Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) ջանքերով ստորագրվեց եռակողմ «Մտադրությունների հուշագիր»՝ ԳԱՏԱՀ-ի, «ԱՐԵՆԱ» (Armenian Research-Education Networking Association) հիմնադրամի եւ «Elsevier B.V.» հրատարակչական հոլդինգի միջեւ, որը, միավորելով 13 գիտատեխնիկական հանրահայտ հրատարակչություններ, հանդիսանում է գիտական եւ առողջապահական տեղեկատվության առաջատարը աշխարհում (www.elsevier.com):
Ըստ հուշագրի, «ԱՐԵՆԱ» հիմնադրամի ցանցային հնարավորություններից օգտվող բոլոր գիտակրթական կազմակերպություններին՝ մոտ 60 ինստիտուտներ եւ համալսարաններ, երեք ամիս շարունակ անվճար օգտվելու հնարավորություն կտրամադրվի «Elsevier B.V.»–ի «ScienceDirect» (ավելի քան 2500 բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրեր) եւ «Scopus» (հետազոտական հոդվածների հղումների) տվյալների շտեմարաններից:
Այս բացառիկ հնարավորությունների մեկնարկը, որը հնարավոր դարձավ ԳԱՏԱՀ-ի նախաձեռնությամբ օրերս Հայաստան ժամանած «Elsevier B.V.»-ի ներկայացուցչի եւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ հանդիպումների արդյունքում, կտրվի շուտով՝ «Elsevier B.V.»-ի մասնագետների կողմից եւ միջոցներով՝ ԳԱՏԱՀ-ում կազմակերպվելիք դասընթացների հետ միաժամանակ: Դասընթացները հնարավորություն կտան հայաստանյան գիտական համայնքի բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ հմտություններ ստանալ տվյալների շտեմարաններից, այն է՝ գիտական հոդվածներ, ամսագրեր, վարկանիշներ եւ այլ՝ գիտական տեսանկյունից արժեքավոր տեղեկատվական հնարավորություններից ճիշտ օգտվելու վերաբերյալ: