Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ՇՓՎԵԼՈՒ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՓՈՐՁԻՑ

Օգոստոս 28,2010 00:00

Վիրավորանքի համար իշխանամետ թերթի դեմ գործը կարճվեց, իսկ հավաքներին խոչընդոտող ոստիկանները պնդեցին, թե Զարուհի Փոստանջյանի կազմակերպած ցույցերը զանգվածային էին:

\"\"

«Եթե խորհրդային տարիներին դատավորների վախի զգացումը կապված էր մի քանի գործոնների հետ, ապա այսօր միանշանակ կարելի է փաստել, որ դատական համակարգը գտնվում է գործադիր իշխանությունից ուղղակի՛ կախվածության մեջ, հիմնականում՝ նախագահից: Ավելի՛ն՝ անկախության տարիների ընթացքում, հիմնականում՝ 1998-ին սկսված դատաիրավական բարեփոխումներից հետո, արդարադատություն իրականացնողների՝ գրեթե բոլոր դատավորների վերաբերյալ Ազգային անվտանգությունում կան կիլոգրամներով դոսյեներ, կոմպրոմատներ, որոնց պատճառով այս մարդիկ չեն կարող լինել անկախ: Եվ պետք եղած ժամանակ ցանկացածի՛ նկատմամբ կարող են օգտագործվել այդ դոսյեները»,- երեկ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած «Ինչպե՞ս ապահովել անկախ դատական համակարգ» քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Նրա առաջարկած լուծումը հետեւյալն էր՝ որպես սկիզբ, պետք է վերացնել դատավորների մի մասի վերաբերյալ այդ դոսյեները եւ հնարավորություն տալ գործունեություն սկսելով «մաքուր էջից»՝ նրանց տալ պետական ծառայության համակարգում ամենաբարձր աշխատավարձը. «Եվ իհարկե՝ դատավորների մի մաս կա, որոնց ընդհանրապե՛ս պետք է հեռացնել արդարադատության համակարգից: Ավելի՛ն՝ մարդիկ կան, որոնց նկատմամբ պետք է իրականացնել քրեական հետապնդում: Այդ համակարգում այդպիսի մարդիկ շատ կան»: Անուններ նշելու խնդրանքին ի պատասխան՝ նախկինում փաստաբան աշխատած պատգամավորն ասաց. «Օրինակ, մի դատավոր գիտեմ, որն իմ պաշտպանյալների նկատմամբ ցմահ դատավճիռ կայացրեց, որը հետագայում, իհարկե, բեկանվեց: Այդ դատավորն ասում էր՝ այո՛, ես Պինոչետն եմ: Ալկոհոլ ընդունած էր գալիս դատական նիստի: Ձեռքը խփում էր, գոռում էր… Աղրամանյան Մհերն էր»: Ներկա մեկ այլ փաստաբան՝ Հարություն Բաղդասարյանը նույն դատավորի վերաբերյալ այլ օրինակ պատմեց, որ Արմավիրում ընդդիմադիր մի ակտիվիստից լսելով, թե նա ԲՀԿ անդամ է՝ դատական նիստի ժամանակ հարցրել է, թե՝ բա դու ՄԵՐ «Բարգավաճի» անդամ ես՝ ի՞նչ ես գնացել խառնվել ընդդիմությանը:
«Առավոտը» խնդրեց Զարուհի Փոստանջյանին դատական համակարգի հետ շփվելու իր բավական հարուստ փորձից մանրամասնել, թե ինչպիսին է իր այն հայցերի ճակատագիրը, որոնք վերաբերում էին հավաքների ազատության խոչընդոտումներին ու նաեւ այլեւս լույս չտեսնող իշխանամետ մի թերթի վիրավորական հրապարակման եւ կոլաժի կապակցությամբ հարուցված քրեական գործին: Վերջինս, պարզվեց, կարճվել է այն հիմքով, որ ապաքրեականացվել է «Քրեական օրենսգրքի» 136-րդ հոդվածը՝ «Վիրավորանք»: «Թեեւ մինչ այդ քրգործն ընթանում էր, սակայն որեւէ անձի այդպես էլ մեղադրանք չառաջադրեցին: Ենթադրաբար՝ բոլորն էլ գիտեին, որ օրենքը պետք է փոխվի»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը: Սակայն նաեւ նշեց, որ իր շահերի պաշտպան փաստաբանն այժմ դատարան քաղհայց է պատրաստում՝ օրենքի նոր փոփոխության համաձայն այդ հրապարակման հեղինակներին տուգանելու պահանջով. «Կտեսնենք, թե ինչպես է գործելու այս ոլորտում քաղաքացիական նոր օրենսդրությունը»:
Առավել մանրամասն ներկայացրեց, թե ինչ արդյունք է ունեցել իր եւ իր համախոհների կազմակերպած հավաքների դեմ իրավապահների հարուցած խոչընդոտները բողոքարկելու փորձը. «Վերջիվերջո հասանք նրան, որ այդ գործն ուղարկեցին Հատուկ քննչական ծառայություն: Այն կայացրեց որոշում, որն ինձ չի բավարարում: ՀՔԾ-ն նշել է, թե իբր նյութեր են նախապատրաստել ու պարզել, որ ոստիկանների գործողություններում չկա որեւէ հանցակազմ, ուստի մերժում են քրեական գործի հարուցումը: Որոշման մեջ նաեւ գրել են՝ իբրեւ թե ինձ մի քանի անգամ հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն, բայց չեմ գնացել ու իրենց չեմ տրամադրել նյութեր: Ու դրանով սահմանափակվել են: Նաեւ նշել են, թե ոչ մի հիմք չեն ունեցել իրենց տրամադրության ներքո՝ ո՛չ տեսագրություն, ո՛չ ձայնագրություն: Ես, իհարկե, տրամադրել եմ նյութեր»: Նկատեց, որ դրանք հրապարակված նյութեր էին. «Եվ եթե իրենք ցանկություն ունենային՝ հաստատ կարող էին դրանք նայել, մարդկանց հարցնել: Իսկ իրենք միայն բացատրություններ են ստացել ոստիկանության աշխատակիցներից: Որեւէ կերպ մեր կողմի փաստարկները չեն լսվել Հատուկ քննչական ծառայության կողմից»:
Ուշագրավ են այն բացատրությունները, որոնք ներկայացրել են ոստիկանները: «Նշել են, թե քանի որ ոչ զանգվածային միջոցառումը ընթացքում դարձավ զանգվածային՝ մենք սկսեցինք միջամտել»,- պատմեց տիկին Փոստանջյանը: Սակայն նրա կազմակերպած բողոքի բոլոր ցույցերը՝ Թեղուտի կամ հայ-թուրքական արձանագրությունների դեմ, միշտ փոքրաքանակ էին՝ մասնակցում էին հազիվ 20-40 հոգի: Եվ նրանք խաղաղ ցուցարարներ էին, որոնք ուղղակի երգում կամ վանկարկում էին: «Իրենք ընդունում են, որ միջամտել են, ինչը նաեւ երեւում է նկարների եւ տեսագրության մեջ: Եվ չեն կարող հիմնավորել, որ 25 կամ թեկուզ 50 հոգու հավաքը դարձել էր զանգվածային: Սա նշանակում է, որ իրենց կողմից ապօրինի միջամտություն է տեղի ունեցել, ու նրանք թույլ են տվել քրեորեն հետապնդելի արարք»,- արձանագրեց «Ժառանգության» պատգամավորը: Նաեւ հայտնեց. «ՍԴ առջեւ մեր ցույցը խոչընդոտելու վերաբերյալ ընդհանրապես չի կայացվել ոչ մի որոշում: «Առավոտ» թերթում հրապարակված լուսանկարներն էլ եմ ուղարկել: Հիմա հանցագործության մասին նոր հաղորդում եմ նախապատրաստում՝ մի քանի դրվագների վերաբերյալ: Եթե սա էլ մերժվի՝ նոր ներկայացվելիք այս հիմնավոր հաղորդումը հանցագործության մասին, ապա մենք արդեն սովոր ենք անցնել եռաստիճան դատական համակարգը եւ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել