Երեկ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ցավակցական ուղերձ է հղել Վլադիմիր Մսրյանի մահվան կապակցությամբ: «Վլադիմիր Մսրյանի մահը մեծ կորուստ է Երեւանի մշակութային եւ հասարակական կյանքում։ Նա յուրահատուկ ներդաշնակ, հզոր ինտելեկտի տեր արվեստագետ էր։ Իր գործունեությամբ միավորում էր ավանդականը եւ ժամանակակիցը, ազգայինը եւ համամարդկայինը, ստեղծելով արժեքներ, որոնք հավասարապես ընդունելի են եւ մեր ժողովրդի, եւ միջազգային հանրության կողմից։ Վլադիմիր Մսրյանը մեծ հեղինակություն էր վայելում նաեւ հասարակական կյանքում։ Երեւանի ավագանու կազմում մեր համատեղ աշխատանքի ընթացքում նա զարդարում էր այդ կառույցը իր ծանրակշիռ, խոհական ներկայությամբ, լցնում շրջապատը յուրահատուկ ոգեղենությամբ, բարձրացնում հոգեւոր մակարդակը։ Նրա պակասը մենք շատ ենք զգալու մեր կյանքում եւ աշխատանքում։ Երեւանի քաղաքապետարանի, Երեւանի ավագանու եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում հայ մեծանուն դերասանի, Երեւանի պատվավոր քաղաքացու, իր հայրենիքի եւ ժողովրդի իսկական նվիրյալի, մեծ վաստակի եւ հեղինակության տեր, բայցեւ համեստ եւ զգայուն մարդու՝ Վլադիմիր Մսրյանի հարազատներին, գործընկերներին, բոլոր երկրպագուներին՝ մեծ կորստի կապակցությամբ։ Նրա հիշատակը միշտ վառ է մնալու երեւանցիների, մեր ողջ ժողովրդի սրտում։ Հավերժ խոնարհում նրա հիշատակին»,- ասված է քաղաքապետի ուղերձում: