Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՇԱՆԱԿԱԼԻ Է

Օգոստոս 31,2010 00:00

Գրել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ Հին Ջուղայում հայկական խաչքարերի ոչնչացման վերաբերյալ նամակին ի պատասխան:

\"\"
Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է ԵԽ-ին «տեղում տեսնել ադրբեջանական վանդալիզմի իրական դեմքը»:

Այս տարվա ապրիլի 29-ին Եվրոպական խորհրդարանի բելգիացի պատգամավոր Բարթ Սթայսը «Ադրբեջանում հայկական ժառանգության ոչնչացումը» խորագրով հետեւյալ գրավոր հարցն էր ուղղել Եվրոպական հանձնաժողովին. «Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է 1992թ.-ի հունիսից: Ավելին, ԵՄ-ը համագործակցության ու գործընկերության պայմանագիր ունի Ադրբեջանի հետ դեռեւս 1999թ.-ից: Ջուլֆայում՝ Նախիջեւանի գավառում (Երնջակ շրջանում), կա մի դարավոր հայկական գերեզմանոց: Թեեւ գավառը կցվել է Ադրբեջանին, հայերն այնտեղ ապրել են դարեր շարունակ, ու նրանք եւս թաղված են այնտեղ: 1998թ.-ի նոյեմբերին Ադրբեջանի իշխանությունները սկսեցին քանդել գերեզմանոցը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ի վիճակի էր միայն ժամանակավորապես դադարեցնել այս վանդալիզմը: 2005թ.-ին գերեզմանոցը փաստացի քանդվել էր: Պատմականորեն կարեւոր գերեզմանաքարերը ոչնչացվել էին ձեռքերով ու մեքենաներով եւ գործածվել որպես շինանյութ: 2006-ի մարտի սկզբին ողջ տարածքը վերածվեց ռազմատարածքի: Հազարավոր մարդկանց աճյունները պարունակող նախկին գերեզմանոցի գործածման փոփոխությունը վկայում է Ադրբեջանի իշխանությունների բարոյական գիտակցության պակասի մասին:
Արդյոք հանձնաժողովը տեղյա՞կ է այս փաստերին: Արդյոք հանձնաժողովը մտածո՞ւմ է գործողություններ ձեռք առնել համագործակցության պայմանագրի շրջանակում եւ բացատրություն պահանջել Ադրբեջանից: Հանձնաժողովը նպատակ ունի՞ արդյոք հարկադրել Ադրբեջանի իշխանություններին վերականգնել այդ ժառանգության տեղամասը (օրինակ՝ հանրության համար բացելով այդ տեղամասն ու տեղադրելով հուշարձան): Ինչպիսի՞ գործողություններ են հնարավոր ու պետք է ձեռնարկվեն, որ այսպիսի միջադեպեր այլեւս չկրկնվեն հետագայում»:
Եվրոպական միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հունիսի 18-ին Եվրոպական հանձնաժողովի անունից հետեւյալ պատասխանն է տվել այս նամակին. «Հանձնաժողովը տեղյակ է Ադրբեջանի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում գտնվող Ջուլֆայի գերեզմանոցի իրադրության մասին:
ԵՄ եւ Ադրբեջանի միջեւ 10 տարվա Գործընկերության ու Համագործակցության պայմանագրի 76-րդ հոդվածը նախատեսում է համագործակցություն մշակույթի բնագավառում՝ ներառյալ «Հուշարձանների եւ պատմական վայրերի պահպանությունն ու պաշտպանությունը»: 2010-ի մայիսի 10-ին Արտաքին Գործերի Խորհուրդը կանոններ սահմանեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի, առողջության, վերապատրաստման, կրթության եւ երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության ու տեսալսողական քաղաքականության, ինչպես նաեւ Գիտության եւ տեխնոլոգիայի ենթահանձնաժողովի ստեղծման մասին: Այս ենթահանձնաժողովը լինելու է մի կարեւոր ֆորում մշակութային համագործակցության, այդ թվում՝ մշակութային ժառանգության պահպանման կարեւորության քննարկման համար: Ակնկալվում է, որ այս նոր ենթահանձնաժողովի առաջին հանդիպումը տեղի կունենա մինչեւ 2010-ի ավարտը: Բացի այդ՝ պարզ է, որ ԵՄ-ն Հարավային Կովկասի երկրների հետ իր հարաբերություններում շարունակում է ընդգծել մշակութային ու կրոնական բազմազանության, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սկզբունքների նկատմամբ հարգանքի նշանակալիությունը: Այս սկզբունքները Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության ներկա քաղաքականության մասն են կազմում ու լինելու են ԵՄ ու Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի միջեւ նոր ասոցիացիայի պայմանագրերի ստեղծման վերաբերյալ բանակցությունների կենտրոնում»:
Հայաստանի ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը օգոստոսի 19-ին նամակներ է հղել Բարթ Սթայսին ու Շտեֆան Ֆյուլեին: Նախ մեջբերենք վերջինիս ուղղված նամակից, որտեղ նա հիշեցրել է 2006 թվականին Եվրոպական խորհրդարանի ընդունած թիվ 2004/2166 բանաձեւի 67-րդ կետը. «Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին վերջ դնել հայկական միջնադարյան գերեզմանոցների եւ Հարավային Նախիջեւանի պատմական խաչքարերի ոչնչացմանը, ինչը խախտում է 1993 թվականին այդ երկրի վավերացրած՝ «ՑՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային եւ բնական համաշխարհային ժառանգության պահպանման մասին» կոնվենցիայի պայմանները»: Նաիրա Զոհրաբյանն այս հիշեցմանը հավելել է. «Մենք ցավում ենք, որ նախապես որոշված դիտորդական առաքելությունը, որը պիտի ուղարկվեր Նախիջեւան՝ տեղի չունեցավ, ինչը հնարավորություն կտար տեղում տեսնելու ադրբեջանական վանդալիզմի իրական դեմքն ու գնահատական տալու մերօրյա վանդալներին»: Եվ կրկին կարեւորել է Եվրոպական խորհրդարանի կողմից դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը։ «Իսկ եթե մի երկիր, որը հայտարարելով եվրոպական իր ձգտման մասին՝ փոշուն է հավասարեցնում մեկ այլ ժողովրդի մշակութային արժեքները, ապա թույլ տվեք մեծապես կասկածել տվյալ երկրի եվրոպական ձգտման անկեղծության վրա,- գրել է Նաիրա Զոհրաբյանը:- Երբ հանցագործները մնում են անպատիժ, եւ նրանց արարքը համապատասխան գնահատականի չի արժանանում՝ դա ծնում է նորանոր հանցագործություններ»:
Իսկ Բարթ Սթայսին նամակում նա շնորհակալություն է հայտնել «Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ Նախիջեւանում կատարված մշակութային եղեռնի հարցը Եվրախորհրդարանում բարձրացնելու» համար. «Իրապես, նման ոճրագործությունները անպայմանորեն պետք է դատապարտվեն՝ դրանց կրկնությունը բացառելու համար։ Այն, ինչ արվեց Նախիջեւանում, կրկին համայն աշխարհին ի ցույց դրեց Ադրբեջանի վայրագ իշխանության իրական դեմքը։ Դա նույն ձեռագիրն է, որը գործեց Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում։ Եվ եթե հայաբնակ այդ վայրերում Բաքվի իշխանությունը մարդկային սպանդ կազմակերպեց՝ մորթելով ու կենդանի այրելով հազարավոր հայերի, ապա Նախիջեւանում նույն ձեռքը ոչնչացրեց հայկական գերեզմանոցը՝ հողին հավասարեցնելով հայկական հինավուրց խաչքարերը»: Նաիրա Զոհրաբյանը նամակը եզրափակել է այսպես. «Միասին ձեռնարկենք հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի Ադրբեջանի կողմից Նախիջեւանում իրականացված վանդալիզմի հարցը լրջորեն քննարկվի Եվրախորհրդարանում եւ ուղարկվի համապատասխան դիտորդական առաքելություն։ Ձեր իրապես շնորհակալ գործի համար պատրաստ ենք տրամադրել ցանկացած փաստական նյութ եւ լրացուցիչ տեղեկատվություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել