Օպերային պրիմադոննա Հասմիկ Պապյանը դեմ չի լինի երբեւէ Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկին:
Երեւանում է օպերային երգչուհի, աշխարհի հայտնի օպերային թատրոնների ցանկալի հյուր, սոպրանո Հասմիկ Պապյանը:
«Առավոտը» իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը լսելու ակնկալիքով հանդիպեց երգչուհուն:
– Երաժշտական թատրոնը միշտ էլ համարվել է պահպանողական, որը հեշտությամբ չի հեռացել ավանդույթի ուժից: Այսօր, երբ այս ոլորտում տեղի են ունենում ուշագրավ «հեղափոխություններ», ինչպե՞ս է օպերային արվեստը տեղավորվում այդ ամենի մեջ:
– Եթե կան հետաքրքիր «հեղափոխական» մտահղացումներ՝ դա արդարացված է: Մինչդեռ, կան օպերաներ, որոնց դժվար է մեր օրեր տեղափոխելը: Ասածիս ամենավառ օրինակը Վերդիի «Աիդան» է: Իհարկե, պե՛տք է լինի ժամանակակիցը: Ինչքա՞ն կարելի է նույն թավշյա հագուստներով «անշարժ» բեմադրություններ անել: Գերմանիայում ավանդական օպերային բեմադրությունները պարզապես վերացել են, ինչը հանդիսատեսի պահանջն է: Այնտեղ իրականացվում են անչափ հետաքրքիր, ժամանակակից բեմադրություններ: Օրինակ, Դրեզդենում Վերդիի «Մակբեթը», «Նաբուկոն», «Աիդան» ներկայացված են ժամանակակից ռեժիսուրայով: Կուզեի հատկապես առանձնացնել գերմանացի բեմադրիչ Պիտեր Կոնվիչնիի «Մակբեթը»: Հակառակ դրան՝ Իտալիայում ավելի պահպանողական են…
– Բեմ եք բարձրանում առաջատար օպերային թատրոններում, բացի Մեծ թատրոնից՝ առնչվելով նորարարական մի շարք սկզբունքների հետ: Հետաքրքիր է, լինելով հայկական օպերային դպրոցի ներկայացուցիչ, ինչպե՞ս եք կարողանում համադրել տարբեր դպրոցների գեղագիտական սկզբունքները:
– Դա կախված է անհատից. եթե պատրաստված ես, տաղանդ ունես, կարող ես շատ արագ ինտեգրվել: Ինչ վերաբերում է Մեծ թատրոնին, 2009-ին թատերաշրջանի բացումը պետք է կայանար «Աիդայով»՝ գլխավոր հերոսուհու դերերգի իմ մեկնաբանությամբ: Սակայն թատրոնի վերանորոգման աշխատանքների պատճառով այն հետաձգվեց…
– Հայկական օպերաների դերերգերը հասկանալի պատճառով բացակայում են Ձեր խաղացանկից: Դա պայմանավորված է միայն նրանո՞վ, որ արեւմտյան թատրոններում հայկական օպերաներ չեն բեմադրվում, թե՞ կան ստեղծագործական այլ խնդիրներ:
– Նախ, արեւմուտքը օպերային գրականության հարուստ ժառանգություն ունի, մյուս կողմից էլ այսօրվա կոմպոզիտորները շարունակում են այդ ավանդույթները: Գուցե հերթը հայկականին չի՞ հասնում…
– Ձեր յուրաքանչյուր այցի ժամանակ ակտիվանում են խոսակցություններն այն մասին, թե Հասմիկ Պապյանը երազանք ունի՝ ստանձնել Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը…
– Եթե այս պահին լինի առաջարկ, ինձ համար դժվար կլինի կողմնորոշվել: Շարունակում եմ ակտիվ բեմական գործունեությունս, բայց եթե մի օր դադարեմ բեմ դուրս գալ, հնարավոր է մտածեմ այդ ուղղությամբ, եթե, իհարկե, առաջարկ լինի: Ի դեպ, գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելու դեպքում պետք է նվիրվես եւ ինքնամոռաց աշխատես գիշեր-ցերեկ: Վստահ եմ, ցանկության դեպքում գեղարվեստական ղեկավարի այլ թեկնածուներ էլ կգտնվեն: Ի՞նչ է, մենք այսչափ աղքա՞տ ենք տաղանդներով…
– Ազգային օպերային թատրոնում Վերդիի «Աիդայի» բեմադրիչ Մարիո Կորրադին «Առավոտի» հետ զրույցում հայտնել էր, որ դեկտեմբերին կայանալիք պրեմիերային Աիդայի դերերգով Դուք եք հանդես գալու: Շրջանառվում են ասեկոսեներ, նաեւ մասնագետների շրջանում՝ եթե Հասմիկ Պապյանը երգի-գնա, ո՞վ է լինելու հաջորդ Աիդան:
– Կորրադիի բեմադրությամբ Աիդայի դերերգով հանդես եմ եկել Ամերիկայում, Ֆրանսիայում… Կարծում եմ՝ երեւանյան «Աիդան» էլ հաջողված կլինի, քանի որ նույն ձեռագիրն է: Խաղացանկում «Աիդա» ունենալը ցանկացած թատրոնի համար ե՛ւ պարտադիր է, ե՛ւ պատվաբեր, նաեւ՝ շռայլություն: Իհարկե, ցանկալի էր մինչեւ «Աիդան» Երեւանում իրականացվեին Մոցարտի օպերաներից մի քանիսը, որպեսզի երիտասարդ երգիչները հաճախակի բեմ դուրս գային, ինչը կնպաստեր նրանց ստեղծագործական աճին: Ինչ վերաբերում է այսօրվա Աիդայի թեկնածուներին՝ Մագդա Մկրտչյան, Մարինե Դեինյան, Աննա Մնացականյան… նրանց կատարումներն էլ կլինեն ներկայանալի: