Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է սեպտեմբերի 17-ին համապետական հանրահավաք անցկացնելու իր նախաձեռնության մասին:
Օգոստոսի 30-ին, առավոտյան ժամը 9.00-ին, Կոնգրեսն ի պաշտոնե դիմել է Երեւանի քաղաքապետարանին՝ իրազեկելով սեպտեմբերին կայանալիք հանրահավաքի մասին: Իրազեկումը ներկայացրել է Հայոց համազգային շարժումը: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի փոխանցմամբ, իրազեկման հանձնման պահին քաղաքապետարանում՝ հայտարարությունների փակցման տեղում սեպտեմբերի 17-ի համար պետական (այդ թվում՝ Երեւանի քաղաքապետարանի) կամ ոչ պետական մարմինների, կամ կազմակերպությունների կողմից որեւէ այլ միջոցառման մասին ծանուցում չի եղել: «Սա նշանակում է, որ, համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ միջոցառման արգելման հիմք գոյություն չի կարող ունենալ»,- երեկ արձանագրել է Կոնգրեսը: