Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԷԼԻ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ Է ՀԱՐՎԱԾՈՒՄ

Օգոստոս 28,2010 00:00

Դրա հերթական վկայությունը մաքսային օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխություններն են

ՀՀ կառավարությունն իր հինգշաբթի օրը տեղի ունեցած նիստում հավանություն է տվել «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի համաձայն՝ մասնավորապես ֆիզիկական անձանց արգելվելու է «ժամանակավոր ներմուծման» կարգով ավտոմեքենա ներկրել Հայաստան: Ալավերդյանը հայտարարել է, թե Հայաստանում տարեցտարի ավելանում է այն ավտոմեքենաների քանակը, որոնց տերերը մաքսազերծման համար անհրաժեշտ՝ մեքենայի շուկայական արժեքի շուրջ 32%-ի վճարումներն անելու փոխարեն գերադասում են մեքենաները չմաքսազերծել եւ դրանք գրանցել որպես «ժամանակավոր ներմուծված»: Հիշեցնենք, որ գործող օրենքով ավտոմեքենա ներմուծող քաղաքացուն տրվում է 10-օրյա ժամկետ, որի ընթացքում նա կարող է մեքենան մաքսազերծել եւ գրանցել: Օրենքում առկա հենց այս սողանցքից օգտվելով էլ՝ հիմնականում Վրաստանից ներմուծվող մեքենաների տերերը նախընտրում են ամիսը մեկ անգամ հատել Հայաստան-Վրաստան սահմանը, մեքենան վերագրանցել ժամանակավոր ներմուծման ռեժիմով, քան վճարել մեքենայի արժեքի 32%-ի մաքսազերծման վճարը:
Հիմա կառավարությունը որոշել է փակել օրենքում առկա սողանցքն ու այսուհետ «ֆիզիկական անձանց արգելել գրանցել ժամանակավոր ներմուծում»: Այդ արտոնյալ ռեժիմից կարող են օգտվել բացառապես օտարերկրյա քաղաքացիները՝ մուտքի արտոնագրում նշված ժամկետի չափով:
Կառավարության այս նոր նախաձեռնությունը չմաքսազերծված «ինոմարկա» վարող հայ վարորդների շրջանում արդեն իսկ դժգոհություն է առաջացրել: Նրանք հայտարարում են, թե մաքսազերծման բարձր վճարն անտրամաբանական է եւ ընտրովի է կիրառվում, ու եթե օրինագիծը ուժ ստանա, ո՛չ իրենք, ո՛չ էլ ՀՀ քաղաքացիների զգալի մասը ֆինանսապես ի վիճակի չեն լինի մեքենա ներմուծել: Սա, իհարկե, տրամաբանական է, բայց մյուս կողմից էլ ստացվում է, որ պետությունը պետք է աչք փակի ամիսը մեկ նույն չմաքսազերծված մեքենայով սահմանում ելումուտ անող «շուստրի» քաղաքացիների կողմից պետական բյուջեից, ըստ էության, կատարվող գողության վրա: Որ գործադիր մարմնի նախաձեռնությունը հերթական անգամ հարվածելու է ՀՀ շարքային քաղաքացու գրպանին, որ այն մանր ու միջին բիզնեսով զբաղվողներին, անհատ տաքսիստներին «հարկելու» օրինակով բացառապես մեր դատարկ պետբյուջեն լցնելու եւս մի տարբերակ է՝ փաստում է նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Խնդիրը վաղուց հասունացած է եղել ու, իհարկե, լուծում պետք է ստանար, բայց իշխանությունը ինչ-ինչ պատճառներով դրանից խուսափում էր: Արդեն վերջին տարիներին բոլորս էլ տեսնում ենք, որ օրեցօր շատանում է ՀՀ քաղաքացիների կողմից գնված վրացական համարներով մեքենաների թիվը: Բոլորիս մոտ էլ հարց էր առաջանում՝ ի՞նչն է պատճառը: Իսկ պատճառն այն է, որ հայաստանցիների համար ավելի հեշտ է մեքենա գնել ոչ թե Հայաստանում, այլ Վրաստանում: Սրա պատճառն էլ ամենապարզ, ամենատրիվիալ այն ճշմարտությունն է, որ Վրաստանում ավտոմեքենայի մաքսազերծման հարկերն ավելի ցածր եւ ձեռնտու են, քան Հայաստանում: Սակայն այն, ինչ ծրագրում է անել կառավարությունը, դարձյալ անտրամաբանական քայլ է, ու հարց չի լուծում: Կան տնտեսագիտական պարզ մոտեցումներ. եթե մենք ունենք հարեւան այնպիսի երկիր, ինչպիսին Վրաստանն է, որի սահմանը հատելը դժվար չէ՝ վիզային ռեժիմ չկա, կարող ենք ազատ տեղաշարժվել, ու եթե Վրաստանում հարկերն ավելի ցածր են, ուրեմն կապիտալը պետք է հոսի այնտեղ: Տվյալ դեպքում Վրաստանը ավտոմեքենաների ներկրման դյուրին եւ էժան ռեժիմ է սահմանել: Իսկ Հայաստանի իշխանությունը որդեգրել եւ համառորեն շարունակում է վարել իր արատավոր քաղաքականությունը՝ բյուջեի համալրման աղբյուր համարելով մեքենաների ներկրման համար նախատեսված 32 տոկոս մաքսազերծման վճարը: Նույնը, ի դեպ, վերաբերում է նաեւ Վրաստանից ներկրվող այլ ապրանքատեսակներին: Օրինակ՝ էլեկտրատեխնիկայի մաքսազերծումն այդ երկրում զրո է, ու կարելի էր Վրաստանից ասենք՝ ոչ թանկ գներով էլեկտրական սարքեր, համակարգիչներ ներկրել Հայաստան: Ասել կուզեմ՝ նորմալ երկիր լինելու դեպքում ՀՀ իշխանությունն իր տնտեսական՝ հարկային ու մաքսային քաղաքականությունը պետք է հարմարեցնի կամ համաձայնեցնի նույն Վրաստանի քաղաքականությանը, որը մեր միակ ազատ տնտեսություն եւ մեզ համար բաց սահման ունեցող հարեւանն է, եւ առավել եւս, որ Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է: Բայց ՀՀ իշխանությունը դրան չի գնում. դա նրանց ձեռնտու չէ, որովհետեւ դա նշանակում է ազատ մրցակցություն, իշխանության տրամաբանությամբ՝ նշանակում է բյուջեի ստաբիլ եկամուտների կորուստ: Իրականում մեքենաների ներկրումը Հայաստան, նախորդ տարիների համեմատ, 2009-2010թթ.-երին արդեն իսկ նվազել է: Դրա պատճառներից մեկն էլ հենց մաքսային քաղաքականությունն է: Ավելին, Հայաստանը դարձել է մեքենաների «գերեզմանատուն»: Հայաստանում եղած ոչ մի մեքենա չի վաճառվում, որովհետեւ ներկրված մեքենաներն այնպիսի վիճակում են, որ մի քանի տարի օգտագործելուց հետո շահագործման համար հիմնականում այլեւս անպիտան են դառնում: Խոսքն, իհարկե, օլիգարխների կամ իշխանության վերնախավի ճոխ մեքենաներին չի վերաբերում, որոնք հարեւան երկրում հնարավոր էլ չէ վաճառել»,- պարզաբանեց Վ. Խաչատրյանը: Ի դեպ, նա «ժամանակավոր ներմուծում» ձեւակերպումն էլ շատ կասկածելի համարեց՝ շեշտելով, թե միջազգային նորմերի տեսանկյունից նման հասկացություն չկա:
Անդրադառնալով Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսազերծման չափին՝ մեքենայի շուկայական գնի մոտ 32 տոկոսի չափով, տնտեսագետը նկատեց, թե այդ մաքսազերծման գործընթացն էլ կիրառվում է խիստ կամայականորեն՝ ինչպես արվում է մյուս բոլոր ոլորտներում, եւ դա արդեն կոռուպցիոն ռիսկ է պարունակում: «Վրաստանում, օրինակ, մեքենայի մաքսազերծման համար ընդամենը երկու չափանիշ է կիրառվում՝ մեքենայի տարիքն ու շարժիչի հզորությունը: Հայաստանում «հաշվի են առնում» մեքենայի տարիքը, շարժիչի հզորությունը, նույնիսկ սալոնի կահավորվածությունն ու վիճակը՝ սալոնը կաշվի՞ց, թե՞ կտորից է, «ծյունինգ» արվա՞ծ է, թե՞ ոչ, ու էլի տասնյակ «չափանիշներ», որոնք կիրառվում են ընտրողաբար՝ մի ներկրողի դեպքում անպայմանորեն հաշվի է առնվում, մյուսի դեպքում՝ ոչ: Այդ «մյուսի» դեպքում մաքսավորները պահանջում են ներկայանալ, ինչպես ասում են՝ «in face» (անձամբ)»,- նկատեց Վ. Խաչատրյանը:
Խոսելով գործնականում ՀՀ քաղաքացիների կողմից այսօր գործող օրենքը «ժամանակավոր ներմուծման» անվան տակ շրջանցելու՝ գրեթե զանգվածային դարձած դեպքերի մասին, Վահագն Խաչատրյանը նկատեց, թե՝ միանշանակ է, որ այդ խնդիրը պետք է լուծվի. «Ի վերջո, դա էլ է աննորմալ երեւույթ: Բայց այդ հարցի լուծումը մեկն է՝ փոփոխություններ կատարել մաքսային եւ հարկային օրենսդրության մեջ եւ Հայաստան ներկրվող մեքենաների (նաեւ այլ ապրանքների) մաքսազերծման առնվազն չափանիշները հավասարեցնել Վրաստանում կիրառվողի հետ: Դրա համար շատ խելք, շատ չարչարվել պետք չէ: Ընդամենը պետք է խիզախություն ունենալ: Հակառակ դեպքում քաղաքացին, միեւնույն է, ի վիճակի չէ այդ 32%-ը վճարելու ու ստիպված է լինելու նոր մեքենա գնելու փոխարեն՝ իր հին մեքենան շահագործել կամ մեքենան գրանցել Վրաստանում եւ ավելի ցածր գույքահարկ վճարել Վրաստանում՝ լցնելով այդ երկրի բյուջեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել