Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ

Օգոստոս 28,2010 00:00

2010 թվականի խաղողի մթերումներին հավուր պաշտաճի պատրաստվելու համար գյուղնախարարությունն ու մարզպետարանները սկսել են խորհրդակցություններ անցկացնել: Հայտնի է, որ խաղողի այգիների գերակշիռ մասը Արարատի եւ Արմավիրի մարզերում են: Անցած ամիս ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը եղել է Արարատում, իսկ օգոստոսի 26-ին՝ Արմավիրում:
Արմավիրում կա 6489,7 հեկտար խաղող այգի, սպասվում է 95-100 հազար տոննա խաղողի բերք:
Արմավիրի մարզում խաղողի մթերմամբ զբաղվող ութ ընկերությունների ղեկավարների հետ մարզպետարանում անցկացվել է խորհրդակցություն: Մթերողները խոստացել են 34 850 տոննա խաղող մթերել: Իսկ մարզից դուրս գտնվող «Երեւանի գինու, օղու, կոնյակի կոմբինատ» եւ «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերությունները կմթերեն 13 000 տոննա խաղող: Արմավիրի մարզպետարանում հուսով են, որ սեղանի տեսակի (սորտի) խաղողի իրացման հարցում դժվարություններ չեն լինի, քանի որ արտերկիր անցնող մնացած ճանապարհներից զատ, այս տարի բաց է եւ գործում է նաեւ Լարսի անցակետը:
Ըստ Արարատի մարզպետարանի, եթե ամեն ինչ արվի համագործակցված ու կանոնակարգված, ապա մարզի գյուղացիական տնտեսությունների սպասվող խաղողի բերքը անկորուստ կհանձնվի գործարաններ եւ չեն առաջանա նախորդ տարվա խնդիրները:
Թե Արարատի, թե Արմավիրի մարզպետները գյուղացիներին հավաստիացրել են, որ մթերումը գտնվելու է իրենց մշտական հսկողության ներքո: Հանրապետության նախագահն էլ խիստ հանձնարարական է տվել խաղող մթերող կազմակերպություններին, որպեսզի 1 կգ խաղողը այս տարի մթերեն 120 դրամ արժողությամբ եւ բացառեն պայմանագրերի կնքման եւ հերթերի գոյացման ժամանակ նախորդ տարիների ընթացքում գրանցված անցանկալի երեւույթները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել