Իռլանդական լեգենդար U2 խմբի մեներգիչ Բոնոն Ռուսաստանի գլխավոր ռոք-բեմ է դուրս բերել ռուս հայտնի եւ «բողոքավորի» համբավ ձեռք բերած երգիչ Յուրի Շեւչուկին: Դա տեղի է ունեցել Բոնոյի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի համատեղ «թեյախմությունից» մեկ օր անց, որի ընթացքում Մեդվեդեւը Շեւչուկին՝ որպես ընդդիմադիր-երաժշտի, «պահեստազոր» էր ուղարկել: Բոնոն, բացի U2-ի մեներգիչը լինելուց, հայտնի է նաեւ իր հասարակական ակտիվ գործունեությամբ: Իսկ Սոչիում նախագահ Մեդվեդեւը Բոնոյի հետ հանդիպման ժամանակ ընդդիմադիր ռոքերների վերաբերյալ թափանցիկ ակնարկ էր արել, ասելով՝ «երբ մարդիկ սկսում են հասարակական գործունեությամբ մի քիչ շատ զբաղվել, երաժշտությունն ավարտվում է»:
Reuters-ի մատուցմամբ, U2-ի՝ Լուժնիկիում տեղի ունեցած համերգի ժամանակ, մինչ ոստիկանությունը ձերբակալում էր Խիմկի անտառի ծառահատման դեմ բողոքի թռուցիկներ եւ միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության բուկլետներ բաժանող կամավորներին, Բոնոն եւ Շեւչուկը կատարել են «Knocking on Heaven\’s Door» հայտնի երգը:
Դեռ ԽՍՀՄ տարիներից որպես դիսիդենտ հայտնի Շեւչուկը դարձել է ռուսական փոքրաթիվ ընդդիմության դրոշակակիրը՝ հատկապես այն բանից հետո, երբ մայիսին հրապարակայնորեն եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի աչքերի մեջ նայելով, բարձրաձայնել է Ռուսաստանում ժողովրդավարության անմխիթար վիճակի, բյուրոկրատիայի, ամենաթողության եւ կոռուպցիայի ծաղկման մասին: Անցած հանգստյան օրերին մոտ 2000 մարդ հավաքվել էր Մոսկվայի կենտրոնում, որտեղ Շեւչուկի մասնակցությամբ, ի պաշտպանություն Խիմկի անտառի, համերգ էր տեղի ունենալու: Մոսկվայի իշխանություններն ու ոստիկանությունը, սակայն, տապալել էին այդ համերգը՝ թույլ չտալով Պուշկինի հրապարակում համապատասխան սարքավորումներ տեղադրել: Արդյունքում Շեւչուկը երգել էր առանց հզորացված բարձրախոսի: Հիշեցնենք, որ ռուս չինովնիկները հատում են Խիմկի անտառը, որովհետեւ որոշել են այնտեղով դեպի Պետերբուրգ տանող արագընթաց մայրուղի կառուցել:
Ի դեպ, Խիմկի անտառի ծառահատման շուրջ իշխանությունների եւ հազարավոր ռուսների միջեւ ծագած հակամարտությունը հանգուցալուծելու համար «Միասնական Ռուսաստան» պրոկրեմլյան կուսակցության նախագահ եւ Պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը նախագահ Մեդվեդեւին խնդրել է միջամտել դրան ու դադարեցնել մայրուղու շինարարությունը: