Լրահոս
Օրվա լրահոսը

Կլինի ինչպես միշտ

Օգոստոս 28,2010 00:00

Սեպտեմբերի 6-13-ը Մոսկվայում անցկացվելու է սիրողական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը հանդես է գալու միայն տղամարդկանց երկու մրցաձեւում՝ հունահռոմեական եւ ազատ ոճերում:
Աշխարհի առաջնության կանոնակարգով առաջինը պայքարն սկսելու են հունահռոմեական ոճայինները, որոնք երկու օրվա ընթացքում կորոշեն բոլոր քաշային կարգերի հաղթողներին եւ մրցանակակիրներին: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը երեկ երեկոյան «Առավոտի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ նախապատրաստական շրջանի վերջին հավաքն սկսել են չորեքշքաբթի օրը՝ «Հավաքական թիմերի մարզական կենտրոնում»: Մեր առաջատար ըմբիշներն այնտեղ կմնան մինչեւ սեպտեմբերի 4-ը եւ նույն օրն էլ ամբողջական կազմով կմեկնեն մրցավայր:
Մարզչական շտաբն արդեն կողմնորոշվել է, թե ո՞ւմ է վստահելու՝ պաշտպանել մեր երկրի մարզական դրոշի պատիվը: Նրանք են՝ 55 կգ՝ Ռոման Ամոյան, 60 կգ՝ Վահան Ջուհարյան, 66 կգ՝ Արման Ադիկյան, 74 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան, 84 կգ՝ Դենիս Ֆորով, 96 կգ՝ Սարգիս Տոնոյան, 120 կգ՝ Յուրի Պատրիկեեւ:
Հարցին, թե մեդալներ մերոնք Մոսկվայում կվաստակե՞ն, Լ. Ջուլֆալակյանը, ինչպես միշտ, դիվանագիտորեն պատասխանեց. «Կլինի ինչպես միշտ»: Փորձառու մարզիչը ժամանակից առաջ անցնելու եւ նախապես խոստումներ շռայլելու սովորություն չունի: Բայց հատկապես վերջին տարիներին նրա ղեկավարած թիմը, որպես կանոն, ձեռնունայն չի վերադառնում անգամ ամենաբարձրակարգ առաջնություններից: Եվ եթե նա պատասխանում հենց այս միտքն էր թաքցնում, ուրեմն հաստատ պետք է մեդալների սպասել:
Հունահռոմեականներից հետո Մոսկվայում մրցագորգը տրամադրվելու է կանանց աշխարհի առաջնության մասնակիցներին, որտեղ Հայաստանը ներկայացված չէ:
Իսկ վերջում՝ սեպտեմբերի 11-ից, հերթը կհասնի ազատ ոճայիններին: Նրանց կանդրադառնանք հաջորդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031