Սակայն ծերանոցում խնդիրներ դեռ շատ կան
Ծերերի առօրյան բարեփոխվել է:
Տիկին Օֆիկը մաքրությունից դժգոհ է
Երեւանի Հաղթանակ գյուղի ծերանոցի մասնաշենքը կիսատ է վերանորոգված: Այստեղ բնակվողների մի մասը համեմատաբար նորմալ կենցաղային պայմաններում է ապրում, իսկ մյուսները՝ ոչ այնքան: Ծերանոցն ունի նաեւ հիվանդանոցային մասնաշենք, որտեղ պառկած են անկողնային հիվանդները: Այստեղ այն ծերերն են, որոնք ի վիճակի չեն շարժվելու եւ իրենք իրենց խնդիրները լուծելու: Այս մասնաշենքը, սակայն, հողե շինություն է, որն արդեն վթարային վիճակում է, եւ կարիք ունի ոչ թե վերանորոգման, այլ հիմնովին վերակառուցման: Բացի այդ, ծերանոցի բակում մեծ քանակությամբ աղբ կար կուտակված, իսկ ծերերի անկողինները տարին մեկ են փոխվում, ինչը հակասանիտարական վիճակ էր ստեղծում: Սնունդը չէր բավականացնում, որի պատճառով այստեղ տեղավորված ծերերը ստիպված էին լինում իրենց կենսաթոշակը ծախսել նորմալ սնունդ գնելու համար, այնինչ պետբյուջեից ամեն հոգու սննդի եւ կենցաղային հարցերը փոքր-ինչ լուծելու համար գումարներ են հատկացվում:
Վերջերս այստեղ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արմեն Գյուրջյանը, որը քիչ թե շատ փորձում է ծերանոցի խնդիրները լուծել: Նա արդեն բակն է աղբից մաքրել ու ծաղիկներ տնկել, նստարաններ է տեղադրել, մուտքի հատվածը՝ ասֆալտապատել: Սակայն ամենից առաջ իր եւ մյուս աշխատակիցների սենյակներից հանդել է հեռուստացույցերն ու հատկացրել ծերերին:
Նրա այս աշխատանքների մասին մեզ պատմեցին ծերանոցի բնակիչները: 71-ամյա Սոնյա Քալաշյանը նշում է. «5 տարի է՝ այստեղ եմ, երբեք այսքան լավ չի եղել: Առաջ խոզի կեր էին մեզ տալիս ուտելու համար, հիմա նորմալ սնունդ են տալիս: Մեր թոշակով էինք ստիպված լինում սնունդ գնել, լավից-վատից գնացող-գալացող կար մեզ մոտ, սոված չէինք մնում: Իսկ հիմա տնօրենը մինչեւ ճաշը պրոբ չի անում, մեզ չի թողնում ուտենք: Մինչեւ գլխավերեւ մեզ կշտացնում է: Հիմա էլ կարիքը չենք զգա մեր թոշակը ծախսելու, քանի որ մեզ այստեղ ամեն ինչ տալիս են: Մաքրությունն է շատ լավացել: Որ պահին կուզես՝ մտի, լողացի, իսկ այն ժամանակ ամեն ինչ ռեժիմով էր: Մի հատիկ փոքր օճառ էին տալիս երկար ժամանակով, մի երկու անգամ լվացվում էինք, վերջանում էր, մնացած օրերի համար ստիպված էինք լինում առնել»: Մեր այն հարցին՝ ինչո՞ւ նախկինում չէին բողոքել այդ պայմաններից, նա պատասխանեց. «Էն ժամանակ էլ վատ չէր, բայց հիմա ավելի լավ է: Մենք չգիտեինք, որ էսքան լավ կարող է լինել»: Տիկին Սոնյայի՝ ծերանոցում հայտնվելու պատճառը ամուսնու ծանր հիվանդությունն է եղել: Ստիպված է եղել տունը վաճառել, որպեսզի ամուսնու վիրահատության գումարը տա, սակայն դա էլ ամուսնու կյանքը չի փրկել: «Երեխաս գնացել է Բելգիա, որ աշխատի, ինձ էլ է տանելու, ես ստեղ չեմ մնա, բայց դժգոհ չեմ, անգամ շատ գոհ եմ ծերանոցի պայմաններից»,- ասում է տիկին Սոնյան:
Նրա սենյակակից 86-ամյա Հասմիկ Ավետիսյանն էլ խոսեց բարեփոխումներից. «Այս նոր ղեկավարությունը ամեն ինչ դեպի լավը փոխեց, սնունդը լավացավ, վերաբերմունքը մեր նկատմամբ լավացավ: Վատ չէր այն ժամանակ էլ, բայց՝ բայց կար, ամեն ինչ կարգ ու կանոնով էր, այդպես պետք է ապրեինք: Հիմա ավելի ազատ ենք»: Չնայած շատ բաներից գոհ էր, սակայն նշեց, որ մի բան կա, որից դեռ դժգոհ է. «Սպիտակեղենը ուշ-ուշ են տալիս: Տարիով չեն փոխում: Հիմա կարող է՝ մեր նոր ղեկավարությունը փոխի այդ սկզբունքը, չգիտենք դեռ»: Տիկին Հասմիկը չցանկացավ հայտնել իր՝ ծերանոցում լինելու պատճառը, ասաց միայն, որ ինքը միայնակ է, երեխա էլ չունի. «Բնակարանի հաշվով դուրս եմ եկել: Արդեն 3 տարի է՝ այստեղ եմ»:
Մեր այցելության պահին ծերանոցի բակում մի խումբ պապիկներ նոր ներկած տաղավարում նստած թղթախաղ էին խաղում: «Առաջ նստարան էլ չկար, էս բեսեդկան չկար, լույս չկար բակում, իսկ հիմա օրվա բոլոր ժամերին կարողանում ենք դուրս գալ: Մինչեւ գիշեր կարող ենք նստել դրսում, նարդի, բան խաղալ: Գիշերվա որ ժամին ելնես դուրս, կիմանաս, թե օրը ցերեկ է: Ծաղկանոցն է ավելացել: Բոլորս շատ գոհ ենք, բողոք չունենք: Բացասական կողմ չենք տեսնում: Եթե այս կարճ ժամկետում այսքանը եղավ, իմացի, որ մինչեւ վերջ էլ ավելի լավ կլինի»,- ասաց նրանցից մեկը՝ արդեն 3 տարի ծերանոցում ապրող Ռազմիկ Խաչատրյանը: Իսկ մյուսը, որ չցանկացավ ներկայանալ, ասաց. «Առաջ շատ վատ էր, ամեն ինչն էլ վատ էր, բողոքում էինք, ոչինչ չէր փոխվում, մի բան էլ մենք էինք տուժում, սակայն հիմա որեւէ մեկը մեզ բան ասել չի կարող»:
Իսկ ծերանոցի 2-րդ հարկի սենյակներից մեկի բնակիչ 72-ամյա Օֆիկ Մուրադյանը դժգոհություններ շատ ուներ: Նա ասում էր, որ շատ է խնդրել ծերանոցում մաքրություն անողներին իր սենյակը կարգի բերել, բայց ապարդյուն. «Ասում եմ՝ ես ի վիճակի չեմ, եկեք գոնե պատուհաններս մաքրեք: Չեն ասում՝ չեն անելու, բայց չեն էլ գալիս: Թե չէ, էլ բան չկա բողոքելու: Նախկինում այստեղ անտերներին, այսինքն՝ միայնակներին, լավ չէին նայում, տեղից տեղ էին տեղափոխում անընդհատ, նորմալ մի տեղ չէինք կարողանում մնալ: Իմ համար դա դարձավ պատճառ՝ այստեղ ամուսնանալու: Արդեն 5 տարի է՝ ապրում եմ Հրաչիկ Դանիելյանի հետ, որն ինձնից 4 տարով մեծ է: Ես մտածեցի, որ ծերանոցում հազար տեսակ մարդ կա, հիվանդի դարդը տանելու փոխարեն, գնամ առողջ մարդու հետ ամուսնանամ ու ապրեմ: Էնքան խփնված մարդիկ կան: Եթե ամուսնացած չլինեինք, մտածում եմ, որ կենդանի չէինք մնա մինչեւ հիմա, որովհետեւ ամուսինս այստեղի վրա չի հաշտվում, գնում է, օրը մթնացնում է, գալիս: Արհեստավոր է, կաշվի վրա է գործ անում»: Տիկին Օֆիկը պատմեց նաեւ, որ ինքը նախկինում էլ է ամուսնացած եղել եւ ունի մեկ դուստր ու 2 թոռ: Նա իր թոռներով շատ հիացած է, անընդհատ նրանց նկարներն էր ցույց տալիս մեզ, ինչպես նաեւ իր երիտասարդ ժամանակվա լուսանկարները: Եղբոր որդու նկարն էլ ցույց տվեց, որը խոզի գրիպից անցյալ տարի է մահացել. «Ջրազրկվել էր, տարել էին Նորքի վերակենդանացման բաժին, 5-րդ օրը չլուսացրեց»: Նա գոհ էր հատկապես սննդից. «Հիմա ամեն ինչ շատ լավ է: Չայ չենք խմում, բայց մեր պեսոկը տալիս են, բերում ենք սենյակ, լիքը պեսոկ ունենք: Ճաշերը համով են: Իսկ այն ժամանակ ամեն օր գրեթե ամեն ճաշին ջեմ էին տալիս, մեկ-մեկ էլ փոքր կարագ ու վերջ: Լավ է նաեւ այն, որ օրվա որ ժամին պետք է լինում, դուրս ենք գալիս, իսկ նախկինում դուրս ու ներս անելու համար հատուկ թույլտվություն էր պետք»:
Նշենք, որ ծերերի հետ զրուցելիս ծերանոցի ոչ մի աշխատակից մեզ հետ չէր շրջում ծերերի սենյակներով: Հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գյուրջյանի կարծիքով, դա ավելի ճիշտ էր, քանի որ այդպես ծերերը առանց կաշկանդվելու կհայտնեին իրենց դժգոհությունները, որոնք ինքը ցանկանում է վերացնել: «Ծերերն ինձ չեն եկել ասել, որ իրենք նստարան կամ նարդի խաղալու տեղ չունեն, ես եմ մտածել, որ այդպես ավելի լավ կլինի: Ես կարծում եմ, որ սա ծերանոց չէ, այլ ծերերի հանգստավայր, որը պետք է նորմալ այգի եւ ժամանցն ապահովող վայրեր ունենա: Դա իմ պատկերացումն է, որն ուզում եմ իրականություն դառնա: Իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ավելի շատ ուշադրություն եմ դարձրել սննդին եւ ամառվա այս սեզոնի համար ավելի հարմար զբոսանքի վայր ստեղծելուն, դրա համար էլ ցանկանում եմ նաեւ ծերանոցի բնակիչների կարիքներն իմանալ, թե նրանք ինչ խնդիրներ ունեն, եւ որոնք են առաջնային լուծում պահանջում»,- ասում է Ա. Գյուրջյանը: Խոսելով իրեն հայտնի խնդիրների մասին՝ նա ավելացրեց. «Ունենք հիվանդանոցային մասնաշենք; Թիվ մեկ խնդիրն, իմ կարծիքով այս մասնաշենքի հիմնովին վերակառուցումն է, քանի որ այն վերանորոգման ենթակա չէ: Ես այս մասին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին՝ պարոն Գրիգորյանին, զեկուցել եմ, իրար հետ այս խնդիրը կփորձենք լուծել»:
Մեր հարցին՝ եթե խնդիրներ լինեն, որոնց լուծումը նախարարության ուժերից վեր լինի, կդիմե՞ն արդյոք բարերարների օգնությանը, նա պատասխանեց. «Այն խնդիրները, որոնք մենք կկարողանանք լուծել, կլուծենք, իսկ որոնք մեր ուժերից վեր են, կդիմենք հովանավորների: Դեռ 20 օր է՝ ես աշխատում եմ, այստեղ դեռ խնդիրներ կան, որոնց հետ պետք է ծանոթանամ: Որոշել եմ ծերանոցի հետեւի մասում էլ հանգստի վայր կառուցել, այդ մասում կանաչապատ տարածք կա: Եկեղեցի էլ կա՝ բարերարի կողմից կառուցված, ուզում եմ այստեղի ոռոգման ջրի հարցը լուծել»: