Լրահոս
Օրվա լրահոսը

Այ քեզ «Առլեկինո»

Օգոստոս 27,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, օգոստոսի 24-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնի բաժին ահազանգել են, որ որովայնի վերքերով իրենց մոտ է տեղափոխվել երկու երիտասարդ:

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ երիտասարդները բնակվում են Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Նրանք են՝ 18-ամյա Արամ Գրիգորի Մնացականյանը եւ 17-ամյա Ազատ Վաչագանի Մկրտչյանը:

Երիտասարդները մարմնական վնասվածքները ստացել էին նույն օրը՝ Իսահակյան փողոցում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց գտնվող «Առլեկինո» կարաոկե ակումբի դիմաց: Մեզ հայտնի դարձավ, որ երեկ արդեն ոստիկանության Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերել են երիտասարդներին դանակահարած անձին: Նա Երեւանի Թադեւոսյան փողոցի 7-րդ շենքի 21-ամյա բնակիչ Նարեկ Գեւորգի Սարգսյանն է: Նարեկ Սարգսյանը Կենտրոնի ոստիկանության կողմից երեկ տեղափոխվել էր Երեւանի ոստիկանության վարչության ձերբակալված անձանց պահման մեկուսարան: Տեղի ունեցած միջադեպի հանգամանքները կպարզի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնի քննչական բաժինը, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանություն եւ անձին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ:

Մեր տեղեկություններով, երեկ օրվա երկրորդ կեսին քննչական մարմինը դիմելու էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Նարեկ Սարգսյանի նկատմամբ կիրառվի երկամսյա կալանք: Հետաքրքիրն այն է, որ վիճաբանության ժամանակ, որն ավարտվել է դանակահարությամբ, ԿԸՀ-ում գտնվող իրենց ծառայությունը կատարող ոստիկանության աշխատակիցները կամ չլսելու, կամ չտեսնելու են տվել տեղի ունեցածը: Իսկ հարեւանությամբ բնակվողները մեզ հետ զրույցում ասում էին, որ եթե ԿԸՀ-ի ոստիկանները միջամտեին, հավանաբար խուլիգանությունը դանակահարության չէր հասնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել