Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՅՐԻ ՈՒՏԵԼԱԲՈՒՅՍԻՑ՝ ԷԿՈՏՈՒՐԻԶՄ

Օգոստոս 27,2010 00:00

Հայ գիտնականները վստահ են, որ պետական ճիշտ քաղաքականության դեպքում մեր երկրում կարող է զարգանալ էկոտուրիզմը: Այդ իմաստով բնությունը հայերիս նկատմամբ բավականին առատաձեռն է գտնվել: Մեզանից պահանջվում է ընդամենը մի փոքր սրտացավ լինել՝ ունեցածը չփչացնելու համար եւ որոշակի ներդրումներ կատարել վայրի բնության սիրահար զբոսաշրջիկներին գրավելու ուղղությամբ:

Բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի աշխատակից, գիտությունների թեկնածու Ռոլանդ Ղազարյանը ցավով է խոսում վայրի բնությունն անխնա ոչնչացնողների մասին: Գիտնականը, որ հաճախ է լինում Հայաստանի մարզերում՝ նկատել է, թե տարեցտարի ինչպես են անհետանում հատկապես վայրի ուտելաբույսերը: «Դրանք մեր ազգային հարստությունն են, որոնցով ոչ միայն կարելի է գումար վաստակել, այլեւ օգտագործել սելեկցիոն աշխատանքներում»,- վստահ է գիտնականը:

Վայրի ուտելաբույսերն ու հատիկաընդեղենները, գիտնականի ասելով, բոլոր պայմաններում դիմակայելու հատկություն ունեն, ինչն այդ բույսերին թույլ է տալիս զարգանալ նաեւ երկրագնդին սպառնացող գլոբալ տաքացման պայմաններում: «Օրեցօր ահագնացող այդ վտանգին հավուր պատշաճի պետք է նախապատրաստվենք նաեւ մենք՝ հայ գիտնականներս. ոչ միայն հայտնաբերենք բարձր ջերմաստիճանին դիմակայող, սպառման ենթակա ուտելաբույսեր, այլեւ պահպանենք ու բազմացնենք բնության տվածը»,- կարծում է Ռոլանդ Ղազարյանը: Ուսումնասիրությունների ընթացքում գիտնականը Գեղարքունիքի մարզի Գագարին ավանում, երկու հեկտար տարածքի վրա, բազմաթիվ վայրի մշակաբույսեր է հայտնաբերել, որոնք, իր կարծիքով, կգայթակղեն օտարերկրացիներին, եթե տվյալ տեղանքը ճիշտ կազմակերպվի որպես զբոսավայր. «Նման տարածքներ մեզ մոտ շատ կան. բնության շռայլածը չենք կարողանում ըստ արժանվույն գնահատել: Ավելի ճարպիկ ազգերը հաստատ ֆինանսական օգուտ կքաղեին, մինչդեռ մենք փչացնում ենք՝ առանց խնայելու»:

Այդ տրամաբանությամբ էլ տարիներ առաջ սեփականաշնորհեցին «Էրեբունի» թանգարանի շրջակայքում գտնվող արգելոցի որոշ հատվածներ՝ դրանք վերածելով բնակատեղիի: Անցած դարի 50-ականներին՝ 100 հեկտարի վրա ստեղծված այդ արգելոցի սահմանները աստիճանաբար նվազեցին՝ ի հաշիվ առանձնատների: Մինչդեռ, հենց այդ տեղում էին աճում վայրի ցորենի եւ գարու այնպիսի տեսակներ, որպիսիք չեն հանդիպում Հայաստանից դուրս: Գիտնական Ղազարյանի փոխանցմամբ՝ աշխարհին հայտնի ցորենի 4 վայրի տեսակներից երեքն աճում էին արգելոցի հենց այդ տարածքում, որոնց մի մասը տնաշինության ժամանակ հնձեցին-ոչնչացրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել