Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանը՝ վաշխառության դիմա՞ց

Օգոստոս 28,2010 00:00

«Առավոտի» օգոստոսի 26-ի համարում տպագրված «Տուն են առել ու կրակն են ընկել» հրապարակման վերաբերյալ Պետեկամուտների կոմիտեից պարզաբանում են. «ՊԵԿ-ը նախաքննության ընթացքում պարզել է, որ Ռոման Գեղամյանը գործով տուժողներ Մ. Ի.-ին եւ Ս. Մ.-ին պարտքով տվել է գումարներ եւ դրա դիմաց ստացել ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող՝ ամսական 3%-ի չափով գումարներ ու, բացի այդ, չարաշահելով տուժողների վստահությունը, խարդախությամբ հափշտակել է վերջիններիս պատկանող առանձնապես խոշոր չափերի արժողության բնակարանները: Նշված բնակարանները Ռոման Գեղամյանին ի սեփականություն են անցել վաշխառությամբ տրված գումարների դիմաց՝ որպես գրավ: Նկարագրված արարքների կատարման համար, բավարար ապացույցների հիման վրա, Ռոման Գեղամյանին հուլիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել եւ նույն օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը»:
Հիշեցնենք, որ այդ հոդվածում մենք անդրադարձել էինք նրան, որ Ռ. Գեղամյանի հայրը՝ Գագիկ Գեղամյանն է Մ. Ի.-ին պատկանող բնակարանը գնել եւ նվիրել որդուն, իսկ բնակարանը վաճառելու միջնորդ  հանդիսացած նրանց բարեկամը վաճառված բնակարանի գումարը չի փոխանցել բնակարանատիրոջը, որի պատճառով էլ առաջացել են քաշքշուկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել