Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Casting-ը հայերի համար խորթ է

Օգոստոս 27,2010 00:00
Հայերն ընտրվելու կարիք չունեն, որովհետեւ ամենալավն են

«Պահանջվում են դերասաններ կամ դերասանուհիներ՝ ֆիլմերում, տեսահոլովակներում նկարահանվելու համար, մասնագիտական կրթությունը պարտադիր չէ»: Նման հայտարարությունների կարելի է հանդիպել ամենուր, բայց թե ի՞նչ պայմաններով են ընտրում դերասան-դերասանուհիների, ոչ ոքի պարզ չէ: Եվ թե ի՞նչ ճակատագիր են ունենում ընտրված եւ նույնիսկ «գործատուի» հետ պայմանագիր կնքած եւ դեռ այդ պայմանագրի համար էլ առնվազն 5000 դրամ վճարած դեռահաս տղաներն ու աղջիկները՝ դա եւս ոչ ոքի պարզ չէ:

Օրինակ, 17-ամյա ուսանող Հարմիկը նմանատիպ հայտարարությունների զոհերից մեկն է: «Առավոտի» հետ զրույցում նա պատմեց, որ ընկերների խորհրդով դիմել է մի ընկերության, որն իրենից գանձելով 5000 դրամ, խոստացել է ներգրավել ֆիլմերի, տեսահոլովակների նկարահանումներում, մինչեւ անգամ նորաձեւության ցուցադրություններին:

«Դա եղել է մոտավորապես մեկ տարի առաջ եւ այս մեկ տարվա ընթացքում այդ կազմակերպության կողմից ոչ մի զանգ չեմ ստացել, նույնիսկ այդ կազմակերպության անունն եմ մոռացել, վճարածս գումարը, կնքածս պայմանագիրն էլ անհետ կորել է»,- ասաց Հարմիկը:

Նմանատիպ կազմակերպությունները Հայաստանում անթիվ են ու անհամար: Սակայն նրանցից յուրաքանչյուն իրեն համարում է միակն ու ամենամենաշնորհայինը այդ ոլորտում:

«Առավոտի» հետ զրույցում «Դերասանների եւ մոդելների միջազգային կազմակերպություն CASTING.AM»-ի հիմնադիր Արկադի Հակոբյանն ասաց, որ իրենց սկսնակ եւ ոչ պրոֆեսիոնալ դերասան-դերասանուհիների աշխատելը ձեռնտու չէ: «Նման գործակալություն Հայաստանում՝ հայկական մենթալիտետի պայմաններում շատ դժվար է աշխատեցնել: Casting ասվածը հայերի համար դեռեւս խորթ արտահայտություն է: Դժվարությունն այն է, որ հայերը չեն սիրում casting անցնել, այսինքն՝ ընտրվել: Յուրաքանչյուրը կարծում է՝ ինքը ամենալավն է եւ ընտրվելու կարիք չունի»,- նշում է Արկադին:

Նշենք, որ «Դերասանների եւ մոդելների միջազգային կազմակերպություն CASTING.AM»-ը գործում է դեռեւս 1996 թվականից: Ա. Հակոբյանի խոսքով, իրենք ոչ թե մարդկանցից գումար շորթելով են զբաղվում, այլ համագործակցում միայն լուրջ ու պրոֆեսիոնալ դերասան-դերասանուհիների հետ. «90-ականներին Հայաստանում չկար կինո, ֆիլմեր չէին նկարահանվում: Որոշվեց ընտրել դերասանների եւ օգնել նրանց նկարահանվել ռուսական կամ արտասահմանյան ֆիլմերում: Հետագայում, երբ խորացանք այդ գործունեության մեջ, կազմակերպությունը դարձավ միջազգային՝ ունենալով ներկայացուցիչներ Ռուսաստանում, Ուկրաինայում եւ մի շարք այլ երկրներում: Դա մեզ հնարավորություն տվեց դրսի դերասաններին ներգրավել հայկական ֆիլմերում՝ այն ժամանակվանից, երբ սկսվեցին արտադրվել նոր ֆիլմեր, սերիալներ: Այսինքն՝ սա մեր գործունեության բնույթն է, եւ մենք հենց այնպես՝ փողոցից ոչ ոքի չենք բռնում՝ կարգում դերասան, տալիս մի կտոր տեքստ, ասում՝ անգիր արա եւ կանգնեցնում կամերայի առջեւ՝ դրա դիմաց նրանից գումար պահանջելով, ինչպես անում են բոլոր մնացած casting կազմակերպող ընկերություններն ու գործակալությունները»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ պայմաններով են ընտրվում դերասաններն ու արդյո՞ք չեն վիրավորվում պրոֆեսիոնալները «casting» ասվածից. «Մենք նրանց հատուկ չենք ընտրում, ընտրության միակ պայմանը տիպաժին համապատասխանելն է, ոչ թե այն, որ կկարողանա՞ն խաղալ, թե՞ ոչ: Պայմանագիր չի կնքվում, դերասանը մեր կողմից առաջարկվում է ռեժիսորներին եւ պրոդյուսերներին, եւ երբ համաձայնության են գալիս նրան տվյալ դերը հանձնելու հարցում, այդ ժամանակ դերասանի հետ կնքվում է պայմանագիր: Հիմնականում մեզ մոտ թատրոնի, կինոյի վաստակավոր դերասաններն են, որոնք մեծ ցանկություն ունեն նկարահանվելու արտասահմանյան ֆիլմերում, ինչը մենք նրանց համար ապահովում ենք»:

Ինչ վերաբերում է սկսնակներին, ապա Ա. Հակոբյանն ասաց. «Աշխատում ենք սկսնակների հետ գործ չունենալ: Շատ են ասում՝ ես այսինչ սերիալում եմ նկարահանվել կամ այնինչ կլիպում, բայց դա մեզ չի հետաքրքրում եւ բնականաբար առավելություն չունի: Մեզ մոտ մեծ տեղ է տրվում մասնագիտությանը, այսինքն՝ կարեւորում ենք, որ դերասանն ունենա համապատասխան կրթություն եւ խորհուրդ ենք տալիս՝ գնալ սովորել եւ հետո մեզ դիմել: Անձամբ ես չեմ ընդունում, երբ փողոցից բռնում են պատահական աղջկա կամ տղայի եւ ասում՝ արի այս կերպարը մարմնավորի: Ճիշտ է՝ շատ ինքնավստահ են, կան տաղանդավորներ, որոնք ի ծնե են դերասանական տաղանդով օժտված, բայց, իմ կարծիքով, կրթությունը պարտադիր պայման է. անկաշկանդ լինելն ու սեփական կարողությունները լավ ներկայացնելը՝ քիչ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել