Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան պետք է անվավեր ճանաչի

Օգոստոս 27,2010 00:00

Թուրքիայի իշխանական շրջանակները շարունակում են լուծումներ փնտրել՝ կապված Թուրքիայի իշխանությունների կողմից Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված խայտառակ ճառի հետ, որը վերաբերում է Հրանտ Դինքի սպանությանը, տեղեկացնում է yandex. ru-ն: Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը թուրքական CNN-ով հայտարարել է, որ թուրքական իշխանությունները պետք է անվավեր ճանաչեն Եվրոդատարան ուղարկված՝ Դինքի սպանության հետ կապված ճառը: Հիշեցնենք, որ այդ ճառում, որի մասին բացասական են արտահայտվել թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, Դինքը համեմատվում էր նեոացիստների հետ, ասվում էր, որ, իբր, Հրանտ Դինքը թուրքերի դեմ ատելություն է քարոզել: Թուրքիայի ՆԳ նախարարի խոսքերով, նոր ճառում պետք է ներառված լինեն նաեւ Դինքի ընտանիքի առաջարկները: Այս աղմուկ բարձրացրած ճառը քննարկել են Թուրքիայի ներքին գործերի, արտաքին գործերի եւ արդարադատության նախարարները, ապա քննարկմանը միացել է նաեւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ որոշում են կայացրել փոխել ճառը: Նշենք, որ օրեր առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր էր ճանաչել այն բանում, որ նա չէր կանխել Ստամբուլի հայ լրագրող, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը եւ պատշաճ չէր կազմակերպել հետաքննությունը, որպեսզի հանցագործությունը բացահայտվեր: Նաեւ նշված էր, որ Եվրոպական դատարանը Դինքի սպանության հետ կապված որոշումը կհրապարակի սեպտեմբերին: Հիշեցնենք, որ Բաքու կատարած իր այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել էր, որ պետությունը ոչինչ չձեռնարկեց, որպեսզի կանխեր Հրանտ Դինքի սպանությունը, եւ այցից մի քանի օր հետո նա իր մոտ հրավիրեց Դինքի եղբորը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել