Ինչպես ամեն տարի, այս տարի եւս կազմակերպվեցին ՀՅԴ Հայաստանի պատանեկան կազմակերպության ամենամյա միջմարզային բանակումներ, որոնք ավարտվեցին օրերս: 4 բանակումները տեղի ունեցան Դիլիջանում, դրանց ընդհանուր առմամբ մասնակցեց 600 պատանի՝ Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից եւ Ջավախքից: Յուրաքանչյուր բանակումի տեւողությունը 5 օր էր: Այս տարվա բանակումների ընդհանուր նշանաբանն էր՝ «Ճանաչենք մեր Հայրենիքը»: Մեր պատմական հայրենիքը պատանիներին ճանաչելի դարձնելու նպատակով էլ բանակումի մասնակիցները բաժանվեցին երեք ճակատների՝ «Ջավախք», «Արցախ», «Արեւմտյան Հայաստան», որոնք էլ հենց այդ շրջանների վերաբերյալ, նախապես իրենց տրամադրված նյութերի հիման վրա, կատարեցին ուսումնասիրություններ, նյութ պատրաստեցին եւ ներկայացրին մյուս խմբերին: Ծրագրում ներառված էին նաեւ դասախոսություն-քննարկումներ, մտային, ռազմամարզական եւ հրաձգության մրցույթներ, ճանաչողական եւ հետախուզական արշավներ, առաջին բուժօգնոււթյան դասընթացներ, խարույկահանդես, երգի ուսուցում: