
Ճշտելու համար, արդյոք տիկին Խաչատրյանը գնո՞ւմ է աշխատանքի, մենք զանգեցինք Արաբկիր վարչական շրջան եւ ներկայացանք որպես քաղաքացի: Բաժնի աշխատակիցները համառորեն ուզում էին իմանալ, թե ով է զանգողը, որն այդքան մեծ ցանկություն ունի զրուցել Հասմիկ Խաչատրյանի հետ: Մեզ վստահեցրին, որ նա վարչական շրջանի աշխատող չէ, բայց մեկ-մեկ գալիս-գնում է: Ինչ վերաբերում է ամառային ճամբարում հանգստացողների ցուցակում այլ համայնքից երեխա ընդգրկելու փաստին, բաժնի աշխատակիցը, որը ներկայացավ Թերեզա, վստահեցրեց, որ այդ ցուցակներն ինքն է կազմել. «Հիմնականում Արաբկիրի երեխաներին ենք ուղարկում, բայց եթե ազատ տեղ է լինում, հնարավոր է եւ այլ համայնքներից ընդգրկենք: Երբեմն նման դեպքեր լինում են»:
Այս առնչությամբ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Համլետ Մարգարյանն «Առավոտին» վստահեցրեց, որ Հասմիկ Խաչատրյանն ազատված է աշխատանքից եւ չի վճարվում. «Նա ժամանակին աշխատել է այդ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Հետո համայնքային ծառայողի մրցույթը չի անցել, ինչի հիման վրա էլ մայիսի 27-ին հրաման է տրվել պայմանագիրը լուծարել»: Ինչ վերաբերում է Հասմիկ Խաչատրյանի դե ֆակտո աշխատանքի գնալուն, պարոն Մարգարյան ասաց. «Կարող է մտնի շենք, գնա սենյակ, աղջիկներին բարեւի, դա այլ բան է: Բայց ինքը չի աշխատում, չի վճարվում, այդ հաստիքը թափուր է: Մենք չենք էլ կարող գրավոր նկատողություն անել, քանի որ մեր աշխատողը չէ: Դե ասել եմ, որ ցանկալի չէ երեւա»: