Դատախազությունը միջնորդեց դատապարտել 9,5 տարվա ազատազրկման
«Ես փող աշխատելու 400 միջոց գիտեմ»: Հայտնի ֆիլմի հերոսի այս արտահայտությունը «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության «Գորիս» մասնաճյուղի կառավարիչ Հովիկ Բախշյանը հավանաբար փորձել էր յուրովի իրագործել: Բանկի կողմից մասնաճյուղին հատկացված վարկային միջոցները հափշտակելու, անձնական նպատակների համար տնօրինելու դիտավորությամբ, Հ. Բախշյանը օգտագործելով բանկի նախկին հաճախորդների, իր կողմից փաստացի ղեկավարվող «Պայծառ ապագա» ՍՊ ընկերության նախկին եւ ներկա աշխատակիցների եւ այլ քաղաքացիների վերաբերյալ՝ բանկում եւ ընկերությունում առկա փաստաթղթերը, 2006 թվականի նոյեմբերի 29-ից մինչեւ 2008 թվականի սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում 95 անձանց եւ «Պայծառ ապագա» ՍՊ ընկերության անվամբ պատրաստել է անշարժ գույքի սեփականության կեղծ վկայագրեր, տրանսպորտային միջոցների ժամանակավոր գրանցման կեղծ վկայականներ, «վարկառուների» աշխատավարձերի եւ եկամուտների, ինչպես նաեւ անշարժ գույքի գնահատման վերաբերյալ կեղծ տեղեկանքներ: Օգտագործելով մասնաճյուղի կառավարչի իր պաշտոնը, Բախշյանը կարգադրում է մասնաճյուղի վարկային բաժնի եւ հաշվապահության աշխատակիցներին կազմել կեղծ վարկային գործեր եւ դրանց հիման վրա համապատասխան գրավոր կարգադրություններ նախապատրաստել ու վարկային միջոցներ ելքագրել։ Աշխատակիցները չընդդիմանալով իրենց ղեկավարի հրամաններին, ինչպես նաեւ նրան հաճոյանալու եւ լավ հարաբերություններ պահպանելու անձնական շահագրգռությունից ելնելով, իրար հետեւից սկսում են ձեւակերպել վարկային գործերը, ընդհանուր թվով 96 վարկային գործ՝ 673.786.604 դրամ գումարի չափով:
Կանխիկացնելով այդ գումարները, Բախշյանը դրանք օգտագործում է անձնական նպատակներով, ներդրում իր կողմից ղեկավարվող ընկերություններում, ծավալում տարբեր բնույթի տնտեսական գործունեություն:
Ինչպես ասում են՝ կենացները գնալով քաղցրանում են, մասնաճյուղի կառավարիչը նորանոր ծրագրեր է մտածում՝ գումարներ դուրս գրելու եւ հափշտակելու: 2009 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում, մասնաճյուղի հաճախորդ «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲ ընկերության հաշվեհամարից առանց ստորագրման եւ կնիքի կեղծ մեմորիալ օրդերների եւ վճարային հանձնարարագրերի միջոցով Բախշյանը ստանում եւ հափշտակում է եւս 137 մլն դրամ, ընդ որում՝ դրանից 53 մլն դրամը ստանում է «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲ ընկերության հաշվեհամարից նույն բանկում սպասարկվող՝ «Զանգեզուր-95» ՍՊ ընկերության, «ԷՑՇ» ԲԲ ընկերության եւ «Անապատ-2» արտադրական կոոպերատիվի հաշվեհամարներին համապատասխանաբար 17 մլն, 18 մլն եւ 18 մլն դրամ փոխանցելու եւ կեղծ մեմորիալ օրդերներով կանխիկացնելու միջոցով:
Հափշտակության փաստը թաքցնելու, քողարկելու, հափշտակության արդյունքում «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲ ընկերության հաշվեհամարի գումարը պակաս լինելու հետեւանքով նշված ընկերության ներկայացրած 143 մլն դրամի փոխանցման հանձնարարագիրը կատարելու նպատակով 2009 թվականի մարտի 31-ին Հ. Բախշյանը, իր կողմից փաստացի ղեկավարվող «Պայծառ ապագա» եւ «Բերրիություն» ընկերությունների անվամբ կրկին ձեւակերպում է ընդհանուր 245 մլն դրամի երկու կեղծ վարկեր, որոնց գումարից 137 մլն դրամն առանց ստորագրության, կեղծ օրդերներով մուտքագրում է «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ հաշվեհամարին, 257.000 դրամը մուտքագրում է բանկ, որպես վարկային գումարի մարում, իսկ մնացածը տնօրինում այլ նպատակներով։
Հովիկ Բախշյանը իր կողմից նշված կեղծ վարկերի ձեւակերպումների արդյունքում հասցնում է օրինականացնել հանցավոր ճանապարհով ստացած եկամուտները, որի արդյունքում «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերությանը պատճառում է 693.808.812,
70 մլն դրամ գումարի գույքային վնաս: Նախաքննական մարմինը Հ. Բախշյանին մեղադրանք առաջադրելով առանձնապես խոշոր չափերի՝ 918.786.604 դրամ գումար յուրացնելու եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները՝ առանձնապես խոշոր չափերի՝ 496.863.500,42 դրամ գումարն օրինականացնելու (լվանալու) մեջ, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ բանկի մյուս աշխատակիցներին, ովքեր կատարել էին Բախշյանի կարգադրությունները, մեղադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, քրեական գործը ուղարկեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
2010 թվականի օգոստոսի 10-ին դատարանի դատավճռով «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության «Գորիս» մասնաճյուղի կառավարիչ Հովիկ Բախշյանը դատապարտվեց ազատազրկման 9 տարի 6 ամիս ժամկետով, իսկ աշխատակիցների նկատմամբ կիրառվեց Ազգային ժողովի կողմից 2009թ. հուլիսի 19-ին ընդունված համաներման մասին որոշումը: