Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍՏՎԵՐԸ ԿՎԵՐԱՆԱ՞

Օգոստոս 28,2010 00:00

Կառավարությունը հույս ունի, որ կենսաթոշակային համակարգի ներդրմամբ՝ ստվերում աշխատող ընկերություններն ավելի թափանցիկ կաշխատեն: «Հուսով ենք, որ ստվերից դուրս կգան ե՛ւ ընկերությունները, ե՛ւ ստվերում աշխատող մարդիկ, որովհետեւ մարդուն այլեւս ձեռնտու չի լինի ստվերում մնալ, քանի որ ապագա կենսաթոշակը ձեւավորվելու է իրական աշխատավարձից: Ինչքան գումար վճարես կենսաթոշակային հիմնադրամին, այդքան պետությունը կրկնապատկելու է, դրա համար բոլորը ձգտելու են մաքուր աշխատել»,- երեկվա ասուլիսում ասաց ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ Կարեն Թամազյանը: Նրա խոսքով, եթե ներկայումս մարդկանց կենսաթոշակը իրենց նախկինում ստացած եկամտի 25%-ն է կազմում, ապա առաջիկա փոփոխությունների արդյունքում նախատեսվում է, որ փոխհատուցման գործակիցը կկազմի 40-50%: Իսկ այն մտավախությունները, թե դրամ-դոլար տատանումները կազդեն մարդկանց տարիների խնայողությունների վրա, պարոն Թամազյանը վստահեցրեց. «Դրանք ամեն տարի գնաճի չափով են ինդեքսավորվելու»: Նա նաեւ այլ երկրների օրինակով բացատրեց, թե կենսաթոշակային համակարգը ներդնելուց հետո երկիրը որքան է զարգանալու. «Օրինակ, Պերուում մինչեւ այս համակարգի ներդրումը ֆինանսական շուկան մեր շուկայից էլ մի քիչ վատն էր, բայց համակարգը ներդնելուց հետո մեծ բում է տեղի ունեցել»: Պարոն Թամազյանի գնահատմամբ, մեր ֆինանսական շուկան քիչ զարգացած, բայց մեծ պոտենցիալ ունի. «Հուսով եմ, 3-5 տարում զարգացումներ կնկատվեն, կստեղծվեն բավականաչափ ֆինանսական ու ներդրումային գործիքներ»: Նա նաեւ նշեց, թե համաձայն է, որ մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները մեր մեծ «պրոբլեմն են». «Դրա դեմն առնելու ճանապարհը շուկայական պայմանների ստեղծումն է՝ երբ այլ կազմակերպություններ կկարողանան գալ ու հավասարվել մենաշնորհային դիրք ունեցող ընկերություններին ու նրանց հետ մրցակցելու հնարավորություն կունենան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել