Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ութ բուհ ուսումնասիրվել է

Օգոստոս 27,2010 00:00
\"\"Բայց ՈԱԱԿ-ը արդյունքները չի հրապարակի

Մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության որակի ապահովման՝ հավատարմագրման նոր մոտեցումները եւ մեխանիզմները փորձարկելու նպատակով ապրիլ-հուլիս ամիսներին հանրապետության 8 հաստատությունների մասնակցությամբ անցկացվել է առաջին փորձնական ծրագիրը: Հիշեցնենք, որ այս ծրագիրն իրականացնում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ): Երեկվա ասուլիսում կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը տեղեկացրեց, որ մոտեցումների եւ մեխանիզմների կիրառելիությունը դիտարկվել է «Մանկավարժության մեթոդիկա» եւ «Հայոց լեզու» մասնագիտությունների շրջանակում: Նա նաեւ հայտնեց, որ դիտարկման համար ընտրվել են փորձագետներ, որոնք պետք է այցելեին ուսումնական հաստատություններ՝ պարզելու՝ արդյո՞ք բուհը՝ լինի այն պետական, թե ոչ, օբյեկտիվ է իր գնահատման մեջ: Ըստ Ռ. Թոփչյանի՝ «Մոտեցումը բուհերի նկատմամբ նույնն է եղել՝ մի սեղանի շուրջ նստած էին պետական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, որակի պատասխանատուներ, եւ իրենց մոտեցումներն էին քննարկում: Հիմնական բանաձեւը, որն ընդունում ենք, այն է, որ որակի ապահովումը պետք է լինի կառավարելի համակարգով: Ուսումնական հաստատությունը պետք է ցույց տա իր սկզբունքները, մեթոդները եւ շահեկիցների ներգրավվածության չափը»: Տնօրենը փաստեց, որ հաստատությունները պատրաստակամությամբ են մասնակցել ծրագրին. «Դիտարկումների արդյունքում հասկացանք, որ որակի կառավարման ցիկլը մասամբ է իրականացվում ուսումնական հաստատություններում, որոշներում՝ չկա, որոշներում՝ բացահայտված չէ: Շատ գործընթացներ հստակ նկարագրված եւ փաստաթղթավորված չեն, այսինքն ուսումնական հաստատության ներկայացուցիչները՝ դասախոսը եւ ուսանողը, չգիտեն, թե ինչ կարգով են իրենց գնահատում, ինչպես է ընտրվում դասախոսը եւ այլն: Դա հենց այն մշակույթն է, որն այսօրվա դրությամբ բացակայում է ուսումնական հաստատություններում»:

Լրագրողները խնդրեցին տնօրենին ներկայացնել 8 ուսումնական հաստատություններում անցկացված փորձարկման արդյունքները: Ռ. Թոփչյանը պատասխանեց, որ դա չի կարող անել, որովհետեւ բուհերի եւ կենտրոնի միջեւ կնքված է պայմանագիր, ըստ որի՝ այն ոչ մի իրավական հետեւանք չպիտի ունենա եւ ինֆորմացիան չպետք է «բաց» ներկայացվի: Հետո էլ հավելեց. «Այդ պայմանագիրը ոչ թե կնքել եմ վախից, այլ նրա համար, որ մարդիկ լինեն բաց եւ գոնե մի անգամ մասնակցեն նման աշխատանքի: Եվ հետո, չենք կարող դնել ու ներկել ուսումնական հաստատությանը»: Ավելի ուշ, ինքն իրեն հակասելով, պարոն Թոփչյանն ասաց, որ չնայած պայմանագրի գոյությանը, հավատարմագրման ռեալ պրոցեսը սկսելուց հետո հաշվետվություն կհրապարակեն: Տնօրենի փոխանցմամբ, որոշ ուսումնական հաստատություններ են եղել, որտեղ ուսանողներից հետաքրքրվել են, թե ինչպե՞ս է տվյալ բուհում անցկացվում գնահատումը, կա՞ն այնպիսի ուսանողներ, որոնք վատ են սովորում, բայց բարձր գնահատական ստանում եւ այլն: Նա խոստովանեց, որ իսկապես նման դեպքեր եղել են: Հարցին՝ լծակներ ունի՞ կենտրոնն այդ առումով ինչ-որ բան փոխել, Թոփչյանը պատասխանեց. «Լծակն այն է, որ եթե այդպիսի բան հայտնաբերվի, նշանակում է՝ բուհերը մեր ստանդարտով չեն աշխատում, հետեւաբար՝ չեն հավատարմագրվի: Որակի ապահովումը պարտադիր է նաեւ ըստ Բոլոնիայի համակարգի»: Պարոն Թոփչյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է անելու կենտրոնը, եթե, ըստ իրենց ծրագրի, որեւէ բուհ չբավարարի կրթության որակը եւ չանցնի համապատասխան հավատարմագրումը: «Եթե ինստիտուցիոնալ աուդիտ չանցնեն, մեծ հավանականությամբ իրենց խնդիրները կներկայացնենք նախարարության լիցենզիոն վարչությանը, եւ եթե տեսնեն իրոք այդպես է՝ բուհը կզրկվի լիցենզիայից»,- պատասխանեց ՈԱԱԿ տնօրենը: Նա նաեւ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 22-23-ին կկազմակերպվի համաժողով, որտեղ միջազգային փորձագետներն իրենց առաջարկները կգնահատեն միջազգային չափորոշիչների ու չափանիշների հետ համադրելիության տեսանկյունից՝ հետագայում մեր երկրում իրականացված որակի ապահովման գործընթացների միջազգային ճանաչումն ապահովելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել