Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԶՈՒՄ Է ԵԿՈՂ ՏԱՐԻ ԷԼ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ ՉՔԱՎՈՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՏԵՍՆԵԼ

Օգոստոս 28,2010 00:00

Տողերիս հեղինակը երկու անգամ հոդվածներ է հրապարակել գիտական աշխատողների վարձատրության մասին, որոնցում առնվազն տարակուսանք եմ հայտնել գիտության բնագավառի աշխատողների խղճուկ աշխատավարձերի առիթով: Այդ երկու հոդվածներն էլ լույս են տեսել նոյեմբերի կեսերին, մեկը՝ «Ազգ» օրաթերթի 2007 թվականի նոյեմբերի 16-ի համարում («Հնարավոր չէ ունենալ գիտություն՝ չքավոր գիտնականներով») եւ մյուսը՝ գրեթե ուղիղ մեկ տարի անց, նույն թերթի 2008 թվականի նոյեմբերի 15-ի համարում («Կառավարության քաղաքականությունը կործանարար է հայաստանյան գիտության համար: Գիտաշխատողը երկրի ամենացածր վարձատրվող խավերից է»): Այս ժամանակային զուգադիպությունը պատահական չէր՝ երկու հոդվածներն էլ գրվում էին այն բանից հետո, երբ պետական բյուջեի մանրամասները հայտնի էին դառնում մեզ, եւ այդ հոդվածների հրապարակումը հուսահատ ճիգ էր՝ ինչ-որ բան փոխելու Ազգային ժողովի վճռական քննարկումներից առաջ: Կարծես չգիտեի, որ մեր խորհրդարանը ոչինչ չի փոխում, պարզապես շտամպում է այն՝ ինչ տալիս է կառավարությունը: Այնպես որ, ակնհայտորեն պետք էր փորձ անել ազդել հենց կառավարության վրա:
Ազդելու հնարավորություն ինձ բախտը մատուցեց. առիթ եմ ունեցել այս հարցերի մասին խոսել ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հենց այն վարչապետի, որի սիրած կարգախոսներից մեկը «գիտելիքահեն տնտեսությունն» է: Վարչապետի խոսքերից ես այնպես հասկացա (գուցե սխալվել եմ), որ նա հակված է այն գաղափարին, որ գիտաշխատողներն իրենք պետք է վաստակեն իրենց համար միջոցներ՝ Հայաստանի տնտեսության համար լավ ու հեռանկարային հետազոտություններ կատարելով: Դե, իսկ տնտեսությունը նրանց կհատուցի:
Եթե ես նույնիսկ սխալ եմ հիշում վարչապետի հետ իմ հանդիպման մանրամասները, ապա կառավարության քաղաքականությունը այս ոլորտում ինձ համոզում է, որ ես, ցավոք սրտի, իրավացիորեն եմ վերնագրել այս հոդվածը, այն է՝ «Կառավարությունը ուզում է եկող տարի էլ գիտնականներին չքավորների շարքում տեսնել»: Բանն այն է, որ ես տեղեկություն ունեմ, որ հենց այս օրերին կառավարությունում պատրաստվում է եկող տարվա բյուջեի նախագիծը, ու նրանով եւս, գիտաշխատողների միջին աշխատավարձը նախատեսվում է 40-50 հազար դրամ: Այսինքն՝ մի գումար, որով հավաքարարներն էլ հաճախ չեն աշխատում:
Ես այլ ելք չեմ տեսնում, քան այստեղ համառոտ կրկնել նախորդ հոդվածներիս կարեւորագույն դրույթները:
Առաջին՝ երբեք եւ ոչ մի տեղ, հատկապես մեր նման փոքր երկրներում, չի լինում այնպես, որ տվյալ երկրի գիտությունը ծառայի միայն տվյալ երկրի տնտեսությանը: Այն հանգամանքը, որ ֆիննական «Նոկիա» ֆիրման բջջային հեռախոսների խոշորագույն արտադրողն է աշխարհում, բոլորովին չի նշանակում, թե բջջային հեռախոսները հայտնաբերվել են Ֆինլանդիայում: Հետեւաբար, կառավարության հիմնադրույթն արմատապես սխալ է:
Երկրորդ. գիտությունը Հայաստանին պետք է ոչ թե նրա այս կամ այն ձեռնարկության գործն առաջ հրելու համար (դրա համար ձեռնարկատերերն իրենք պետք է գնան գիտնականների դուռը, ոչ թե հակառակը), այլ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ համար: Միայն որակյալ գիտնականների, որպես հասարակության սերուցքի, ընտրախավի (այսինքն, մարդկանց, որոնք գիտեն գիտելիքի գինը) առկայության դեպքում երկրում գիտելիքահեն կլինի ոչ միայն տնտեսությունը, այլեւ ամբողջ հասարակությունը: Կառավարության խնդիրն է՝ փայփայել, խնամել այդ ընտրախավը, բայց նաեւ հետեւել, որ նա զբաղվի իրոք գիտությամբ, այլ ոչ թե շառլատանությամբ: Դրա ձեւերը մարդկությունը վաղուց արդեն գտել է: Միայն Հայաստանի կառավարության համապատասխան մարմինը դրանք ոչ մի կերպ չի կարողանում արմատավորել:
Երրորդ՝ շնորհիվ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարության ջանքերի, Հայաստանի մոտ 35 հազար դպրոցական ուսուցիչներն այսօր ունեն բարվոք մակարդակի աշխատավարձ: Մի՞թե այդքան դժվար է նույնն անել գիտաշխատողների (սերուցքի, ընտրախավի) համար, որոնց թիվն ընդամենը չորս հազար է: Դժվար չէ հաշվել, որ դրա համար պետք է մի 4-5 մլրդ դրամ, այսինքն՝ աննշան մի բան 900 միլիարդանոց բյուջեի համար: Կառավարությունը պետք է անմիջապես հատկացնի այդ գումարը երկրի գիտական ընտրախավը փրկելու համար: Նույնիսկ եթե այդ փողերի մի մասը բաժին հասնի շառլատաններին (որոնց հայտնաբերումը Գիտության կոմիտեն ոչ մի կերպ չի կարողանում յուրացնել), հատկացումը պետք է: Գիտնականներին պետք է փրկել:
Վերջապես, տեսնես ո՞վ է Սերժ Սարգսյանին խորհուրդ տվել հիմնել կես միլիոն դոլար արժեքով Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակ, երբ այսօր Բյուրականի աստղադիտարանում գիտությունների դոկտորը ստանում է ամսական 50 հազար դրամ աշխատավարձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել