Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԵՂՃ ԳՅՈՒՂԱՑԻՆ ԴԱՌԸ ԴԱՏԻ, ԴԱՏԱՐԿ ՆՍՏԻ……

Օգոստոս 27,2010 00:00

\"\"Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի բնակիչ Աշոտ Խաչատրյանը բողոք-նամակներ է ուղարկել ՀՀ նախագահին, ՀՀ կառավարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, մարզպետարան, ոստիկանապետին, գլխավոր դատախազին, հանրապետական գյուղապետին, լրատվամիջոցներին: «Ինձ մոտ կա տեսաերիզ, փաստաթղթեր, որոնց ծանոթանալով՝ կտեսնեք, թե ինչ են անում հասարակ գյուղացու գլխին»,- ահազանգում է Ա. Խաչատրյանը, սակայն, ըստ նրա, որեւէ մեկը հարցին լուծում չի տալիս, մեկը մյուսի վրա է գցում:

Ա. Խաչատրյանը դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմ, դժգոհելով տեղի ոստիկանապետից ու մարզպետարանից, սակայն նախագահի աշխատակազմը բարեխիղճ փոստատարի դեր ստանձնելով, գյուղացու բողոքն ուղարկել է նույն այն պաշտոնատար անձանց, ովքեր ասում են, թե իրենց դեմ խաղ չկա:

ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմում-բողոքն էլ ուղարկվել է Ա. Խաչատրյանին: Դատախազությունն այս դեպքում ստանձնել է հանրային պաշտպանի դեր, տեղեկացնելով, որ անձը կարող է դիմել դատարան՝ հարցը դատական կարգով լուծելու:

Գյուղացին դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ընդդեմ «Քարակերտ» ջրօգտագործման ընկերության, պահանջելով վնասի փոխհատուցում:

Ա. Խաչատրյանը դատարանում հայտնել էր, թե «Քարակերտը» պարտավորվել է ջրի օգտագործման դիմաց, ըստ գրաֆիկի, իրեն ապահովել ոռոգման ջրով, իսկ ինքն էլ պարտավորվել էր վարձավճարը մուծել: Միայն 2008թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին գյուղացին ոռոգման ջրի համար 19 000 դրամ վարձ է տվել, սակայն պատասխանող կազմակերպությունն իր պարտականությունները չի կատարել, որի հետեւանքով ձմերուկի դաշտը չորացել է, եւ նա եկամուտ չի ստացել: Ի դեպ, քաղաքացին «Առավոտին» է տրամադրել Արմավիրի մարզպետարանի հանձնարարությամբ Մյասնիկյան համայնքի հանձնաժողովի արձանագրությունը, որի համաձայն՝ Ա. Խաչատրյանին պատճառված վնասը կազմել է 316 260 դրամ: Միայն 0,18 հա հողամասի նորմալ բերքատվության համար Ա. Խաչատրյանը ներդրել է 142 500 դրամ՝ վարելու (24 000 դրամ), պարարտանյութի (39 000 դրամ), բուժանյութի (13 000 դրամ), սերմնացանի (12 000 դրամ), տեխնիկական միջոցների ծախսերի համար (մնացյալ գումարը):

«Քարակերտն» էլ դատարանում պնդել էր, որ գյուղացին «իր կողմից ոռոգվող հողատարածքներն ապօրինի է մշակել, քանի որ Ա. Խաչատրյանը նշված հողատարծքը մշակելու համար չունի համապատասխան պայմանագիր կամ տեղեկանք»:

«Քարակերտը» նաեւ հայտնել էր, որ Ա. Խաչատրյանը, այնուամենայնիվ, կատարել է մասնակի վճարումներ, հրաժարվելով «մյուս ոռոգումների մատյանները» ստորագրել:

«Դատակոչվել» են այդ ժամանակահատվածում Խաչատրյանի կողմից մշակված կուլտուրաները, պարզվել է, որ դրանք «տվյալ ժամանակահատվածի համար գտնվել են նորմալ վիճակում» (դատարանին ներկայացվել էին Մյասնիկյան համայնքի գյուղապետարանի եւ «Քարակերտ» ՋՕ ընկերության համատեղ ուսումնասիրության արդյունքները):

Դատարանը, իհարկե, չկանգնեց գյուղացու պահանջների կողքին, նրա հայցը մերժեց:

Ա. Խաչատրյանն ասում է, որ դրանից հետո սկսվել են իր նկատմամբ սպառնալիքներ, անծանոթ անձինք իրեն առեւանգել են, մի քանի օր հետո դիմել է տեղի ոստիկանապետին: Ա. Խաչատրյանի ահազանգի հետ կապված՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժինը հայտնում է, որ դիմումում բարձրացված հարցերը չեն համապատասխանում իրականությանը, ուստի (բառացի մեջբերում ենք). «նախապատրաստված նյութերը եզրակացությամբ կցվել են շարք եւ հանձնվել բաժնի քարտուղարություն՝ արխիվում պահելու համար»: Բայց չէ՞ որ խեղճ գյուղացին արխիվի համար չէր դիմել ոստիկանությանը, այլ իր նկատմամբ կատարված ոտնձգությունների…

Ա. Խաչատրյանը հնարավորություն չի ունեցել բողոքարկել երկրորդ ատյանի դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել