Լրահոս
Օրվա լրահոսը

«Խալաֆյանը չէր կարող ինքնասպան լինել»

Օգոստոս 28,2010 00:00

Երեկ դատարանում հայտարարեց ամբաստանյալ, ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը:

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում շարունակվեց ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը: Երեկ իր ցուցմունքները շարունակեց ամբաստանյալ, Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի արդեն նախկին պետ Աշոտ Հարությունյանը: Ու թեեւ Վահան Խալաֆյանի մահվանից ժամեր անց ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում էին, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է, Աշոտ Հարությունյանը հայտարարեց, որ Վահան Խալաֆյանը չէր կարող ոստիկանությունում ինքնասպան լինել: Աշոտ Հարությունյանն հարց տվեց՝ ինչո՞ւ քննչական մարմնին, տվյալ դեպքում՝ Հատուկ քննչական ծառայությանը չի հետաքրքրել, թե ինչպե՞ս է Վահանը ոստիկանի աշխատասենյակում եղած ժամանակ բացել պահարանի դուռը, այն դեպքում, երբ պահարանը բռնակ չի ունեցել, եւ որքա՞ն ժամանակում է նա կարողացել ապակե բանկայի միջից հանել դանակն ու հարվածել իրեն, եթե դրա համար ժամանակ էր անհրաժեշտ, իսկ սենյակում ոստիկաններ կային: Այնուհետեւ՝ եթե Վահան Խալաֆյանը դանակով մեկից ավելի անգամ հարվածել է իր որովայնին՝ 12 սմ խորությամբ, ապա դրա համար ուժ էր հարկավոր, ինչը չէր կարող անել թուլացած մարդը: Եվ ամենակարեւորը՝ ո՞ւմ մատնահետքերն են եղել դանակի վրա: Աշոտ Հարությունյանը նշեց, որ սարսափել է, երբ ոստիկանի ձեռքով ոստիկանությունում մարդ է սպանվել: «Կարծում եմ, կսարսափեիք նաեւ դուք»,- նշեց ամբաստանյալը՝ ձեռքն ուղղելով մեղադրողներ Կորյուն Փիլոյանի եւ Հարություն Հարությունյանի կողմը: Հավանաբար ազդվելով կամ վիրավորվելով «սարսափել» բառից՝ մեղադրող Հարություն Հարությունյանը, երբ հարց էր ուղղում ամբաստանյալ Աշոտ Հարությունյանին, նրան դիմում էր՝ «սարսափած Աշոտ Հարությունյան»:
Դատարանում Աշոտ Հարությունյանը հայտարարեց նաեւ, որ նախաքննական մարմինը իրեն գործարք է առաջարկել. «Ես ձեզ պարզ ասեմ՝ նման առաջարկ եղել է: Ասել են՝ արի քո պետերի վրա գրի, տեսնենք՝ ինչ ենք անում»: Աշոտ Հարությունյանի ցուցմունքի ողջ ընթացքում ամբաստանյալի աթոռին նստած Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ամբաստանյալ Մորիս Հայրապետյանը ակնհայտ լարված էր եւ անհանգիստ: Իսկ նրա փաստաբանը, չգիտես ինչու, ոչ մի հարց չտվեց Աշոտ Հարությունյանին, այն դեպքում, երբ Հարությունյանի ցուցմունքից ակնհայտ դարձավ, որ Մորիս Հայրապետյանը Հատուկ քննչական ծառայության հետ գործարքի է գնացել: Ի դեպ, նախաքննական մարմինը ամբաստանյալ Մորիս Հայրապետյանին նախ կալանավորել է, ապա փոխել խափանման միջոցը եւ նրան ստորագրությամբ ազատ արձակել: Իսկ ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը կալանքի տակ է:
Դատարանի բակում հավաքված մարդիկ խոսում էին, թե «քրեականի պետ Աշոտը բացվել ա, բայց ինչի՞ դատարանում չի ասում, որ երբ ինքը Էջմիածնից եկել ա քաղմաս՝ Վահանը արդեն խոշտանգված ա եղել, ինքը էդ ամենը տենալուց հետո պետի տեղակալ Սամվել Տոնոյանի թեւից բռնել եւ դուրս ա արել, ասելով՝ ախպեր, էս ի՞նչ եք անում…»:
Հիշեցնենք, որ Վահան Խալաֆյանը մահացել էր ապրիլի 13-ին՝ ոստիկանության Չարենցավանի բաժնում: Պաշտոնապես հայտարարվել է, որ նրան ծեծել են, եւ նա ինքնասպանություն է գործել: Իրավապաշտպանների եւ Վահանի հարազատների կարծիքով, սակայն, նրան սպանել են: Ամբաստանյալի աթոռին են չորս ոստիկան, որոնք մեղադրվում են Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու մեջ: Այս գործով հերթական դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 3-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել