Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՍԳԻՇԵՐԻՆ

Օգոստոս 31,2010 00:00

\"\"
Դեպքի վայրը՝ տեղազննության ժամանակ:

Օգոստոսի 28-ի առավոտյան ժամը 6-ին շտապօգնության թիվ 2 ենթակայանի բժիշկները քաղաքացիներից ստացած ահազանգով մեկնել են Լենինգրադյան փողոց, ուր «Սեբաստիա» հյուրանոցի մոտ հայտնաբերել են երիտասարդ տղամարդու դիակ՝ կրծքավանդակին կտրած-ծակած վերքով եւ այդ մասին ահազանգել ոստիկանության Մաշտոցի բաժին: Նշված վայր են մեկնել ոստիկանության Երեւան քաղաքի, քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունների եւ Մաշտոցի ոստիկանության բաժնի աշխատակիցները՝ իրենց հետ բերելով անգամ վարժեցված շների: Պարզվել է, որ տեղի է ունեցել սպանություն: Սպանվածը 21-ամյա Հայկ Սասունիկի Պետրոսյանն է, որը բնակվում էր Երեւանի Ծերենցի 2-րդ նրբանցքում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն): Նույն օրվա երեկոյան ոստիկանությունը պարզել է, որ Հայկ Պետրոսյանին դանակահարել է 55-ամյա Գառնիկ Սամսոնի Առաքելյանը, որը բնակվում է Երեւանի Սիսակյան 2 հասցեում գտնվող հանրակացարանում: Ոստիկանության աշխատակիցները նրան հայտնաբերել եւ ներկայացրել են Մաշտոցի քննչական բաժին, որտեղ էլ նա ձերբակալվել է եւ, մեր տեղեկություններով, այսօր արդեն քննչական մարմինը դիմելու է Աջափնյակ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Գառնիկ Առաքելյանի նկատմամբ կիրառվի խափանման միջոց կալանքը:
Մինչ ձերբակալված Առաքելյանը հանցանքի վայրում ոստիկանության աշխատակիցներին պատմում էր եղելությունը, այս անգամ արդեն «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկացնում են, որ ազդրին կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Բաշինջաղյան 155 տան բնակիչ՝ 30-ամյա Գոռ Պետրոսյանը: Հիվանդանոց մեկնած քննչական խումբը պարզում է, որ Գոռ Պետրոսյանի մարմնական վնասվածքներ ստանալը կապված է Հայկ Պետրոսյանի սպանության հետ: Հայկը եւ Գոռը ազգականներ են: Մեր տեղեկություններով, Գոռ Պետրոսյանին դանակահարել է Հայկ Պետրոսյանին սպանած Գառնիկ Առաքելյանի որդին՝ 27-ամյա Վիլեն Առաքելյանը: Վիլեն Առաքելյանը քննչական մարմնի կողմից ստորագրությամբ բաց է թողնվել, սակայն նրան կալանավորելու միջնորդությամբ հավանաբար քննիչը կդիմի այն ժամանակ, երբ կստանա վիրավոր Գոռ Պետրոսյանի վերաբերյալ դատաբժշկի եզրակացությունը:
Երեկ մենք եղանք սպանության վայրում: Մեզ հետ զրույցում բնակիչները պատմում էին, որ օգոստոսի լույս 28-ին, ժամը 4-ի սահմաններում, հանրակացարանի բակում հայհոյանքներ են լսել, ինչից հետո հայր եւ որդի Առաքելյաններն իջել են բակ եւ փորձել կարգի հրավիրել հայհոյողներին, որոնք, ըստ բնակիչների, անկհայտ անսթափ վիճակում էին եւ սկսել են հայհոյել նաեւ իրենց կարգի հրավիրող անձանց: Իրար չհասկանալու արդյունքում է, որ Հայկ Պետրոսյանը սպանվել է, իսկ Գոռ Պետրոսյանը՝ վիրավորվել (ով, ի դեպ, բժշիկների օգնությանն է դիմել միայն հաջորդ օրը կեսօրին, երբ զգացել է, որ իր վիճակը ծանրանում է):
Իսկ թե ո՞վ է մեղավոր մերօրյա «Մի կաթիլ մեղր» հիշեցնող այս պատմության մեջ, կորոշեն իրավապահ մարմինները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել