Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉԳԻՏԵՄ՝ ՈՐՏԵՂԻՑ ԵՆ ՀՈՐԻՆՈՒՄ»

Օգոստոս 28,2010 00:00

\"\"ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը վստահեցնում է, որ իր բիզնեսը չի վաճառում

– Ըստ մամուլում առկա տեղեկությունների, դուք ձեր բիզնեսը վաճառում եք եւ մտադիր եք տեղափոխվել երկրից, որովհետեւ իշխանությունների հետ ձեր հարաբերությունները չեն ստացվում:
– Այդ բաները ես միայն թերթից եմ լսում, նման բան իրականում չկա, եւ պարզապես զարմանում եմ, թե մարդիկ որտեղից են այդ ստերը հորինում: Այդպիսի բան չկա եւ չի կարող լինել:
– Այսինքն՝ որեւէ բան չեք վաճառել եւ մտադրություն չունե՞ք երկրից հեռանալու:
– Ոչ մի բան չեմ վաճառել եւ երկրից էլ չեմ գնալու, ո՞ւր գնամ, սա իմ երկիրն է: Իսկ ընդհանրապես, եթե վաճառած էլ լինեմ, դա չի նշանակի, որ ինչ-որ արտասովոր բան եմ անում, մեր իրականության մեջ, բիզնեսում՝ առավել եւս, վաճառքը շատ սովորական բան է, մի բան գնում ենք, մի բան վաճառում ենք, բայց ես ոչինչ չեմ վաճառել:
– Իսկ դուք ունե՞ք բացատրություն, թե ինչու են նման տեղեկություններ տարածվում, ո՞ւմ է դա պետք, համաձայնեք, որ, այնուամենայնիվ, ծուխն առանց կրակ չի լինում:
– Կրկնում եմ՝ եթե բիզնես կա, կա նաեւ առք ու վաճառք, գրում են «Արաքս» թռչնաֆաբրիկայի մասին, այո, այդ ֆաբրիկայի հետ, եւ ոչ միայն այդ ֆաբրիկայի, կան բանակցություններ, որի արդյունքը մնացել է այն, ինչ եղել է. մեկին գինը հարմար չի եղել, մյուսին պայմանները հարմար չեն եղել: Համենայնդեպս, ոչ մի դրական բան չի եղել, ընդամենը ուսումնասիրություններ ենք արել մենք իրենց մոտ, իրենք՝ մեզ մոտ: Ես զարմանում եմ, որ այդ ամենը, ինչը բիզնեսի կանոնների մեջ է, մեզ մոտ դառնում է քննարկման թեմա եւ քաղաքականացվում է: Ովքե՞ր են ուզում, որ ամեն օր դրա մասին գրվի, խոսվի, երբ դա սովորական բան է: Մեծ-մեծ բաները թողել ենք, ընկել ենք մանր-ճղճիմ բաների հետեւից:
– Դուք ՀՀԿ խորհրդի անդամ եք, գոնե այն մասով, որ ձեր հարաբերությունները իշխանությունների հետ լավ չեն, համապատասխանո՞ւմ է իրականությանը:
– Չկա այդպիսի բան, համենայնդեպս՝ մինչ այսօր այդպիսի բան չի եղել, չի կարող լինել, այդպիսի թեմա չկա, եւ չգիտեմ՝ որտեղից են հորինում:
– Իսկ դուք թշնամիներ չունե՞ք:
– Ես թշնամի չունեմ, ինձ համար բոլորը մարդիկ են, մեկը գործարար է, մեկը ընկեր է, մեկը հարեւան է, աշխատակից է, ինձ համար բոլորը մարդիկ են, ես թշնամի չունեմ, եթե ինչ-որ մեկն ինձ իրեն թշնամի է համարում, դա իր խնդիրն է, թող ինքը մտածի:
– Ձվի շուկայում ստեղծված իրավիճակը ինչո՞վ եք բացատրում, ինչո՞ւ ձվի ավելցուկ առաջացավ:
– Ամբողջ խնդիրը տնտեսության վատ ուսումնասիրությունն է, երբ տնտեսությունը ուսումնասիրված չէ, եւ ստացվեց այնպես, որ միանգամից ձվի շուկայում գերարտադրություն առաջացավ, դրան գումարվեց շոգը, 40 տոկոսով գերարտադրություն առաջացավ: Մեր շուկան փոքր է եւ հիմնականում արտադրվում է այնքան, ինչքան անհրաժեշտ է: Մյուս տեսակները մի քիչ արտադրվում են, ներմուծվում են, ձվի շուկայում ներմուծում գոյություն չունի, եւ ամբողջն արտադրվում է տեղում, մարդիկ էլ մտածում են, որ շատ արտադրեն՝ շատ կվաճառվի, եւ եկանք հասանք այնտեղ, որտեղ հասել ենք: Այսինքն՝ առաջացավ մոտավորապես 40-50 տոկոս գերարտադրություն: Ի՞նչ անեն ավել ձուն՝ կամ պետք է գները գցեն, որ պրծնեն այդ ձվերից, կամ պիտի թափեն: Միակ ապրանքատեսակն է, որտեղ գների իջեցում է տեղի ունենում, ամեն ինչի գները բարձրանում են, այս ապրանքատեսակի գինն իջնում է: Հիմա էլ մտածում են, թե ինչի՞ է էժան, փոխանակ ուրախանան:
Ինչ վերաբերում է բիզնես հարաբերություններին, բիզնես հարաբերությունները եղել են, կան եւ կլինեն, բա իհարկե, առեւտուր կարող է լինել, լայնացում կարող է լինել, ամեն ինչ կարող է լինել:
– Ձվի շուկայում մենաշնորհ չկա՞:
– Չէ, այսօր չկա, գրեցին, թե «Արաքսը» գնում է բոլոր ֆաբրիկաները, սա էլ էր սուտ, այդ մարդը ոչ մի ֆաբրիկա էլ չի գնել, ընդամենը մի քանի գոմեր է գնել՝ միս արտադրելու համար: Չգիտեմ՝ այս կեղծ տեղեկությունները տարածելն ում է ձեռնտու: Երբ գրածները բանի տեղ չենք դնում, էլի են շարունակում:
– Ի դեպ, նորից գրածների մասին. տեղեկություններ կան, որ ձեր բիզնեսը ծաղկել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, եւ հիմա ձեզ, կներեք, «քցում են»:
– Լրիվ հակառակն է գրված: Իրականում իմ բիզնեսը հիմա է կարգավորվում, երեւի որ կարգավորվում եմ, դրա համա՞ր են գրում:
– Ըստ որոշ տեղեկությունների, դուք, մեղմ ասած, վատ հարաբերություններ ունեիք Արագածոտնի մարզպետի հետ, հետո տեղեկություններ տարածվեցին, որ վերջինիս եղբոր միջամտությամբ հանդիպել եք եւ հաշտվել, եղե՞լ է նման բան:
– Ես ոչ մեկի հետ ոչ հանդիպել եմ, ոչ էլ խոսել եմ այդ թեմայով, ոչ էլ խոսելու ցանկություն կա, ինքը իր գործին է, ես էլ իմ աշխատանքին եմ: Ոչ մի բան չկա, մի ժամանակ գրեցին՝ էս ա եղել, էն ա եղել: Բացարձակ ոչ մի նման բան չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել