Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը

Օգոստոս 27,2010 00:00

Panorama.am-ի հաղորդմամբ, Իրանի Իսլամական Հանրապետության IRNA պաշտոնական լրատվական գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ այդ երկրի փոխնախագահ Համիդ Բաղային ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: Գործակալության հաղորդմամբ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակիցների կողմից Իրանի գրավման 70-րդ տարելիցի կապակցությամբ օգոստոսի 25-ին կազմակերպված «Իրան. Հաղթանակի կամուրջ» համաժողովում ունեցած ելույթում երկրի փոխնախագահ, մշակութային ժառանգության եւ զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Համիդ Բաղային խոսել է աշխարհամարտի արդյունքում Իրանին պատճառված վնասի հարցը միջազգային հանրության առջեւ բարձրացնելու անհրաժեշտության մասին եւ այդ համատեքստում օրինակ բերել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ հայ ժողովրդի ցուցաբերած հետեւողականությունը: Ի պատասխան այն հարցերի, թե խնդրի վաղեմությունն անցել է եւ անհնար է հետեւողականություն ցուցաբերել, փոխնախագահ Բաղային պարզաբանել է, որ նմանօրինակ նախադեպերը բազմաթիվ են: «Չնայած Ճապոնիան պատերազմում հիմնական կողմ էր, այն ներկայումս ատոմային ռումբերից հասցված վնասի համար Ամերիկայից փոխհատուցում ստանալու պահանջատեր է դարձել»,- նշել է նա եւ շարունակել օրինակները. «Օսմանյան կառավարությունը մոտ 100 տարի առաջ՝ 1915 թվականին ցեղասպանություն է իրականացրել որոշ քանակությամբ հայերի նկատմամբ: Ներկայումս, չնայած Օսմանյան կայսրությունը վերացել է, Հայաստանի կառավարությունը Թուրքիայից պահանջում է, որ պաշտոնապես ներողություն խնդրի եւ փոխհատուցում վճարի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել