Լրահոս
Օրվա լրահոսը

Խուզարկության մասին որոշում չի եղել

Օգոստոս 31,2010 00:00

Գործն իրար վրա են գցում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպությունը մինչ օրս չի կարողանում բողոքարկել իր հաղորդմանն ի պատասխան Լոռու մարզի դատախազության գրությունը, քանի որ, ըստ օրենքի, դատական կարգով բողոքարկման ենթակա են որոշումները եւ ոչ թե գրությունը:
Թեեւ այս տարվա ապրիլին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր իրավապաշտպան կազմակերպության հայցն ընդդեմ Լոռու մարզի դատախազության անգործության, այն է՝ Լոռու մարզի դատախազությունը պարտավորվել էր օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնել եւ դրա պատճենը ներկայացնել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած իրավապաշտպան կազմակերպությանը, այնուամենայնիվ, գործը ձգձգվում է:
Հիշեցնենք, որ անցած տարվա օգոստոսին իր խախտված իրավունքները պաշտպանելու համար իրավապաշտպան կազմակերպություն էր դիմել վանաձորաբնակ Շուշանիկ Սարգսյանը:
Շուշանիկը պատմել էր, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժանմունքի քննիչ Վ. Դոլմազյանն ու ոստիկանության երեք աշխատակիցներն անօրինաբար խուզարկել են իր բնակարանը: Երբ ինքը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժին՝ ստանալու իրեն հուզող հարցերի պատասխանները, ստացել է հետեւյալ պատասխան-գրությունը. «Ձեր բնակարանում խուզարկություն չի կատարվել»:
Իրավապաշտպան կազմակերպությունը դիմում էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ստանալու բնակարանի խուզարկության թույլտվության դատարանի որոշման պատճենը: Պարզվել է՝ բնակարանի խուզարկության թույլտվության մասին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում չի կայացրել:
Քննիչի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման մասին իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ինչն էլ մակագրվել է Լոռու մարզի դատախազություն: Լոռու մարզի դատախազությունն օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, սակայն, չի կայացրել եւ դրա պատճենը չի ներկայացրել հանցագործության մասին հաղորդում ներկայացրած իրավապաշտպան կազմակերպությանը:
Փոխարենը Լոռու մարզի դատախազը ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռիի քննչական բաժնի քննիչի գործողությունների վերաբերյալ իրավապաշտպան կազմակերպության՝ դատախազություն ներկայացրած հաղորդմանը գրությամբ պատասխանել էր, որ քննիչ Վ. Դոլմազյանը վանաձորցի Շուշանիկ Սարգսյանի բնակարանի խուզարկման ժամանակ անօրինականություններ թույլ չի տվել, որ հանցակազմ քննիչի գործողություններում չկա:
Մանրամասները՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել