Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 27,2010 00:00

2. Ցեղասպանությանը վերաբերող բանակցություններ,որոնք ուղղորդվում են կողմնակի երկրներից

Սկիզբը՝ «Առավոտ»,25.08.2010

 Մենք առավոտյան ուշ արթնացանք, որովհետեւ նախորդ օրը շատ էինք հոգնել: Այս մի քանի օրերին մեր տեսած երազների քանակը դրամատիկորեն ավելանում էր: Դեռ լրիվ չէինք թոթափել մեր հոգնությունը: Մտածեցինք, որ նախքան Կարինեին ժամը 13:00-ին հանդիպելը՝ կարելի է այցելել ինտերնետային աշխարհ, որն անտեսել էինք երկար ժամանակ:

Երեւանում առավոտը պարզ ու փայլուն է: Էրեբունիում փորձում էինք ինտերնետ-սրճարան գտնել: Ինտերնետային կապն այն սրճարանում, որտեղ եղել էինք նախորդ օրը, պրոբլեմատիկ էր: Փողոցի վրա ձմերուկ վաճառողները, շենքերի ներքնահարկերում տեղակայված նպարեղենի խանութները եւ ջրափոսերում խաղացող երեխաները մեզ հիշեցրին մեր երկիրը: Ավտոբուսի կանգառում քարտեզ կար կախված: Քարտեզի վրա պատկերված շրջանները՝ Նոր Արաբկիր, Նոր Մալաթիա, Նոր Զեյթուն, Մարաշ… գրավեցին մեր ուշադրությունը:

Երկրում օտարերկրյա ներկայացուցչությունները բարձր են գնահատվում: Ցանկացած դեսպանատանը մոտենալիս՝ դրա գոյության մասին տեղեկանում ես դեռ կիլոմետրեր առաջ: Բացի այդ, քաղաքի կանգառասրահներում փակցված քարտեզներում՝ «Օրանժ» բջջային օպերատորի դիզայնով, նշված են նաեւ դեսպանատները:

Ճանապարհին մի սրճարան գտանք եւ նստեցինք այնտեղ: Մի քիչ հետո սրճարանի տերը բարձր երաժշտություն միացրեց, որը հանկարծակի փոխվեց Ղուրանի մի սուրայի: Մենք իսկապես անակնկալի եկանք: Մեզ հետաքրքրեց՝ արդյոք սրճարանատերը մուսուլմա՞ն է: Սակայն երբ դուրս էինք գալիս սրճարանից՝ կրկին ցնցվեցինք՝ տեսնելով նրա պարանոցից կախված խաչը: Ինտերնետը հնարավորություն է տալիս հետաքրքրվողներին՝ լսել սուրաներ Ղուրանից, եւ այստեղ մարդիկ ազատ են այդ հնարավորությունից օգտվելու: Հատկապես Սիրիայում բնակված հայերը վարժված են այս իրավիճակին: Երբ վճարում էինք ինտերնետի համար, ես, պատահաբար, հանեցի թուրքական մանրադրամ՝ ղուրուշ: Սրճարանատերն ասաց, որ այդ փողը այստեղ չի կիրառվում, եւ ես պատասխանեցի որ դա թուրքական փող է: Նա էլ ժպիտով արտահայտեց իր գոհունակությունն ու ասաց՝ բարով եք եկել:

Այսօր գնում ենք Ծիծեռնակաբերդը տեսնելու, որի ներքո թաքնված էին հայ-թուրքական ճգնաժամը եւ 1915 թվականի հիշողությունները: Ընկերոջս՝ Իսմայիլի ցանկությամբ մենք Ծիծեռնակաբերդ գնալը պլանավորել էինք դեռ շատ ավելի վաղ: Տաքսի վերցրինք եւ ուղեւորվեցինք դեպի հուշահամալիր: Այս հուշակոթողը շատ բարեխղճորեն նախագծված մի վայր է: Հուշահամալիրը, որի անունը նշանակում է ծիծեռնակների բույն, կառուցվել է 1966-ին՝ 1915 թվականի 50-րդ տարելիցին նվիրված: 12 սյուները ներկայացնում են Արեւելյան Անատոլիայի այն 12 քաղաքները, որոնցից գաղթել են հայերը: Սյուների մեջտեղում գտնվող կրակն այնպես են նախագծել, որ այն երբեք չի մարում:

Հուշարձանից ցած գտնվում է թանգարանը, որը կոչվում է «Ցեղասպանության թանգարան»: Առաջինը այստեղ աչքի է ընկնում «1909-ի Ադանայի կոտորած» պաստառը: Այդ տեսարանում պատկերված մթնոլորտից այն տպավորությունն էր, թե իբր Թուրքիան է 1909-ի գաղթի ժամանակ հրահրել մարտի 31-ի անկարգությունները Ադանայում: Մեր ընկերը թանգարանի աշխատակցին տեղեկացրեց, որ թուրքեր ենք: Հետաքրքրությամբ լի հայացքով նա մեզ համար թարգմանիչ հրավիրեց: Այդ բարետես կինը փորձում էր պատմել իր ազգի պատմությունը մարդկանց, ովքեր այն ազգի ներկայացուցիչներն են, որն իրականացրել է 1915-ի իրադարձություններն իր ազգի հանդեպ:

Թանգարանում կային շատ նյութեր՝ սկսած Աբդուլ Համիդի հայտարարություններից մինչեւ Մուստաֆա Քեմալին վերաբերող նյութեր, որոնցում նա ներկայացված էր որպես բռնակալ եւ Պոնտոսի ցեղասպանության գլխավոր պատասխանատու: Կար նաեւ հայ երեխաների հետ Ջեմալ փաշայի լուսանկարը, որի մասին մենք գիտենք, որ նա սպանել է շատ ելուզակների՝ հայերի հարմարավետությունն ապահովելու համար: Կային նաեւ գերմանական նկարագրություններ, որոնց համաձայն՝ Թալեաթ փաշան մարդասպան էր… Թարգմանիչը շարունակում էր ներկայացնել իր ազգի պատմությունը մեծ ոգեւորությամբ:

«Մեր նախկին հողերը,- ասում էր տիկինը,- Մարաշը, Մալաթիան, Մուշը, Դիարբեքիրը, Վանը…»: Այս տարածքներում երիտթուրքերը կատարվող արյունահեղությունները օրինական էին համարում եւ կազմակերպում էին հայերի սպանությունները մի պատճառով, որն իրենք էլ նույնիսկ չգիտեին: Եվ նրանց դա հաջողվում էր…

Թանգարանի հայելիների վրա ֆրանսիացի ու գերմանացի նկարիչների ու գրողների գործերն էին՝ մարդասիրական խոստումներով: Ավելին, թանգարանում դեռ վաճառվում է «Լավ թուրքի խոստովանությունը» վերնագրով մի գիրք՝ գրված մի թուրքի կողմից, ով փախչել է Թուրքիայից Գերմանիա: Թանգարանում հանդիպած այս արտահայտությունը՝ «4 միլիոն հոգիների զոհաբերությունը», ստիպեց մեզ հասկանալ, թե ինչքան են մարդիկ ազդվում ծանր քարոզչությունից: Ինչպես հասկացանք այնտեղի աղբյուրներից՝ քարոզչությունները հովանավորվում են եվրոպական երկրների կողմից, եւ Ռուսաստանը պայմանավորվել է օգտագործել դա ցանկացած ժամանակ՝ Կովկասում կառավարելի իշխանություն ստեղծելու նպատակով:

Ես սա անվանում եմ արտաքին ուժերի կողմից ղեկավարվող երկխոսություն, որովհետեւ ոչ թուրքը, ոչ էլ հայը չկարողացան այս հարցերը քննարկելու համար հանդիպման հիմքեր ձեւավորել: Գլխավոր պատճառը մեր սեփական հարցերը քննարկել չկարողանալն է: Թարգմանչին հարցրինք՝ արդյոք Ֆրանսիան, Անգլիան եւ Ռուսաստանը պատասխանատու չե՞ն այս իրավիճակի համար: Նա ասաց. «Նրանք ուժեր էին՝ ընդդեմ Օսմանյան կայսրության, եւ պատերազմի բնույթից ելնելով՝ նրանք Թուրքիայի թշնամիներն էին: Պատասխանատվությունը թուրքերինն է»: «Եվ Գերմանիայի՞նը»,- հարցրինք, որովհետեւ այս թանգարանի շատ նյութեր վերցված էին գերմանական օրիգինալից: «Այո,- ասաց նա,- նրանք մասամբ պատասխանատու են: Բացի այդ, նրանք չէի՞ն, որ ներշնչվեցին թուրքերից ու հրեաների ցեղասպանությունն իրագործեցին»:

Թանգարանից դուրս գալուց հետո գնացինք հուշահամալիրը տեսնելու: Ինչպես արդեն նշեցի՝ այն բաղկացած է 12 սյուներից եւ անմար կրակից: Արյամբ ու արցունքներով լցված երաժշտությունը հնչում է խորքից: Այստեղ մթնոլորտն իսկապես մռայլ է:

Արցունքոտ աչքերով մի մարդ հեռացավ հուշարձանից: Նրա գնալուց հետո մենք էլ դուրս եկանք՝ գնացինք հուշարձանը շրջապատող տարածքը դիտելու: Քիչ հեռու գտնվում էր աշխարհի տարբեր երկրների առաջնորդների տնկած ծառերի պուրակը: Այստեղ ծառեր են տնկել նաեւ Ամերիկայի դեսպան Հենրի Մորգենթաուի (որին մենք գիտենք որպես այդ տարիներին թուրքերի դեմ բողոքի ձայն բարձրացրած պաշտոնյա) երեխաները:

Մի քիչ զրուցելուց հետո գնացինք Էրեբունի, գտանք մի ռեստորան՝ քաղցած էինք: Մեր ընկերը ռեստորանի աշխատակցին ասաց, որ թուրքեր ենք: Կինը զարմացավ ու ասաց, որ մինչեւ հիմա թուրք հաճախորդ չի ունեցել: Թուրք տեսնելն այստեղ մարդկանց համար կարճատեւ շոկի պատճառ է դառնում: Եվ միայն՝ այդքանը:

Մենյուն նայելու ընթացքում մեր զարմանքն ավելի էր մեծանում, որովհետեւ հանդիպեցինք նույն ճաշատեսակներին, որոնք կան նաեւ Թուրքիայում: Պատվիրեցինք ճտի խորոված եւ թան, որը մեզ մոտ ayran է կոչվում: Ճաշի ընթացքում խոսում էինք հայ-թուրքական մշակույթի նմանությունների մասին: Հայերենի մեջ շատ կան թուրքական բառեր: Բայց այն, որ այդ բառերը եկել են թուրքերենից, քչերին է հայտնի: Օրինակ՝ յաման, մեյդան, չարդախ, չարսավ, յահուդի (ջհուդ-թարգմ.), հաչ (խաչ-թարգմ.)… այս բառերը երկու լեզվում էլ նույն իմաստով են օգտագործվում, դրանցից ոմանք թուրքերենից են անցել հայերենին, ոմանք՝ հայերենից թուրքերենին: Մեր երկու մշակույթներում էլ կան սուրճի բաժակով բախտագուշակություն անելու, աղջիկ փախցնելու եւ այլ սովորույթներ…

Մեր ընկերը՝ Կարինեն, հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են Թուրքիայում հակահայկական հայտարարություններն այդքան շատ: Մենք նկատեցինք, որ իրավիճակը դեռ մտածելակերպ չէ, եւ քաղաքական խնդիրները սոցիալական խնդիրներ են ստեղծում:

Մեր ընկերոջ ընտանիքը արձագանքեց մեր խնդրանքին՝ հանդիպել միմյանց: Նրանք ասացին, որ 2 օրից կարող ենք իրենց ամառանոց գնալ: Ռեստորանից հետո գնացինք մոթել: Ամբողջ ճանապարհին խոսում էինք Երեւանի ու մեր լեզուների նմանությունների մասին:

Ցանկացա մի քանի տեղ զանգահարել հեռախոսով: Հեռախոսը չէր աշխատում, ու մոթելի աշխատակցուհիները շտապեցին ուրիշ հեռախոս բերել: Նրանք իսկապես բարեհամբույր ու ջերմ մարդիկ են…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել