Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության ոլորտում տգետ կադրեր կան

Օգոստոս 28,2010 00:00

 Ոչինչ չարեցին, որ իրավիճակը փրկեն

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի գնահատմամբ, վերջին 15 տարում գյուղատնտեսական տարին Հայաստանի համար այսքան անբարեբեր չէր եղել: «Առավոտի» հետ զրույցում պարոն Բերբերյանը նկատեց. «Եթե պտղին վնասեցին բնակլիմայական վատ պայմանները, ապա բանջարաբոստանային մշակաբույսերին՝ գյուղացու սոցիալական վիճակը»: Նրա խոսքով, այս տարի բանջարեղենի մշակության ոլորտում մինչեւ 30% անկում է գրանցվել, ինչի հետեւանքով էլ գյուղմթերքի գներն անհամեմատ թանկացել են. «Որովհետեւ գարնանը գյուղացուն չապահովեցին անհրաժեշտ վարկերով, խեղճ ու կրակ գյուղացին էլ ցանեց այնքան, ինչքան գումար ուներ: Հաշվի առնենք, որ արդեն երկու տարի է, հանրապետությունում գրեթե սերմաթարմացում տեղի չի ունեցել, եթե ամեն տարի միջինը 2-3 հազար տոննա էլիտար դասի սերմեր էինք ներկրում, ապա այս տարի շատ քիչ քանակությամբ է ներկրվել, բնականաբար՝ սերմաթարմացումն էլ ազդեցություն ունի բերքի վրա»: Նրա խոսքով, բույսերի պաշտպանության համար պետբյուջեով տրամադրվող գումարները խիստ անարդյունավետ են ծախսվում. «Ժամանակին կարո՞ղ էին պայքարել, կորուստների դեմն առնել, իհարկե՝ այո: Պտղատուների շրջանում տարածված հիվանդությունները կարո՞ղ էին ժամանակին կանխել, այո, բայց էլի ոչինչ չարվեց»: Իսկ ինչո՞ւ գյուղատնտեսությանը հատկացվող դոտացիաները չեն հասնում գյուղմթերք արտադրողին, ըստ պարոն Բերեբերյանի. «Որովհետեւ, ցավոք, Երեւանում մի խումբ մարդիկ միայն որոշում են՝ ինչպես կրծողների դեմ պայքարել ու այն ժամանակ, երբ կրծողներն էլ չկան, մորեխների դեմ են պայքարում, երբ ցուրտն արդեն դրանց վերացրել է: Կամ էլ գյուղացու փոխարեն որոշում են՝ ինչ սերմացու ներկրել»:
 Գյուղատնտեսական տարին ուսումնասիրելով՝ ագրարագյուղացիական միավորման նախագահն արձանագրել է. լուրջ խնդիրներ կունենանք վերամշակման թեւի, ինչպես նաեւ տոմատի մածուկի արտահանման հարցում. «Իսկ դա՝ հանրապետություն գումար բերելու լուրջ աղբյուր է»: Ըստ Հ. Բերբերյանի՝ ոլորտում առկա խնդիրները գյուղատնտեսական սխալ քաղաքականության արդյունք են. «Կադրային լուրջ խնդիրներ ունենք, ինչը, կարծես, ոչ ոքի չի հետաքրքրում»: Անդրադառնալով խաղողագործությանը՝ նա ասաց, որ բարձրորակ խաղող ենք արտադրում, եւ, բացի գինի-կոնյակ արտադրությունից, կարելի էր զարկ տալ խաղողի հյութի ու մեղրի արտադրությանը. «Ցավոք, այդ ուղղությունները չզարգացրինք, նույնիսկ ներքին շուկայում խաղողի հյութ չկա, իսկ եվրոպական շուկայում, համոզված եմ, դրա մեծ պահանջարկ կլիներ, որովհետեւ 1 լիտր խաղողի հյութի արժեքը չի զիջում 1 լիտր գինու արժեքին»: Նա մտահոգություն ունի խաղողի մթերման հարցում, որովհետեւ. «Արդեն ահազանգ կա, որ նախորդ տարվա գներից մոտ 10%-ով պակաս են վերցնելու»:
Իսկ երեկվա ասուլիսին ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն անդրադարձել է կարտոֆիլի գներին: «Կարտոֆիլի գների բարձրացումը շուկայական հարաբերությունների արդյունք է»,- թանկացումը հիմնավորեց պատգամավորը: Ավելի ուշ պարզաբանեց, թե նախորդ տարիներին կարտոֆիլի ավելցուկ էր գրանցվել, որն այդպես էլ չիրացվեց: Գյուղացու աչքն էլ այս տարի վախեցել է ու ավելի քիչ կարտոֆիլ է ցանել. «100%-անոց դեղատոմս չեմ կարող տալ, թե ինչու է կարտոֆիլի գինը բարձրացել, ես դրա մասնագետը չեմ ու թվերի չեմ տիրապետում, բայց, որ շուկայական հարաբերությունների ու բնակլիմայական պայմանների հետ կապված է, չեմ կասկածում: Գյուղացին ավելի քիչ է ցանել, հնարավոր չէ, որ կարտոֆիլը շատ լինի ու գինը՝ բարձր, ձեզ հաստատ բան եմ ասում»: Պատգամավորը չբացառեց այն տեսակետը, որ հանրապետությունում կարտոֆիլի դեֆիցիտն ու բարձր գները պայմանավորված են արտահանման հետ. «Այո, շատ հնարավոր է, որ դա էլ կապ ունի, բայց լավ իմացեք, ինչ էլ արտահանվի՝ լինի դա ոչխար, կարտոֆիլ, թե ծիրան, մեր երկրին դա օգուտ ա: Եթե էսօր քաղաքացին տուժում ա, որ ծիրանը թանկ ա, ապա գյուղացին օգտվում ա»: Պարոն Ալեքսանյանը հավաստեց, որ այսօր կարտոֆիլի արտադրության ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող ու գին թելադրող՝ հանրապետությունում չկա. «1000 հա ցանքատարածություն ունեցող անգամ Հայաստանում չկա, էդ մասին պետք էլ չի մտածել, մենաշնորհ չկա»: Ավելի ուշ նա հորդորեց չնեղվել գյուղմթերքի բարձր գներից. «Էս տարի կարտոֆիլը թանկ է, մյուս տարի գյուղացիները կարտոֆիլ կմթերեն, միշտ էլ էդպես է լինում՝ մի տարի պոմիդորը էժան է, մյուս տարի դրա դեֆիցիտ է, որովհետեւ գյուղացին միամիտ է ու չի կարողանում կանխատեսել»: Նրա կանխատեսմամբ, հաջորդ ամսվանից էլ խաղողի մթերման խնդիրներ ենք ունենալու. «Էսօր պետությունը ուզում է գինու գործարանին ստիպի, որ խաղող ընդունի, չեն ընդունում, որովհետեւ իրենց գինիներն իրացված չեն, իրենց արտադրածը պահեստներում լցված է»: Պարոն Ալեքսանյանի խոսքով, «պետությունը երկրի անվտանգության հետ կապված պարենային ապրանքների, մասնավորապես՝ հացահատիկի ու կարտոֆիլի պաշարներ պետք է ունենա եւ անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելով՝ կանխի թանկությունը: Կառավարությունը ձեռնարկել է միջոցներ, որ հացահատիկի գնաճը մեղմի: Առաջին հերթին փորձում են լուծել ներկրման խնդիրը, հետո գների վերահսկողություն են սահմանելու, չեմ ժխտում՝ կան իրավիճակից օգտվողներ ու իրենց դիրքը չարաշահողներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել