Անցած շաբաթ Կալիֆոռնիայի սպորտային հանձնաժողովը հրաժարվեց վերադարձնել մեքսիկացի ճանաչված միջին քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Անտոնիո Մարգարիտոյի լիցենզիան: Մարգարիտոն պատրաստվում էր հանդիպել Մենիո Պակյաոյին:
Մարգարիտոյին լիցենզիայից զրկել են անցած տարի՝ ձեռնակապերում գիպսի հետքեր հայտնաբերելուց հետո: Պարզվել էր, որ Շեյն Մոսլիի հետ մարտից առաջ նրա ձեռքերը փաթաթել էին խոնավ ձեռնակապերով եւ հագցրել ձեռնոցները: Գիպսն աստիճանաբար ամրացել էր եւ մարտն սկսվելու պահին Մարգարիտոյի բռունցքները վերածվել էին «մուրճերի»: Դրանով են բացատրվում մեքսիկացու հարվածների ահավոր ուժը եւ պարտվող մրցակիցների դեմքին առաջացող տարօրինակ այտուցվածքները:
Բռնցքամարտի պատմությունը արգելված կեղտոտ հնարքների այլ օրինակներ էլ ունի:
Կասկածելի ձեռնոցներ:
Մարտից հետո սուպերվայզերի առաջին գործը մասնակիցների ձեռնոցները եւ ձեռնակապերն ստուգելն է: Եվ եթե անգամ բռնցքամարտիկի մատին մատանի լինի, մարտի արդյունքը չեղյալ է համարվում, իսկ մեղավորը որակազրկվում է: Եղել են դեպքեր, որ կարծր իրը բռնցքամարտիկը, պարզապես, պահել է բռի մեջ: 1919 թվականին ծանրքաշային չեմպիոն Ջեսս Ուիլարդը ռինգում մենամարտում էր իրեն կարգով զգալիորեն զիջող Ջեկ Դեմպսիի հետ: Տարօրինակ էր, որ վերջինի՝ երկու մետրանոց չեմպիոնի դեմքին ձախ ձեռքով հասցրած ցանկացած հարված ավարտվում էր նոկդաունով: Ջեսսի դեմքի աջ մասը վերածվել էր համատարած վերքի: Մարտից հետո մի լրագրող ռինգի կողքին մետաղի կտոր էր գտել: Արդյոք Դեմպսին մարտի ժամանակ այն ձեռքո՞ւմ էր պահել: Մինչեւ այսօր դա քննարկումների թեմա է:
Դոպինգ:
Խաղեր տալիս են շատերը: Դա բոլորն էլ գիտեն: Հենց այնպես չէ, որ 47-ամյա Հոլիֆիլդն ու 37-ամյա Մոսլին 10 տարով երիտասարդ են երեւում: Ռոյ Ջոնսը մեղադրվեց անաբոլիկ միջոցներ օգտագործելու մեջ, որոնք, ինչպես նաեւ սննդի ինչ-ինչ հավելումներ, նա գնում էր մասնավոր մի լաբորատորիայից: Իսկ երբ այդ ճանապարհը փակվեց, ֆենոմենալ արագությամբ աչքի ընկնող Ռոյի բոլոր որակները ռինգում ի չիք դարձան:
Ռինգի անհրաժեշտ չափերը:
Ռինգը ստանդարտ չափեր ունի եւ դա շատ կարեւոր հանգամանք է: Սակայն 1996-ին հանրահռչակ Լենոքս Լյուիսը Նյու Յորքում ամերիկացի Ռեյ Մերսերի հետ մարտում անակնկալի եկավ: Ռինգը սովորականից փոքր էր, ինչն առավելություն էր տալիս համառ տանտիրոջը: Լյուիսին ոչ մի կերպ չէր հաջողվում հեռանալ Մերսերից: Տարիներ անց Լյուիսն ասել է. «Իմ թիկունքում 1 մ տարածք էլ պետք է լիներ: Սակայն անսպասելի դիպա ճոպաններին: Իսկ նա անընդհատ գրոհում է ինձ վրա, ասես տանկ լիներ»: Դրա համար էլ հիմա «աստղերը» մարտի պայմանագրում անպայման ճշտում ու ֆիքսում են ռինգի չափերը:
Գնված արդյունք:
Մաֆիան միշտ էլ վերահսկել է բռնցքամարտը: Անցած դարի 30-40-ականներին Իտալիայի գանգստերներն ավելի ազդեցիկ էին, քան ցանկացած պրոումոթեր: Նրանք հարկադրել են հանրահայտ Ջեյք Լամոտային նոկաուտով պարտվել միջին մակարդակի բռնցքամարտիկ Բիլլ Ֆոքսին եւ այդ մարտից մեծ գումարներ վաստակել:
Լինում է նաեւ, որ հարկավոր արդյունքի համար բռնցքամարտիկին, պարզապես, վճարում են: 1993 թվականին ծանր քաշային Ռեյ Մերսերը Ջեյսի Ֆերգյուսոնին փորձել է կաշառել հենց ռինգում՝ առաջարկելով $100 հազար: Մերժելով առաջարկը, մարտից հետո Ֆերգյուսոնը դիմել է բողոքարկման հանձնաժողով: Շուրթերի շարժումով կարդալ իմացող հատուկ մասնագետների օգնությամբ հանձնաժողովը հաստատել է, որ Մերսերը կաշառք է խոստացել եւ հենց նրան էլ տուգանել իր իսկ առաջարկած գումարի չափով:
Թունավորում:
2004 թվականին Վլադիմիր Կլիչկոն Լեյմոն Բրյուսթերի հետ մարտի ժամանակ ռինգում այնպիսի տպավորություն էր թողնում, ասես, երեք շիշ օղի խմած լիներ: Հինգ ռաունդ անց Կլիչկոն երկու անգամ առանց մրցակցի «աջակցության» ընկավ ռինգի հատակին: Ռեֆերին անմիջապես դադարեցրեց մարտը: Իսկ ավելի ուշ ուկրաինացու արյան մեջ հոգեմետ դեղերի մեծ քանակություն հայտնաբերվեց: Իսկ թե ինչպե՞ս էր նա թունավորվել կամ նրան թունավորե՞լ էին՝ ապացուցել ոչ ոք չի կարող:
Վլադիմիրի եղբայրը նույնպես նմանատիպ փորձության է ենթարկվել: Մարտից առաջ ընթրելիս մարզիչը նրան խնդրել է սեղանից հավի մսի փոխարեն ուրիշ բան վերցնել եւ ինքն է կերել Կլիչկոյի համար նախատեսված միսը: Մի քանի ժամ անց մարզչի մոտ սրտխառնոց, գլխացավ է սկսվել, բարձրացել է ջերմությունը: Եվ անհայտ է մնում, դա թունավորելու փո՞րձ էր, թե՞ խոհարարի անփութություն:
Վիկ Դարչինյանը նույնպես Ջոզեֆ Ագբեկոյի հետ մենամարտում իրեն նման չէր: Ռինգի կողքից մարտին հետեւող նրա անձնական մարզիչ Վազգեն Բադալյանը պատմում է. «Ես Վախթանգին երբեք այդպիսին չեմ տեսել: Մի տեսակ կորցրել էր հարվածների դիպուկությունն ու հզորությունը, տարածությունը չէր զգում, մի տեսակ շշմած էր: Ի՞նչ էր կատարվում հետը՝ ասել չեմ կարող: Հնարավոր է, որ մարզումների ժամանակ շշերով ջուրը, կամ սնունդն այն չի եղել: Հաստատ ոչինչ հայտնի չէ: Իսկ ինչ վերաբերում է արգելված այլ հնարքներին, կրկին Ամերիկայում, երբ Վիկը հաջորդ օրը պետք է ռինգ մտներ մեկ այլ մրցակցի հետ, նախորդ ողջ գիշերվա ընթացքում անընդհատ դուռը թակում ու անհետանում էին, կամ զանգում էին նրա բջջային հեռախոսին ու լռում կամ անջատում: Դրանից հետո Վախթանգը հյուրանոցում գրանցվում է մի համարում, բայց մնում մեկ ուրիշում: Կամ էլ տարբեր հյուրանոցներում է սենյակ վերցնում»: