Նա փոխհատուցել է Փարիզին հասցրած վնասները
Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին՝ Փարիզի քաղաքապետարանից կատարած թալանի համար չեն դատի: Այդ մասին հաղորդում է newsru-ն: Նախկին նախագահը քաղաքապետարանին վճարել է 550 հազար եվրո, իսկ նրա կուսակցությունը, որի անդամն է նաեւ Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին, 1,65 մլն եվրոյի չափով փոխհատուցում է վճարել: Միայն սրանից հետո է, որ նախկին նախագահ Շիրակի դատական գործը կարող է հարթված համարվել:
Ժակ Շիրակի դեմ հետաքննությունը սկսվել էր 2007թ.- ին, երբ նրան կասկածեցին 1977-95թթ. Փարիզի քաղաքապետ եղած ժամանակահատվածում պետական միջոցներն աննպատակ ծախսելու՝ փոշիացնելու, եւ այլ օրենքներ ոտնահարելու մեջ: Խոսքը, մասնավորապես, քաղաքապետարանում, այսպես կոչված, «կեղծ հաստիքների» ձեւակերպման, քաղաքապետարանի հաշվին քաղաքապետի կուսակից ընկերներին անօրինական վճարումներ կատարելու մասին է: Ընդհանուր առմամբ այդ նպատակների համար քաղաքապետարանի բյուջեից դուրս էր գրվել 4,5 մլն եվրո: Ավելին, ենթադրվում էր, որ Շիրակի կուսակիցները առավելություններ են ունեցել ծառայողական առաջխաղացման համատեքստում:
Իրավաբանները պնդում են, որ տվյալ գործով նախկին նախագահի վրա անձեռնմխելիության օրենքը չի կարող տարածվել, քանի որ տեղ գտած օրինախախտումները կատարվել են այն ժամանակահատվածում, երբ նա դեռ Ֆրանսիայի նախագահ չէր: Ժակ Շիրակը բազմիցս է հերքել իրեն առաջադրված մեղադրանքները՝ հավաստիացնելով, թե աշխատանքային «կեղծ» հաստիքներն իսկապես պետք էին քաղաքապետարանի վարչակազմին:
Փարիզի քաղաքային խորհուրդը, որը օրենքով տուժած կողմ է ճանաչվել, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, քաղաքապետարանին հասցված վնասը փոխհատուցելու դեպքում պարտավորվել է նախկին նախագահի դեմ դատարանին ներկայացրած իր հայցը ետ կանչել: