Լրահոս
Օրվա լրահոսը

Զգույշ լինենք դատողություններում

Օգոստոս 28,2010 00:00

\"\"Ինչպես է հնարավոր 42 000 դրամով անալիզ անցկացնել

«Առավոտում» արդեն անդրադարձել եմ գենետիկորեն փոխարկված սոյայի ու նրա մասին եղած մեր պատկերացումներին ու հիմա էլ համամիտ եմ թերթի հետ, որ միշտ էլ այդ մասին բարձրաձայնելու անհրաժեշտությունը կա:
Անկեղծ ասած՝ ուրախալի է, երբ մեր հայկական թերթերում, օրինակ, կարդում ես մատաղ սերնդի առողջությանը վերաբերող պրոբլեմների մասին: Խոսքս, մասնավորապես, վերաբերում է Հայաստանում սննդի արդյունաբերության պրոցեսում առկա մութ կողմերին կամ այն մասին, թե ինչ ենք մենք գնում խանութից ու ինչ ենք ուտում՝ տեղի տալով մահու չափ ձանձրացնող ու միատոն գովազդներին: Ուրախալի է, որ հասարակությունը կարող է գոնե թերթի միջոցով պատկերացում կազմել սննդի իրական որակի, նրա պատրաստման եղանակների կամ այլանդակ նորամուծությունների մասին՝ հագեցված նորագույն ալքիմիական մոտեցումներով:
Կարդալով, սակայն, «Առավոտում» տպագրված «Ուզո՞ւմ են նորմալ երշիկ ուտենք» (25.08.10) նյութը, ես մի փոքր հիասթափություն ապրեցի: Պատճառն այն է, որ այստեղ էլ, ցավոք, գովազդի տարր կար: Սննդի պատրաստման կամ որակի մասին բերված փաստարկները համոզիչ են, եւ ես նույնպես կողմ եմ, որ արտադրված սնունդը պետք է լրացուցիչ լաբորատոր ստուգման ենթարկվի: Իսկ բացասական տարրը հոդվածում այն է, որ բարձրացված որոշ դատողություններ կարող են նաեւ մեծ վնաս պատճառել ամբողջ ագրոբիզնեսի կամ սննդարդյունաբերության ոլորտին: Ավելի կոնկրետացնեմ ասելիքս: Ընդհանրապես ես խորհուրդ կտայի որոշ նորահայտ մասնագետների՝ զգույշ լինել իրենց դատողություններում, հատկապես, եթե նրանք տվյալ ոլորտը լավ չեն ուսումնասիրել: Նորից եմ կրկնում. ոմանց թվում է, որ եթե իրենք Մոսկվայում տեսել են գենետիկորեն փոխարկված սոյայից ապուր կամ աղցան պատրաստելու պրոցեսը ու այդ ապուրի կամ աղցանի մասին հոդվածներ են տպագրել «Nature» կամ «Science» ամսագրերում, ուրեմն ի զորու են արդեն կոմպլեքս անալիզների մասին դատողություններ անելու: Հետեւելով նրանց կարծիքին՝ կարելի է նաեւ հեշտությամբ վերացնել բոլոր տեսակի տրանսգենետիկ օրգանիզմները՝ նույնիսկ հաշվի չառնելով, թե ինչպիսի հսկայական աշխատանք է կատարվել գիտնականների կողմից դրանք ստեղծելու համար:
Զարմանալի է, որ «Ստանդարտ դիալոգ» ընկերության լաբորատորիայի գլխավոր մասնագետն է այդպիսի համարձակ ու ոչ կոռեկտ մտքեր արտահայտում գենետիկորեն փոխարկված օրգանիզմների մասին: Ու այդ մտքերի գլուխգործոցն էլ, անկասկած, Էլմիրա Հովհաննիսյանի այն ենթադրությունն է, որ գենետիկորեն ձեւափոխված սննդամթերքները կարող են դեղերի որակի վրա ազդել:
Ինձ համար, օրինակ, անհասկանալի է, թե ինչպես իրենք կարող են 42 հազար դրամով արագ անալիզներ կատարել, մասնավորապես ստուգել գենետիկորեն փոխարկված օրգանիզմում մետաբոլիտային փոփոխությունների ամբողջական պատկերը: 
Ես չեմ ցանկանում, որ սխալ տպավորություն ստեղծվի այդ լաբորատորիայի մասին: Սակայն հարցն այստեղ այն է, թե տվյալ լաբորատորիան իսկապե՞ս ի վիճակի է նման անալիզներ կատարել: Դատելով լաբորատորիայի գլխավոր մասնագետի փայլուն մտքերից, իրենք նույնիսկ տարրական պատկերացում չունեն, թե ինչ է գենետիկորեն փոխարկված օրգանիզմը: Օրինակ՝ ես արդեն քսան տարի աշխատում եմ այդ ոլորտում եւ գիտական կամ կոմերցիոն նպատակներով գենետիկորեն փոխարկում եմ որոշ կարեւորագույն դեղաբույսեր կամ հակառակը՝ կատարում եմ գենետիկորեն փոխակերպված օրգանիզմների թիրախային մետաբոլոմիքս (մետաբոլիտային կոմպլեքս անալիզ): Ունենալով նման հնարավորություններ եւ պայմաններ իմ լաբորատորիայում, այնուամենայնիվ, ես եւ իմ նման շատերը զերծ են մնում այդօրինակ ենթադրություններից՝ կապված այս կամ այն գենետիկորեն փոխարկված օրգանիզմի եւ նրա օգտագործման նպատակահարմարության վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել