Այլ պետությունների, այդ թվում՝ նաեւ Իրանի, կողմից Լիբանանի բանակին տրամադրվող ռազմական ցանկացած օգնություն կուղղվի ապագայում Իսրայելի կողմից երկրի սահմանների պաշտպանությանը: Trend-ի հետ հեռախոսազրույցում այդպիսի հայտարարություն է արել Լիբանանի բանակի պաշտոնական ներկայացուցիչը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը: Նրա ասելով, Բեյրութը պատրաստ է Իսրայելի հետ իր սահմաններն անառիկ պահելու նպատակով որեւէ բարեկամ երկրից, այդ թվում՝ Իրանից, ռազմական օգնություն ստանալ: «Երկրի տարածքն ու սահմանները իսրայելական հարձակումներից պաշտպանելը լիբանանյան բանակի ամենագլխավոր խնդիրն է»,- ասել է բանակի ներկայացուցիչը:
Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն (նկարում) արդեն պաշտոնապես դիմել է Իրանին՝ խնդրելով վերանայել Լիբանանին արդիական զինտեխնիկա վաճառելու հարցը եւ օգնել իր երկրի բանակը զինելու եւ արդիականացնելու հարցում՝ նկատի ունենալով լիբանանա-իսրայելական սահմանում վերջին շրջանում տեղի ունեցող բախումները:
Հիշեցնենք, որ Լիբանանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները որոշ ժամանակ լարված էին Թեհրանի կողմից լիբանանյան ընդդիմադիր «Հըզբոլլա» զինված կուսակցությանն աջակցություն ցուցաբերելու պատճառով: Պաշտոնական Թեհրանն արդեն արձագանքել է Լիբանանի խնդրանքին: Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին հայտարարել է, թե Թեհրանը պատրաստ է սպառազինել Լիբանանի բանակին: