Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻ ՀԻՄՔՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՊԱՏՃԱՌՆԵՐ ԵՆ

Օգոստոս 27,2010 00:00
Ուրոլոգը խորհուրդ չի տալիս հաճախակի այցելել սաունա

\"\"

«Վիճակագրության համաձայն՝ տղամարդկանց 30%-ը անպտղության խնդիր ունի: Նշեմ, որ խնդիրը կարող է լինել եւ կնոջ, եւ տղամարդու կողմից: Ինչ խոսք, առաջնահերթ՝ ավելի շատ կանայք են հետազոտվում: Տղամարդիկ դժվարությամբ են գնում հետազոտության, ամիսներ է տեւում»,- «Առավոտի» հետ տղամարդկանց անպտղության թեմայի վերաբերյալ զրուցելիս ասաց ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռաֆայել Բադալյանը:

Հետաքրքրվեցինք, թե անպտղության խնդիրներով ո՞ր տարիքի հիվանդների հետ է սովորաբար շփվում բժիշկը. «Հիմնական դիմողները 26-27 տարեկաններն են, 35-40-ը, երբեմն էլ՝ 40-ն անց: Վերջիններս էլ կամ նոր են ամուսնացել ու խնդիր ունեն, կամ էլ երկրորդ զավակին են ուզում ունենալ»,- ասում է Ռ. Բադալյանը՝ թվելով անպտղության պատճառները, որոնցից են սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները: «Ցավոք, մեր երկրում ավելի հաճախ են պատահում սեռական հիվանդությունը ժամանակին չբուժած անհատներ, քան որեւէ այլ տեղ: Եվրոպական երկրներում թե՛ հսկողությունն է ավելի շատ, թե՛ մարդիկ են ավելի ազատ դիմում մասնագետի: Մեզ մոտ բարդացված է այդ հարցը, բժշկի դիմել խուսափում են, առանց հասկանալու դրա վատ հետեւանքների մասին: Եթե տղամարդու մոտ կա սեռական ճանապարհով փոխանցված հիվանդություն, այդ մանրէները հեշտությամբ թափանցում են սերմնատար ուղիներ, ինչն էլ իր հերթին բերում է բորբոքումներ: Իսկ այդ ծորանները, որոնցով պետք է անցնեն սպերմատազոիդները, շատ բարակ են, մազի հաստություն ունեն: Այնտեղ անգամ չնչին բորբոքման դեպքում անմիջապես պատերը կպչում են իրար եւ բացվելու հավանականությունը շատ քիչ է դառնում…»,- բացատրում է բժիշկը:

Ռ. Բադալյանին վերջին շրջանում գոհացնում է այն փաստը, որ երբեմն իր այցելուները մինչ ամուսնությունը հետազոտվում են. «Նրանց մոտ հիմնականում որեւէ խնդիր չի հայտնաբերվում: Ինչեւէ, լավ է, որ որոշ մարդիկ իրենց մեջ ուժ են գտնում ու գալիս են հետազոտվելու»:

Դառնալով տղամարդկանց անպտղությանը նպաստող հանգամանքներին՝ բժիշկը նշում է, որ կան թաքնված վարակներ, որոնք չնայած չեն անհանգստացնում, բայց հետագայում վերածվում են լուրջ խնդրի:

«Երբեմն հետազոտությունից հետո պարզվում է, որ առկա է ուրեապլազմա, միկոպլազմա կամ խլամիդիա: Իսկ թվարկվածները տղամարդուն անպտուղ դարձնող առաջին պատճառներն են»,- շեշտում է բժիշկը եւ հորդորում ծնողներին՝ իրենց զավակների դեռահասության շրջանում ուշադիր լինել, որովհետեւ՝ «տղաների ամորձիների երակների լայնացումն էլ կարող է բերել անպտղության»:

Բժշկից նաեւ հետաքրքրվեցինք՝ հոգեբանական խնդիրները կարո՞ղ են հանգեցնել անպտղության. «Իհարկե: Մի հասարակ օրինակ բերեմ. եթե տղամարդը անպտուղ է՝ նա հաճախ սկսում է գանգատվել սեռական խանգարումներից, էրեկցիայի բացակայությունից, իսկ դա հիմնականում հոգեբանական գործոն է, որովհետեւ նա իրեն լիարժեք տղամարդ չի համարում: Հատկապես հայ տղամարդիկ, որոնք շատ ամաչկոտ են: Այդ կարգի տղամարդկանց համար այսօր համացանցում գործում է էլեկտրոնային նամակների տարբերակը, որի շնորհիվ տվյալ անհատը բժշկից ստանում է իրեն հուզող հարցերի պատասխանը»:

Հետաքրքրվեցի, թե արդյո՞ք արդյունավետ մեթոդ է skype-ով, առանց իրական զննումի՝ խորհուրդներ ստանալը: «Այսօր հեռաբժշկությունը զարգացման բավականին մեծ թափ է առնում: Իհարկե՝ դեմ առ դեմ կոնտակտը՝ բժշկին շատ ավելի մեծ բան է տալիս, որովհետեւ նայելով մարդու նստած դիրքին, աչքերին, խոսելու ձեւին՝ ավելի հեշտ է եզրակացություններ անել: Գործը դժվարանում է, երբ դու հիվանդին չես տեսնում, չես կարող հասկանալ ճշմարտությունը: Բայց լավ է թեկուզ skype-ով դիմել բժշկի, քան ընդհանրապես չդիմել»,- ընդգծում է ուրոլոգը:

Ավանդական հայ ընտանիքներում սկեսուր մայրիկները շատ շուտ են մտահոգվում, երբ որոշ ժամանակ զույգերին չի հաջողվում իրենց թոռնիկ պարգեւել. այս դեպքում ե՞րբ պետք է անհանգստանալ եւ դիմել բժշկի: «Երբ մեկ տարի ռեգուլյար, առանց պաշտպանվելու սեռական կյանքով ապրելուց հետո հղիություն չի լինում, այդ դեպքում են անպտղության մասին հարց բարձրացնում: Երբեմն, իհարկե, դեպքեր են լինում, որ ամուսնությունից երկու ամիս անց զույգերը մտածում են անպտղության մասին ու փորձում գնալ մասնագետների մոտ: Ծնողներն են ճնշում, իրենք էլ 10-15 մասնագետ են փոխում…»,- նշում է բժիշկը եւ հորդորում վերջ տալ անտեղի կասկածներին:

Մեր հարցին՝ ճի՞շտ է արդյոք, որ անանուխի թեյը բերում է անպտղության, բժիշկը բացասական պատասխան տվեց ու հավելեց հետեւյալը. «Այսօր անհանգստացնող հարց է դարձել բջջային հեռախոսների օգտագործումը: Հետազոտությունները հաստատում են, որ դրանք ազդեցություն ունեն սերմնահեղուկի որակի վրա, հատկապես, եթե բջջային հեռախոսը տղամարդը պահում է տաբատի գրպանում»:

Ի դեպ, ըստ Ռ. Բադալյանի՝ խորհուրդ չի տրվում նաեւ հաճախակի այցելել շոգեբաղնիք. «Մեկ անգամ սաունա մտնելիս մոտ երկու ամիս սերմնահեղուկի որակը տուժում է: Նույնը վերաբերում է տաք վաննաներին: Խորհուրդ չի տրվում նաեւ կրել սինթետիկ ներքնաշորեր, նեղ անդրավարտիքներ: Ալկոհոլի մեծ քանակությունը, թմրամիջոցների օգտագործումը նույնպես կարող են լինել անպտղության պատճառ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել