Օրերս Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզի Դիլիջանի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանների համայնքների ղեկավարներ, սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների տնօրեններ, մարզպետարանի աշխատակիցներ: Խորհրդակցությունը լրագրողների համար փակ է եղել: Սա Վերահսկիչի բացահայտումներին առնչվող երկրորդ խորհրդակցությունն է Տավուշի մարզպետարանում: Առաջինը հուլիսի 29-ին էր, որին ներկա էին նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի անդամները:
Մեր տեղեկություններով, շուրջ 3 ժամ տեւած խորհրդակցության ընթացքում մի հարց է քննարկվել` Տավուշի մարզում ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում բացահայտված ընտանեկան նպաստի նշանակման օրենսդրության խախտումները: Որոշ համայնքապետարաններ նպաստառուների ունեցած հողի եւ անասունների վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկանքներ են տվել, քիչ չեն քաղաքացիների բնակարաններում օտար անձանց, ընտանիքի անդամ չհանդիսացող մարդկանց գրանցելու դեպքերը, որոշ համայնքապետարանների կողմից տրված բնակարանների վթարայնության տեղեկանքները Վերահսկիչի ստուգողները համարել են ժամկետանց եւ այլն: Մարզպետը մեկ առ մեկ անդրադարձել է բոլոր դեպքերին, լսել համայնքապետերի բացատրությունները: Արմեն Ղուլարյանը համայնքապետերին առաջարկել է առարկություններ ներկայացնել Վերահսկիչի բացահայտումների կապակցությամբ:
Մեր աղբյուրը հայտնում է, որ մարզպետ Ղուլարյանը Նոյեմբերյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության տնօրեն Սամվել Բեգլարյանի հասցեին ռեպլիկ է հնչեցրել, թե՝ Վերահսկիչի քո ընկերներին չհայտնես, բան չասես: Սրան հետեւել է Սամվել Բեգլարյանի բուռն եւ երկարատեւ հակազդեցությունը, որ ինքը երբեք «խաբար տվող», «խոսք տանող-բերող» չի եղել ու չի լինի: Ասում են՝ սրանից հետո մարզպետը ստիպված է եղել նահանջել, ասելով, որ կատակ է արել:
Հիշեցնենք, որ Վերահսկիչ պալատի ստուգումները Տավուշի մարզում սկսվել էին մայիսի 12-ին եւ ավարտվել հուլիսի 2-ին: Վերահսկիչի հաշվետվությունը դեռ պաշտոնապես չի հրապարակվել: