Այստեղ էլ է կորել հավատը լուսավոր ապագայի նկատմամբ
Ամեն անգամ Մեղրի այցելելիս նախապես ինձ տրամադրում եմ այլեւս չանդրադառնալ ոչ մի հիմնախնդրի, քանի որ անիմաստ է փորձել «հանգցնել այն կրակները, որ չես մարելու»: Այսպես է ժամանակին գրել բանաստեղծ Միքայել Հարությունյանը: Սակայն կատարել իմ այս խոստումը՝ այս անգամ էլ ինձ չհաջողվեց, որովհետեւ էությամբ անտարբեր մարդ չեմ եւ ուզում եմ օգնել, ինչ-որ բան փոխել իմ հայրենակիցների կյանքում:
Դառնալով նրան, թե ի՞նչ կյանքով են ապրում «արեւելքի ամենաշքեղ մրգաստանի», կամ ժայռերով շրջափակված, ինքնատիպ բնությամբ այդ ձորահովտի բնակիչները, պետք է խոստովանեմ, որ դրական տեղաշարժեր ես նկատեցի հատկապես մեղրեցուն մշտապես հուզող ջրի հարցում: Վիճակը հիմնովին կարգավորված է. եթե ունենաս նախապես վճարելու հնարավորություն, կարող ես օրվա որոշակի ժամերին անսահմանափակ օգտվել ջրից: Դժգոհողների չհանդիպեցի, թեեւ ջրի բարձր սակագինը դեռեւս մտահոգիչ է: Լուծված է եւ հուսալի է հեռահաղորդակցական կապը, կենցաղ է մտել ինտերնետը: Լույսի հովհարային անջատումներ այլեւս չկան, եւ այս ամենը հուսադրող է, բայց անլուծելի է մնում մի խնդիր, որը միշտ էլ թվացել է հեշտ լուծելի: Խոսքը բնական գազի բացակայության մասին է, որից զուրկ են եղել մեղրեցիները թե՛ խորհրդային տարիներին եւ թե՛ անկախությունից հետո: Զարմանալին այն է, որ Հայաստան-Իրան գազամուղը անցնում է Մեղրիով եւ կառուցվել է նաեւ նրանց մասնակցությամբ: Մինչեւ հիմա մարդիկ Ագարակում ծիծաղելով են պատմում այդ գազամուղի բացման արարողության մասին: Հարց է ծագում, ի վերջո, ե՞րբ պետք է գործարկվի այդքան գումար խլած այդ գազատարը, կամ ինչո՞ւ կառուցվեց, եթե պետք չէր: Թեեւ կառավարությունը որոշել է 2011 թ. լուծել Մեղրիում բնական գազի անցկացման հարցը, բայց հուսախաբ մարդիկ արդեն չեն հավատում նման խոստումների: Շատերը գերադասում են օգտվել էլեկտրաէներգիայից, քանզի այլ տեղերից մեծ դժվարությամբ բերված եւ Մեղրիում վաճառվող հեղուկ գազը շատ թանկ է՝ գրեթե համարժեք էլեկտրականության վարձավճարին:
Մի՞թե հնարավոր չէ Մեղրիում բացել մի գազալցակայան, որտեղից մեղրեցիները կարող են գոնե պետական գներով գնել գազ եւ օգտագործել: Չկարծեք, որ միայն գազի գինն է ամենաթանկը Մեղրիում. օրինակ, 200 գ կարագը արժե 600 դրամ, 0,5 կգ մածունը՝ 300 դր., 1 կգ շաքարավազը՝ 400 դրամ եւ ավելի, բանջարեղենի գների մասին չխոսենք: Իսկ մարդկանց մեծամասնությունը աշխատանք չունի եւ ապրում է թոշակով կամ նպաստով: Ինչպես ամենուր, Մեղրիում նույնպես կորել է հավատը լուսավոր ապագայի նկատմամբ: Խորհրդային տարիներին Սյունիքի մարզը, նաեւ Մեղրին, համարվում էին ամենաաթեիստ շրջանները, ուր չէին գործում եկեղեցիները, չէին կատարվում հոգեւոր ծեսեր: Վերջին շրջանում վիճակը փոխվել է, գործում է եկեղեցին, տեր հայրը անցկացնում է բոլոր պատարագները, կնունքներ եւ մկրտություն կատարում, որ հավատը չմեռնի, եւ մարդիկ ապրեն քրիստոնեական ավանդույթներով: Դա նկատելի էր անգամ գերեզմանոցում, երբ հանդիպեցինք խաղողօրհնեքին հաջորդող մեռելոցի օրը իրենց հարազատների շիրիմներին այցելողների: Որպեսզի ակնարկս տխուր չավարտվի, բերեմ ուրախ վերջաբան. Երեւան վերադառնալիս Մեղրու փոքրիկ ավտոկայարանում տեսա նույն վարորդ Հունանին, որը 90-ականների դժնդակ տարիներին ձմռանը սառցակալած Մեղրու լեռնանցքով, երթուղային փոքրիկ, հնամաշ տաքսիով մեզ տուն էր տանում: Հունանը մինչ անկախությունը «Իկարուսով» բեռներ է տեղափոխել Հունաստան, Բուլղարիա եւ այլ հեռավոր վայրեր, իսկ անկախությունից հետո ինքն է ընտրել այս հեռավոր երթուղին, քանի որ չի վախենում դժվարություններից եւ կարող է 12 ժամ մեքենա վարել: «Ինձ համար իմ հայրենիքը սկսվում է մեր երկրի հարավային այս կարեւոր սահմանից: Երբեք չեմ փոշմանել, որ երթեւեկում եմ այս դժվարին ճանապարհներով, հատկապես հիմա, երբ «Ֆորդ» եմ վարում: Մինչեւ 2014 թ. միկրոավտոբուսը ունի երաշխիք, ես կշարունակեմ սպասարկել մեղրեցիներին, որոնք քմահաճ եւ կռվարար չեն, հեշտությամբ են հաղթահարում ճանապարհային խոչընդոտները եւ բարեկիրթ վերաբերմունք ունեն իմ նկատմամբ»,- ասում է նա:
Ի դեպ, նշեմ, որ միայն այս վարորդը չէ, որ գոհ է մեղրեցիների վերաբերմունքից: