Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1»-ԻՑ ԱՆՑԱՎ 2,5 ՏԱՐԻ

Օգոստոս 31,2010 00:00

\"\"Իսկ զոհերի հարազատները մտադիր են կրկին դիմել ԵԽԽՎ-ին

2008թ. «մարտիմեկյան» իրադարձություններից 2,5 տարի է անցել, բայց մինչ օրս էլ բացահայտված չեն ո՛չ Երեւանի կենտրոնում ոստիկանության կողմից սպանված ՀՀ առնվազն 9 քաղաքացիների մահվան հանգամանքները եւ ո՛չ էլ սպանությունների մեջ մեղավոր անձինք են իրենց արժանի պատիժը ստացել: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում արդեն 2,5 տարի է՝ պնդում են, թե գործի նախաքննությունն ընթանում է: Թե որքան ժամանակ է պետք, որ մեր իրավապահներն ու իշխանությունները խոստովանեն, որ անկարող են կամ պարզապես չեն ուզում բացահայտել այս գործերը՝ դժվար է ասել: Այս գործերով, այսպես կոչված, ողջամիտ ժամկետները վաղուց անցել են, բայց ՀՔԾ-ն, հակադարձելով «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների կողմից ընդհանուր իրավասության ու նաեւ Վերաքննիչ դատարաններում իրեն ուղղված «անգործություն դրսեւորելու» մեղադրանքներին, պնդում է, թե «հատուկ քննչականը» օրնիբուն աշխատում է սպանությունների հանգամանքներն ու մեղավորներին բացահայտելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում ոստիկանության ուժերի կողմից «Չերյոմուխա 7» միջոցի կիրառման արդյունքում սպանվել էին ՀՀ քաղաքացիներ Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանն ու Արմեն Ֆարմանյանը: Զաքար Հովհաննիսյանը, Դավիթ Պետրոսյանը, Գրիգոր Գեւորգյանը, Հովհաննես Հովհաննիսյանն ու Սամվել Հարությունյանը եւս սպանվել էին ոստիկանների կողմից՝ հրազենի կիրառման արդյունքում: Ե՛վ ընդհանուր իրավասության, ե՛ւ Վերաքննիչ դատարանները մերժեցին «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների հայցերը, որոնցով վիճարկվում էր ՀՔԾ-ի անգործությունը եւ փոխհատուցման պահանջ էր ներկայացվում:
«Մարտիմեկյան» իրադարձությունների զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ Վճռաբեկ դատարան են ներկայացվել եւ մուտք են արվել 9 զոհերի իրավահաջորդների բողոքներն ընդդեմ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման: Բայց թե երբ Վճռաբեկը որոշում կկայացնի գործը վարույթ ընդունելու կամ այն մերժելու մասին՝ հայտնի չէ: Այս համատեքստում էլ «ողջամիտ ժամկետ» ասվածը ռեզինի պես կարելի է ձգել ու ձգել: «Երբ ուզեն, ոնց ուզեն՝ կպատասխանեն: Օրենքն ասում է՝ ողջամիտ ժամկետում, իսկ ողջամիտ ժամկետը այնքան է, որքան նրանք ուզում են: Ինձ համար ողջամիտ ժամկետը 2 ամիսն է, բայց իրենց ո՞վ կարող է մի բան հարցնել կամ ասել: Իրենք Վճռաբեկ են, ինչ ուզեն՝ կանեն: Երբ էլ պատասխանեն՝ իրենց համար կլինի «ողջամիտ ժամկետում»,- ասաց Զեյնալյանը: Ասել է թե՝ զոհերի հարազատներն ու նրանց ներկայացուցիչները դեռ սպասումի մեջ են: Բայց, անկախ Վճռաբեկի որեւէ որոշումից, նրանք հայաստանյան դատական համակարգի հետ որեւէ հույս չեն կապում: «Հայաստանում մեր անելիքը Վճռաբեկով կավարտենք. ինչ հնարավոր էր անել այս երկրում՝ արել ենք»,- փաստեց Զեյնալյանը:
Հայաստանյան արդարադատության հետ որեւէ հույս չի կապում նաեւ զոհերից մեկի՝ Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը: Նա արդեն, երեւի, հոգնել է անընդհատ ասելուց՝ «ես որեւէ հույս չէի կապում ո՛չ ընդհանուր իրավասության, ո՛չ Վերաքննիչ դատարանի հետ, այժմ էլ հույսեր չեմ փայփայում, որ Վճռաբեկ դատարանը արդար լուծում կտա մեր պահանջներին եւ այդ գործին»: Ս. Քլոյանի ասելով, ինքն ու զոհերի մյուս հարազատները եւս հույսով սպասում են հաջորդ փուլին՝ ՄԻ Եվրոպական դատարան դիմելուն: «Իշխանություններն արդեն ապացուցել են, որ «Մարտի 1»-ի զոհերի հանգամանքները հետաքննելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու որեւէ ցանկություն չունեն»,- ասաց Ս. Քլոյանը: Զրուցեցինք նաեւ սպանված զինծառայող Տիգրան Աբգարյանի մոր՝ տիկին Ռուզանի հետ: «Ոչ մի հույս չունեմ, ոչինչ էլ չի լինելու, եւ ընդհանրապես՝ հիասթափված եմ բոլորից: Այս կառավարությունը մեզ համար ոչինչ չի անում, եւ որքան հասկացա՝ չի էլ պատրաստվում որեւէ բան անել»,- ասաց տիկին Ռուզանը: Ինչպես պարզեցինք, զոհերից որեւէ մեկի ծնողն ու հարազատը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել եւ սպասել ՀՔԾ-ի «բացահայտումներին»: 10 զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, ասաց, որ մինչեւ ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը մտադիր են կրկին դիմել ՀՀ-ում ԵԽԽՎ ներկայացուցչությանը. «Սեպտեմբերի 1-ին լրանում է այդ դեպքերի 2,5 տարին: Մտադիր ենք այդ օրը երթով գնալ ԵԽԽՎ գրասենյակ եւ դիմում-բողոք ներկայացնել»: Ի դեպ, սա բացառապես զոհերի ծնողների նախաձեռնությունն է: Տիկին Ալլան արդեն դիմումի տեքստը պատրաստել է եւ, թերեւս, այսօր կներկայացնի մյուս 8 զոհերի ծնողներին: «Բոլորն էլ կծանոթանան դիմումին, կստորագրեն, եւ կպայմանավորվենք ԵԽԽՎ հայաստանյան ներկայացուցչություն միասին գնալու մասին»,- փոխանցեց տիկին Ալլան:
Մայիսին, երբ Հայաստանում էր ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, զոհերի հարազատները նրա հետ հանդիպեցին, բայց ԵԽԽՎ-ի հետաքրքրությունը նրանց նկատմամբ դրանով սահմանափակվեց: Հունիսին ՀՀ հարցով համազեկուցողները, այդ թվում՝ արդեն պաշտոնաթող Կոլոմբիեն, իրենց վերջին համատեղ հայտարարությունը տարածեցին, որտեղ «մարտի մեկի» 10 զոհերի մասին ոչ մի բառ չկար: «Մենք որեւէ արձագանք չէինք էլ ակնկալում, բայց հույս ունենք, որ Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողները, այնուամենայնիվ, կգան Հայաստան, եւ մենք հնարավորություն կունենանք նրանց հետ հանդիպելու: Չավուշօղլուն այն ժամանակ մեզ դա խոստացավ: Բայց համազեկուցողները դեռ Երեւան չեն եկել»,- ասաց տիկին Հովհաննիսյանը: Հույս ունե՞ք, որ նրանց այցի եւ ձեզ հետ հանդիպման արդյունքում ինչ-որ բան կփոխվի, ու սպանությունների առնչությամբ նախաքննությունը տեղից կշարժվի: «Չգիտեմ, բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր հարցը քննարկվի»,- մեր հարցադրմանն ի պատասխան՝ ասաց Ա. Հովհաննիսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել