Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՄԱՂԲԻՑ ԳԱԶ ՍՏԱՑԵՔ, ԱՂՋԻԿՆԵՐԻՆ՝ ԼՈՂԻ ՏԱՐԵՔ

Օգոստոս 27,2010 00:00

«Առավոտի» ընթերցող Էդիկ Համբարձումյանը 1-2 առաջարկություն ունի մեր կառավարությանը, ուստի դիմել է մեր թերթին, հույս ունենալով, որ այսպես նրա առաջարկներն ավելի շուտ տեղ կհասնեն: Օրերս Է. Համբարձումյանը ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկով տեսել է, թե ռուսներն ինչպես են գոմաղբից մեթան գազ ստանում, ինչն էլ առաջարկում է կիրառել նաեւ մեր գյուղերում: Է. Համբարձումյանի պատմելով՝ «3 կովի 1 օրվա գոմաղբից ստանում էին մեթան գազ, որը վառվում է 26 ժամ: Այդ գոմաղբը ջրիկացնում էին, հետո անցկացնում պոմպի միջոցով»: Պարոն Համբարձումյանը գյուղատնտեսության նախարարությանը կոչ է անում օգնել Հայաստանի այն համայնքներին, որոնք գազիֆիկացված չեն եւ գոմաղբի միջոցով գազ ստանալ. «Դա շատ ձեռնտու է գյուղացիներին, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչքան աղքատ գյուղեր կան»:

Էդիկ Համբարձումյանի մյուս առաջարկն ուղղված է արտակարգ իրավիճակների եւ կրթության ու գիտության նախարարություններին: Պարոն Համբարձումյանը շատ մտահոգված է կլիմայի փոփոխմամբ եւ գլոբալ տաքացմամբ, որի հետեւանքով տարաբնույթ աղետներ են տեղի ունենում. «Մի երկրում երաշտ է լինում, մյուսում՝ ջրհեղեղներ: Մեր երկիրը որքանո՞վ է պատրաստ նման արտակարգ իրավիճակներին: Եթե, Աստված չանի, մեզ մոտ ջրհեղեղ լինի, մեր բնակչության մի զգալի հատված անգամ լողալ չգիտի»: Սա պարոն Համբարձումյանը բացատրում է նրանով, որ Հայաստանը ծովափնյա երկիր չէ. «Հատկապես աղջիկ երեխաների բացարձակ մեծամասնությունը լողալ չգիտի: Լողավազանները վճարովի են, իսկ ծնողների մեծ մասը վճարունակ չեն: Խորհրդային տարիներին աշակերտներին դպրոցից տանում էին լողի դասերի: Առաջարկում եմ արտակարգ իրավիճակների եւ կրթության նախարարներին կազմակերպել լողի պարտադիր պարապմունքներ: Դա նաեւ առողջ սերունդ ունենալու խնդիր է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել