Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասը՝ անտիվիրուս

Օգոստոս 28,2010 00:00

Ազատ թողած դաշտում մոլախոտ է աճում

\"\"

Երեկ «Արմատ» ակումբում «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ու «Սասուն» ազգային երգի պարի համույթի ղեկավար Անդրանիկ Մանուկյանը իրենց մտահոգությունները ներկայացրին ազգային երգ ու պարի, մշակութային կյանքի բացթողումների մասին:
Գ. Գինոսյանը նկատում է, որ ազգային երգարվեստի աղավաղումը սկսվում է երթուղային տաքսիներից. «Միացնում են այնպիսի երաժշտություն, որ երթուղայինից իջնելուց 15 րոպե հետո քեզ բռնացնում ես այն մտքի վրա, որ ուղեղումդ դեռ այդ հնչյուններն ու բառերն են պտտվում: Հասարակությանը պարտադրում են լսել այն, ինչ իրենք են սիրում ու դեռ  համարձակվիր նկատողություն անել… Այսօր, օրինակ, ինձ համար Կոմիտասը դարձել է «Կասպերսկի անտիվիրուս». մինչեւ Կոմիտաս չեմ լսում՝ ուշքի չեմ գալիս: Կարծում եմ, հատուկ մտածված ծրագիր է, որ հատուկ անորակ ռիթմեր դնեն՝ ժողովրդի մեջ վիրուս տարածելու համար: Ու այդ ամենով հանդերձ, լոզունգ դարձրած ասում են՝ թեթեւ երաժշտություն ենք մատուցում»:
Գինոսյանը թեթեւ երաժշտությունը համեմատեց արգանակի հետ ու մեկնաբանեց. «Արգանակը տալիս են այն մարդուն, ով հիվանդ է: Իսկ առողջ մարդուն տալիս են այնպիսի կերակուր, որն իրեն էներգիա է տալիս: Այսինքն՝ մենք մեր ուղեղը, հոգեւոր աշխարհը սնուցում ենք ինչ-որ թեթեւ կերակուրներով եւ հույս ունենք, որ դա դեռ պետք է պտուղներ տա եւ ստեղծագործ ինչ-որ տարր դառնա: Մարդիկ սնուցվում են էժանագին, թեթեւ մշակույթով՝ թուրքախառը, ցածրորակ երաժշտությամբ, սկսած «Սեւ-սեւ աչեր»-ից, որը թուրք Իբրահիմի երգն է, մինչեւ մեր օրեր: Այս մշակույթն ամեն օր սրսկվում է մեր երակների մեջ եթերից: Այս ամենի դեմ պետք է մի հակաթույն լինի, բայց մտածողներ չկան»:
«Սասուն» ազգային երգի- պարի համույթի հեղինակն էլ, համաձայնելով կոլեգայի հետ, նշեց.  «Պարզ է, որ կա քեֆի երգ, կա պարզապես լսելու երգ: Ուղղակի հիմա ամեն ինչ խառնվել է իրար, քեֆի երգը պիտի երգենք միայն քեֆերին: Բայց որ քեֆը դառնում է առօրյա ասելիք՝ ամենահետաքրքիր բեմերից կամ էկրանից, դա արդեն շատ վիրավորական է, մասնավորապես այն մարդկանց համար, ովքեր հասուն մտածելակերպ ունեն եւ տարբերում են լավը վատից»:  Ա. Մանուկյանը շեշտեց, որ ոչ ոքի հանդեպ վատ տրամադրվածություն չունի, բայց՝ «չեմ կարողանում հասկանալ՝ մարդիկ գիտակցելո՞վ են ամեն օր այդ երգերի տակ պարում, ուրախանում, թե… Ես էլ սովորական մարդ եմ, պարել սիրում եմ, բայց երբեք գիտակցությունս չեմ կորցնի եւ ամեն օր չեմ հաճախի նույն երգերի տակ պարելու, որովհետեւ գիտեմ, որ դա իմը չէ: Պետք է տարբերենք իրական ասելիքն ու դատարկությունը: Ասեմ ավելին՝ եթե որոշում ենք մնալ հայ, ուրեմն հային վայել պետք է ամեն ինչ արվի եւ չնմանվենք իտալացու, գերմանացու կամ չգիտեմ ում»:
Ըստ Ա. Մանուկյանի, այս հարցերին պետք է լուծում տրվի պետական մակարդակով, դրանք  քննարկվեն այն մարդկանց մոտ, ովքեր  պատասխանատու են հայկական մշակույթի համար, «հայի ներսը պետք է մաքրվի»: Հավելենք նաեւ, որ բանախոսները խուսափեցին պատասխանել՝ ո՞րն է մշակույթի նախարարության մեղքը այս հարցում, սակայն նշեցին, որ երբեմն հենց նախարարության հովանավորած նախագծերն իրենց համար շատ անհասկանալի են:
Ըստ Գ. Գինոսյանի՝ «նախարարությունը չի կարողանում իր քաղաքականությունը թելադրել, այդ առումով նա շատ քիչ բան է անում:  Մեր ՀՀ երկրորդ նախագահը մի անգամ ասաց՝ մշակութային դաշտը ազատ ենք թողել, ում կարիքը կա, նա էլ կզարգանա: Ես էլ ասում եմ՝ ազատ թողած դաշտում մոլախոտ է աճում… Ինչպե՞ս կարելի է այս դաշտը ազատ թողնել: Ծիծաղելի է, երբ լուրջ տեսքով մի ձյաձյա ելնում-ասում է՝ ինչքա՜ն պիտի Կոմիտասի տակ պարենք… Կամ էլ կանգնում-ասում է՝ եթե ժողովուրդը ճանաչեր Սայաթ-Նովային, կդադարեր հարգել Կոմիտասին. ու այդ ասողը «Հրազդան» մարզադաշտում համերգ է տալիս՝ համարելով այն ամենամեծ համերգային շոուն, տոն ողջ հայ ազգի համար (խոսքը՝ Թաթա Սիմոնյանի մասին է- Լ. Շ.): Նախարարությունը ֆինանսավորում է «Տաքսի էլի լավա», որը ոչ մի կապ չունի ազգային մշակույթի, երաժշտության հետ: Հակառակը՝ ապականում է: Եվ բարձր օղակներում այն ֆինանսավորվում է: Պետք է պետական լուծում  տալ, իրականացնել չափորոշիչների մշակում եւ կիրառում, ինչպես արեցին պոռնոգրաֆիկ ֆիլմերի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել