Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփական դիմումով դուրս է եկել ԱԺՄ-ից

Օգոստոս 31,2010 00:00

Նախկին ԱԺՄ-ականն այժմ «Սարդարապատ» շարժման նախաձեռնած ԱԺ պետաիրավական հարցերի
հանձնաժողովի նախագահն է:

Արտավազդ Վարդանյանը, որը ժամանակին 2008թ. մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում ներկայացնում էր ԱԺՄ-ն՝ վերջերս վարում էր «Սարդարապատ» շարժման նախաձեռնած Ազգային խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նիստը: Եվ մեզ հայտնեց, որ ղեկավարում է այդ հանձնաժողովը, սակայն «Սարդարապատ» շարժման անդամ չէ՝ գոնե առայժմ:
Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» խորհրդարանական հանձնաժողովին անդամակցելիս Արտավազդ Վարդանյանը պարբերաբար այսօրինակ հարցադրումներ էր ներկայացնում. ասենք, երբ 2008 թվականի սեպտեմբերի 26-ի նիստին հրավիրվել էր Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը՝ նրանից հետաքրքրվեց, թե արդյոք հնարավոր չէ՞ դիակների դեմքի արտահայտությունից որոշել՝ նրանք հարձակողակա՞ն դիրքում են եղել, թե՞ պաշտպանողական: Երբ Շոթա Վարդանյանն այդ նիստում հայտարարեց, թե մարտի 1-ին «Ա1+»-ի նկարած կադրերում առկա ծնոտը «երիտասարդ խոճկորի է», քանի որ «Ատամները փնջային ատամ են՝ 3 ատամը միասին են երեւում, որը միայն խոզի մոտ է լինում»՝ Արտավազդ Վարդանյանը հարցրեց. «Բացառություններ չե՞ն լինում»: Իսկ երբ նիստին հրավիրվել էր այդ արյունոտ տեսարանները նկարահանած «Ա1+»-ի օպերատորը՝ ԱԺՄ ներկայացուցիչը նրանից հետաքրքրվեց, թե արյունը չի՞ շոշափել՝ սա՞ռն էր, թե՞ տաք:
Նրա այս հարցադրումները (գոնե հրապարակավ) չէին առաջացնում իր ներկայացրած կուսակցության հակազդեցությունը: Բայց երբ Արտավազդ Վարդանյանն առանց կուսակցության հետ համաձայնեցնելու չստորագրեց խորհրդարանական հանձնաժողովի նախապատրաստած եզրակացությունը եւ հանդես եկավ սեփական զեկույցով՝ նրան ԱԺՄ-ից հեռացնելու հարց առաջադրվեց: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասել էր. «Ինքը մեր ներկայացուցիչն է այնտեղ ու մեզ չի ներկայացրել փաստաթուղթը, այն չի քննարկվել մեզ մոտ, ինքն ընդունել է ինքնուրույն որոշում, որն իր իրավասությունից դուրս էր»: Հավելել է, թե Արտավազդ Վարդանյանի համար «ուղղակի սա հնարավորություն էր իր վրա ուշադրություն գրավելու: Այդ փոքր մարդկային թուլությունն է իր մեջ խոսել»: Բայց ի վերջո ԱԺՄ վարչության նիստում քննարկումից հետո որոշվեց, թե պրն Վարդանյանն ուղղակի կարգապահական խախտում է թույլ տվել: Նշենք նաեւ, որ նա շուրջ 15 տարի է, ինչ անդամակցում էր ԱԺՄ-ին:
Արտավազդ Վարդանյանն այժմ «Առավոտին» պատմեց. «Հեռացման հարցը խմորվում էր: Բայց դիմում գրեցի՝ ինքս դուրս եկա: Ճիշտ է, կար այդ պատճառաբանությունը, որ ես դեմ էի՝ չէի ստորագրել «Մարտի 1-ի» խորհրդարանական հանձնաժողովի եզրակացությունը: Բայց առաջին հերթին դիմում գրեցի մի պատճառով, որովհետեւ ես խորհրդի նիստ հրավիրեցի կուսակցությունում՝ պահանջելով քննարկել հայ-թուրքական արձանագրությունները: Համոզված էի, որ ԱԺՄ-ում դա չի ընդունվի: Բայց դե՝ հասկանալի պատճառներով, չհրավիրվեց խորհրդի նիստ: Ես մարզեր էի զանգել շատերին ու ասում էի՝ տղերք, նաեւ դուք պահանջեք, որ խորհրդի նիստ հրավիրվի: Բայց տեսա, որ կուսակցությունը չի ուզում խորհրդի նիստ հրավիրել: Դրանից հետո հասկացա, որ արդեն անիմաստ է»: Հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների պատճառով ԱԺՄ-ից նաեւ հեռացավ կուսակցության հիմնադիր անդամներից մեկը՝ Լյուդվիգ Խաչատրյանը: «Այդ հարցն ինձ համար շատ մեծ նշանակություն ուներ՝ ես ԱԺՄ մտել եմ՝ նաեւ մտածելով, որ Վազգեն Մանուկյանն այն առաջնորդներից է, որի օրոք մենք ազգային հարցերում առաջընթաց ենք ունենալու: Բայց սա միանշանակ հետընթաց էր»,- ասաց Արտավազդ Վարդանյանը:
Հայտնենք, որ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն այժմ չցանկացավ պատասխանել իր նախկին կուսակցին վերաբերող հարցերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել